Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատավարձի աճը մոտավորապես 40 տոկոսով ավելի է, քան գնաճը, և սա էական ցուցանիշ է. Փաշինյան

Փետրվար 27,2025 16:58

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունն ընդունել է «ՀՀ Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» որոշում: Ըստ այդմ՝ գործադիրը հավանություն է տվել զեկույցին` համաձայն հավելվածի: Այն կներկայացնի ՀՀ Ազգային ժողով:

Ինչպես նշել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Կառավարությունը յուրաքանչյուր տարի մինչև մարտի 1-ը Ազգային ժողով է ներկայացնում իր ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույց: Նշվել է, որ զեկույցը մշակվել է բոլոր շահագրգիռ մարմինների մասնակցությամբ: Այն ներառում է Կառավարության ծրագրի կատարման վերաբերյալ արդյունքային և թվային ցուցանիշներ, որոնք ներկայացված են հետևյալ բաժիններով՝ Նախաբան,    Արտաքին քաղաքականություն, Պաշտպանություն, Տնտեսություն, Ենթակառուցվածքների զարգացում, Մարդկային կապիտալի զարգացում, Իրավունք և արդարադատություն, Ինստիտուցիոնալ զարգացում:

«Զեկույցում ներառված են նաև 2024 թվականի՝ Հայաստանի սոցիալ-տնտեսական պատկերը նկարագրող ցուցանիշները, ինչպես նաև միջազգային հեղինակավոր մի շարք վարկանիշներում Հայաստանի առաջընթացի վերաբերյալ տվյալները, որոնք ևս ի ցույց են դնում Կառավարության նախաձեռնած բարեփոխումների բովանդակությունն ու արդյունքները», -ասել է փոխվարչապետը:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն  ավանդաբար մանրամասն քննարկվում է ԱԺ-ում: Վարչապետն անդրադարձել  է   Վիճակագրական կոմիտեի վերջին հրապարակումներին՝ 2024 թվականի սոցիալ-տնտեսական արդյունքների մասին վիճակագրությանը, որի համաձայն՝ ՀՀ-ում արձանագրվել է  ՀՆԱ-ի  5,9 տոկոս իրական աճ: Երկրի ղեկավարը հիշեցրել է, որ 2021-ի խորհրդարանական ընտրություններին սահմանված նպատակադրումը միջինում 7 տոկոս տնտեսական աճ ապահովելն է եղել. «2021 թվականին ապահովվել է 5,8 տոկոս տնտեսական աճ, 2022-ին՝ 12,6 տոկոս, 2023-ին՝ 8,3 տոկոս, հետևաբար, մեր նպատակային ցուցանիշը՝ տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճը, ապահովված է»:

