ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը փետրվարի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին:
Գևորգ Մանթաշյանը նորանշանակ դեսպանին ներկայացրել է նախարարության գործունեությունն ու ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր, անդրադարձել է հայաստանյան ստարտափ էկոհամակարգի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին, պետություն-մասնավոր գործընկերության հենքով իրականացվող «Ինժեներական քաղաք» ծրագրին, երկրում իրենց գործունեությունը ծավալող անդրազգային ոլորտային խոշոր ընկերություններին, ներդրումային քաղաքականության զարգացմանը խթանող պետական նախաձեռնություններին և այլն:
Դեսպանն իր հերթին ներկայացրել է Հայաստանի հետ իրականացվող համատեղ ծրագրերն, անդրադարձել է երկրում տեխնոլոգիական ոլորտի դինամիկ աճին՝ ընդգծելով Հայաստանի հետ փոխգործակցությունը խորացնելու Էստոնիայի հետաքրքրությունն ու կամքը:
Կողմերը քննարկել են նաև թվայնացման, էստոնական ընկերությունների հետ համագործակցության զարգացման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող և փոխգործակցության ամրապնդմանը նպաստող մի շարք այլ հարցեր: Ձեռք են բերել պայմանավորվածություններ հետագա քայլերի և անելիքների վերաբերյալ:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն