«Քաղաքական առումով՝ Արեւմուտքն ուզում է, որ սահմանները բացվեն, որովհետեւ այդ դեպքում Ռուսաստանի դերն է նվազում տարածաշրջանում․․․երկրորդ խնդիրն էլ կա․ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, իսկ Ռուսաստանը մշտապես պայքարում է իր սահմաններին ՆԱՏՕ-ի ռազմաբազաների մոտեցման դեմ։ Թուրքիայի դեպքում ՆԱՏՕ-ն տնտեսապես է մոտենալու Ռուսաստանին՝ Հայաստանի միջոցով», – «Հայ-թուրքական սահմանի տնտեսական նշանակությունը» խորագրով քննարկման ժամանակ այսպիսի մոտեցմամբ հանդես եկավ Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
Գագիկ Մակարյանը վստահ չէ, որ Ռուսաստանը «հեշտ ու հանգիստ» թույլ կտա հայ-թուրքական սահմանի վերաբացում։
Նրա կարծիքով՝ իր դերի հնարավոր նվազման պատճառով Ադրբեջանը եւս կարող է դիմադրել սահմանի վերաբացմանը։
Կարդացեք նաև
Տարածաշրջանային ծրագրեր, որոնցից ՀՀ-ն պետք է օգտվի
Մակարյանը հավելեց, սակայն, որ կան գլոբալ ծրագրեր, որոնք Հայաստանը պետք է օգտագործի իր գինը թանկացնելու համար։ «Առաջինը Միջին միջանցքն է, որը կարող է ձախողվել եթե տարածաշրջանում կոնֆլիկտներ լինեն։ Երկրորդը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարն է, որը նույնպես կարող է կոնֆլիկտների դեպքում ձախողվել։ Եվ վերջին կարեւոր ծրագիրն է՝ Կանաչ էներգիայի միջանցքը, որը կապում է Ադրբեջանը, Վրաստանը, Բուլղարիան, Ռումինիան, Հունգարիան, այնտեղից էլ՝ Եվրոպան»։
Գագիկ Մակարյանն ընդգծում է՝ Հայաստանը պետք է գնահատի այս հանգամանքները։
Նա նաեւ առաջարկեց, որ հայ-թուրքական սահմանի՝ արեւմտյան հորդորների ներքո բացվելու դեպքում, ՀՀ-ն ԵՄ-ից քվոտաներ պահանջի, քանի որ Թուրքիան Հայաստանի համար ծառայելու է հիմնականում որպես տարանցիկ ճանապարհ դեպի Եվրոպա, բայց անգամ Եվրոպայում Հայաստանը շատ բան չունի առաջարկելու։ Տեսակետն ապացուցելու համար Մակարյանը հիշեցրեց՝ տարեցտարի Հայաստանի առեւտուրը ԵՄ-ի հետ նվազում է, մինչդեռ ԵԱՏՄ-ի հետ՝ ավելանում։
Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը պնդեց՝ եթե Թուրքիան մեզ հետ նախապայմաններով է խոսում, մենք նույնպես պետք է նախապայմաններ առաջ քաշենք։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