Հաջորդիվ վարչապետը ներկայացրել է աշխատատեղերի 2024 թվականի ցուցանիշը և հիշեցրել, որ այս թվաբանության մեջ ներառվում են աշխատավարձով ապահովված աշխատատեղերը: «2024 թվականի արդյունքներով Հայաստանում այդպիսի աշխատատեղերի թվաքանակը կազմել է 760 555, որը 2018 թվականի հունվարի ցուցանիշից ավելի է 203 875-ով կամ 36.6 տոկոսով: Այսինքն՝ 2018 թվականից ի վեր Հայաստանում ստեղծվել է ավելի քան 203 հազար աշխատատեղ, որը, կարծում եմ, որպես բացարձակ թիվ և որպես տոկոսային աճ, շատ էական է: Բայց ուզում եմ ընդգծել, որ 2024 թվականի աշխատատեղերը 37 882-ով կամ 5.2 տոկոսով ավելի են նաև 2023 թվականից: Այսինքն՝ աճի այդ դինամիկան տարեցտարի ավելանում է: Ուզում եմ ուրախությամբ ընդգծել, որ այդ դինամիկան պահպանվում է նաև  2025 թվականի հունվարին, և, մասնավորապես, 2025 թվականի հունվարին 2024 թվականի հունվարի նկատմամբ ունենք 41 124-ով ավելի աշխատատեղ, 2018 թվականի հունվարի նկատմամբ՝ 200 հազարից ավելի աշխատատեղ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձել է նաև միջին ամսական աշխատավարձի ցուցանիշին, որը 2024 թվականի արդյունքներով կազմել է 287 172 դրամ, այն  2018 թվականի նկատմամբ ավելի է 114 445 դրամով կամ 66.3 տոկոսով. «Բայց ուզում եմ այս ցուցանիշը համադրել նույն ժամանակահատվածի գնաճի հետ: Հիմա մենք տեսնում ենք, որ 2018 թվականի միջին աշխատավարձը 66.3 տոկոսով ավելի է, քան 2018 թվականինը: Իսկ գնաճը 2018 թվականի նկատմամբ եղել է 25.3 տոկոս. այսինքն՝ մեր մոտ աշխատավարձի աճը մոտավորապես 40 տոկոսով ավելի է, քան գնաճը, և սա էական ցուցանիշ է»,-ասել է վարչապետը և հավելել. «Պետք է հաշվի առնել, որ գնաճի ազդեցությունը տարբեր է աշխատող և չաշխատող քաղաքացիների համար։ Պարզ է, որ այն մարդիկ, որոնք չեն աշխատում, գործազուրկ են, գնաճի ցուցանիշն այլ կերպ են զգում իրենց վրա, իսկ նրանք, որոնք աշխատում են և աշխատավարձ են ստանում՝ այլ կերպ»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ 2024 թվականին 2023 թվականի համեմատ գնաճը եղել է ընդամենը 0.3 տոկոս, մինչդեռ աշխատավարձի աճը 2024-ի արդյունքներով 2023-ի նկատմամբ եղել է 6.4 տոկոս: «Եթե զուտ մեխանիկորեն նայենք, ըստ էության, ստացվում է, որ տասնյակ անգամով ավելի մեծ է եղել աշխատավարձի աճը: 2025 թվականի հունվարին միջին աշխատավարձը, որը կազմել է 296 651 դրամ, 2018 թվականի հունվարի նկատմամբ ավելի է 126 594 դրամով կամ 74 տոկոսով:  Իսկ գնաճը  2025 թվականի հունվարին 2018 թվականի հունվարի նկատմամբ գնաճը կազմել է 27 տոկոս, աշխատավարձի աճը՝ 74 տոկոս: 2025-ի հունվարին նախորդ տարվա հունվարի նկատմամբ արձանագրվել է 1.7 տոկոս գնաճ, բայց աշխատավարձերի աճը կազմել է 4.6 տոկոս: Այսինքն՝ այստեղ էլ աշխատավարձերի աճը կրկնակիից ավելին է՝ գնաճի համեմատ»,– նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ 2018 թվականից 2024 թվականը ներառյալ 2017 թվականի համեմատ Հայաստանի տնտեսությունն աճել է 43,5 տոկոսով. «Մեր տնտեսությունը վերջին 7 տարիների ընթացքում աճել է 43,5 տոկոսով: Սա ահռելի աճ է, սա նշանակում է, որ մենք տարեկան միջինում 6,1 տոկոսից ավելի տնտեսական աճ ենք ապահովել»: 

Վարչապետը շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքի համար. «Մեզ, երբեմն, մեղադրել են, որ ճգնաժամային կառավարումը կա՛մ վատ ենք իրականացնում կա՛մ չենք իրականացնում և այդպես շարունակ: Բայց, ըստ էության, 2018 թվականից, շատ թե քիչ ոչ այդպիսին եղել է միայն 2019 թվականը, մնացած բոլոր թվերը եղել են, ըստ էության, ճգնաժամային կառավարման տարիներ, և այս ճգնաժամային կառավարման պայմաններում միջինում 6,1 տոկոս տնտեսական աճ ենք ապահովել ՀՀ-ում, ինչը, կարծում եմ, առավել քան լավ և գնահատանքի արժանի ցուցանիշ է»:

Երկրի ղեկավարը նշել է, որ առկա է նաև այլ ըմբռնում՝ տնտեսական քաղաքականությունները պետք է վերանայել նոր փուլի մեջ մտնելու տրամաբանությամբ: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ ավարտական փուլում է գտնվում հայեցակարգային փաստաթուղթը՝ տնտեսական քաղաքականության նորացված ռազմավարությունը:  Այդ համատեքստում վարչապետն ընդգծել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, որը պետք է իր ազդեցությունն ունենա Կառավարության գործունեության բոլոր ոլորտներում. «Եվ ես հույս ունեմ, որ Կառավարության մեր բոլոր գործընկերները նույնպես ակտիվ մասնակցություն կունենան այդ գաղափարախոսության մշակմանը և որդեգրմանը: Իհարկե, տնտեսական քաղաքականության նրբությունները պետք է քննարկենք նաև գործարար համայնքի ներկայացուցիչների հետ»:   

Ամփոփելով խոսքը՝  Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ-ն շարունակում է լինել կայուն տնտեսական զարգացման ուղեծրի վրա: Գործադիրի ղեկավարը կրկին շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքի համար պետական կառավարման համակարգի բոլոր մարմիններին ու աշխատակիցներին, ինչպես նաև ՀՀ գործարար համայնքի ներկայացուցիչներին,  հարկ վճարողներին. «Մենք համատեղ աշխատանքով պետք է գեներացնենք, այդ թվում՝ բյուջետային միջոցներ, մեր պետության կարիքները հոգալու և մեր պետության զարգացումն ապահովելու համար»:

Կձևավորվի կրիպտոակտիվների հստակ կարգավորման դաշտ՝ հաճախորդների շահերի պաշտպանության բավարար մեխանիզմներով և շուկայի թափանցիկ գործունեությամբ

Կառավարությունը հավանություն է տվել «Կրիպտոակտիվների մասին» օրենքին և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին:

Ինչպես նշել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, կիպտոակտիվների շրջանառության ծավալների մեծացմանը զուգընթաց բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, զգալի չափով մեծացել է հասարակության ներգրավվածությունը այս ոլորտում: «Կարգավորման դաշտի բացակայության արդյունքում առաջանում են իրավական խնդիրներ՝ կապված կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցելու, պետական մարմինների հետ առնչվելու կամ համագործակցելու, հաճախորդների և ներդրողների հետ երկարաժամկետ ու կայուն հարաբերություններ ձևավորելու հետ: Կրիպտոակտիվների ոլորտի ակտիվության հետ միաժամանակ առաջացել են մի շարք ռիսկեր, որոնք մեծամասամբ կապված են հաճախորդների շահերի պաշտպանության բավարար մեխանիզմների բացակայության և կրիպտոակտիվների ու դրանց հիմքում ընկած տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման նպատակով կիրառելու վտանգների հետ: Բացի այդ, կրիպտոակտիվների շրջանառության ծավալների շարունակական աճը կարող է ստեղծել նաև ֆինանսական կայունության ռիսկեր: Մասնավորապես, հաճախորդների շահերի անբավարար պաշտպանվածությունը թույլ չի տալիս ներգրավել մեծ թվով հաճախորդներ և նրանց հասանելի դարձնել բարձրորակ ծառայություններ, ինչպես նաև հնարավորություն տալ մասնակցել տարաբնույթ ծրագրերի ֆինանսավորմանը նոր թողարկված կրիպտոակտիվներում ներդրումներ կատարելով, իսկ ՓԼ/ԱՖ և այլ ռիսկերը սահմանափակում են կրիպտոէկոհամակարգի և ֆինանսական համակարգի պատշաճ ինտեգրման և փոխշահավետ համագործակցության հնարավորությունները»,-ասել է ֆինանսների նախարարը:

Վահե Հովհաննիսյանը նշել է՝ հաշվի առնելով նշված խնդիրներին պատշաճ արձագանքելու կարևորությունը և հրատապությունը՝ անհրաժեշտություն է առաջացել ներդնել կրիպտոակտիվների ոլորտի համապարփակ կարգավորման մոդել, որը հնարավորություն կտա ստեղծել ոլորտի անխափան զարգացման համար անհրաժեշտ նախապայմաններ՝ միաժամանակ նվազեցնելով առկա և հնարավոր ռիսկերի բացասական հետևանքները:

Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կրիպտոակտիվների ոլորտում կձևավորվի հստակ կարգավորման դաշտ՝ գործունեություն ծավալող անձանց հստակ սահմանված իրավունքներով և պարտականություններով, հաճախորդների շահերի պաշտպանության բավարար մեխանիզմներով և շուկայի թափանցիկ գործունեությամբ: Կարգավորումը հնարավորություն կտա ձևավորել հստակ իրավական դաշտ՝ կապված կրիպտոակտիվների և դրանց հիմքում ընկած տեխնոլոգիաների հետ, ստեղծել ԱԳՏ-երի զարգացման և նորարարությունների համար անհրաժեշտ պայմաններ, սահմանել ոլորտում գործունեություն ծավալող անձանց համար խաղի հստակ կանոններ, ինչը կապահովի ՀՀ-ում կրիպտոակտիվների հետ կապված երկարաժամկետ գործունեություն պլանավորելու համար անհրաժեշտ նախադրյալներ՝ ներգրավելով նաև ոլորտում միջազգային խաղացողներին: Միևնույն ժամանակ կստեղծվեն հաճախորդների շահերի պաշտպանության գործուն մեխանիզմներ, այդ թվում՝ շահերի բախումների կանխարգելման և հաճախորդներից ստացված բողոք-պահանջների ընդունման ու քննության ընթացակարգերի, հաճախորդների միջոցների պաշտպանության, վարվելակերպի կանոններ, անհրաժեշտ տեղեկատվության հրապարակման և թափանցիկության ապահովման այլ պահանջների տեսքով՝ հնարավորություն տալով   հաճախորդներին օգտվել մատուցվող պրոֆեսիոնալ ծառայություններից, ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն որոշումներ կայացնելու համար, անհրաժեշտության դեպքում դիմել ֆինանսական հաշտարարին և օգտվել իրենց շահերի պաշտպանության համար առկա այլ հնարավորություններից: Կարգավորման պայմաններում ՀՀ կենտրոնական բանկը հնարավորություն կունենա ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն ոլորտում իրականացվող գործունեության վերաբերյալ, պատշաճ կերպով արձագանքել ֆինանսական կայունության, ՓԼ/ԱՖ և այլ ռիսկերին, և համագործակցել այլ երկրների կարգավորող և վերահսկող մարմինների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ, ինչը կբարձրացնի երկրի հեղինակությունը:

Կարևորելով օրինագծի ընդունումը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն  կրիպտոարժույթների ոլորտը կարգավորելու առաջին փորձն է: «Այս կարգավորումը չի լինելու կատարյալ, և մենք այսքան տարի այս կարգավորմանը չենք գնացել՝ մտածելով՝ իսկ եթե կարգավորումը չլինի կատարյալ: Փորձել ենք այն մի քիչ էլ դարձնել կատարյալ. այն  չի դարձել կատարյալ ու չի դառնալու, բայց մենք պետք է մտնենք՝ ոլորտը կարգավորելու:  Խնդիրն այն է, որ պետական կառավարման համակարգը հենց հընթացս պետք է գիտելիք ձեռք բերի կրիպտոարժույթի մասին»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ անհրաժեշտ է ոլորտը կարգավորել, հնարավորինս ամբողջական գիտելիք ձեռք բերել կրիպտրոարժույթների մասին և պետք է հնարավորինս ամբողջական քաղաքականություն որդեգրել դրա մասին:

Վարչապետն ընդգծել է ոլորտում կարգավորումներ, քայլեր  իրականացնելու անհրաժեշտությունը. «Այո՛, կլինեն քննադատություններ, որ այս նախագիծը, օրենքը կատարյալ չէ, բայց այս նախագծի գոյությունն ավելի կատարյալ է, քան դրա բացակայությունը: Հետևաբար` սա շատ կարևոր քայլ է, որը պետք է համարձակորեն և վճռական կերպով անել այն տրամաբանությամբ, որ մենք պետք է շարունակենք այս ուղղությամբ մեր աշխատանքները: Այն շատ համակարգային և խաչմերուկային թեմա է, որովհետև առնչվում է բազմաթիվ հարցերի»:

Արձագանքելով՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ այլընտրանք չկա, պետք է գնալ այս քայլին. «Սա չանելը ենթադրում է մեծ խոցելիություն և՛ ֆիսկալ համակարգի համար, և՛ արժութային կարգավորման, և՛ վճարահաշվարկային համակարգի համար: Այդ իմաստով ես կարծում եմ, որ այս մեկնարկը ճիշտ է: Եվ վստահ եմ, որ մենք միշտ  մոնիթորինգի տակ կպահենք իրավիճակը, և ըստ խնդիրների՝  փոփոխություններով, լրացումներով ու լավարկումներով կունենանք  այնպիսի կարգավորում, որը որևէ կերպ չի խոչընդոտելու ոլորտի զարգացումը, բայց նաև չի վնասելու մեր գործող կարգավորումների և համակարգերի աշխատանքը»:

Հաստատվել է Առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսավարող սուբյեկտների աջակցության ծրագիրը

Գործադիրը հաստատել է Առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսավարող սուբյեկտների աջակցության ծրագիրը: Նպատակը՝ առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսավարող սուբյեկտների կողմից 2025 թ. հունվարի 1-ի դրությամբ առկա ապրանքային մնացորդները 2025 թ. հունվարի 1-ից հետո իրացնելու պարագայում հարկային բեռի համաչափությունն ապահովելու համար վերջիններիս աջակցություն տրամադրելն է: Հիմնավորման համաձայն՝ 2025 թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որով վերանայվել են առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով սահմանված շրջանառության հարկի դրույքաչափը (5 տոկոսից դարձել է 10 տոկոս), ինչպես նաև այդ գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարից նվազեցման ենթակա ծախսերի սահմանաչափը (4 տոկոսից դարձել է 9.5 տոկոս): Միևնույն ժամանակ,  շրջանառության հարկի գումարից ծախսերի գծով չնվազեցված մասը (այդ թվում` հաշվետու ժամանակաշրջանի համար առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազաների բացակայության դեպքում) Հարկային օրենսգրքով սահմանված կարգով ենթակա է նվազեցման հետագա հաշվետու ժամանակաշրջանների առևտրական (առք ու վաճառքի) ձևավորվող հարկման բազաների նկատմամբ հաշվարկվող շրջանառության հարկի գումարից: Մինչև 2025 թ. հունվարի 1-ը առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսավարող սուբյեկտների կողմից կատարված ձեռքբերումները 2025 թ. հունվարի 1-ից հետո իրացնելու պարագայում առաջանում է լրացուցիչ հարկային բեռ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչև 2025 թ. հունվարի 1-ը ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանների ընթացքում այդ ձեռքբերումների գծով շրջանառության հարկի գումարից նվազեցումները կատարվել են 4 տոկոսի չափով: Արդյունքում ակնկալվում է՝ առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով շրջանառության հարկի համակարգի վերանայման անցումային փուլում այդ գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների համար սահմանել համաչափ հարկային բեռ:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշել է, որ  հարցն այն օրինակներից մեկն է, որ  որոշակի փոփոխություններ են իրականացվում  մասնավոր հատվածի գործընկերների հետ շփումների արդյունքում: «Այս համատեքստում շատ կարևոր է, որպեսզի շրջանառության հարկ վճարողները, օգտագործելով Կառավարության աջակցության այս անցումային ժամանակահատվածը, իրենց ձեռնարկատիրական գործունեության մոդելը վերանայեն այնպես, որ 2025 թվականի հուլիսի 1-ից հետո ձեռքբերումները և այլ ծախսերը կատարեն առավելապես փաստաթղթավորմամբ, որի պարագայում ոչ միայն հարկային բեռի բարձրացում չի լինի, այլ նաև կարող է լինել հարկային բեռի նվազեցում», -ասել է նախարարը:

Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է ծրագրից օգտվելու նախապայմանները.  «Հարկ վճարողին աջակցությունը տրամադրվում է, եթե միաժամանակ բավարարված են հետևյալ պայմանները՝ 2024 թվականին իրականացրել է առևտրական գործունեություն, 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ և աջակցության ստացման հաշվետու եռամսյակներում հանդիսացել է բացառապես շրջանառության հարկ վճարող, դիմումի ներկայացման օրվա նախորդ օրվա դրությամբ ամբողջությամբ կատարվել են վճարման ենթակա շրջանառության հարկի պարտավորությունները: 

Եռամսյակի արդյունքներով առևտրական գործունեությունից շրջանառության հարկի գումարը գերազանցում է այդ գործունեության մասով ձևավորվող իրացման շրջանառության 5 տոկոսը, կամ հարկ վճարողի մոտ առկա է նախորդ եռամսյակներում կատարված ծախսերի մասով շրջանառության հարկի գումարի չնվազեցված և փոխանցված գումար: Հարկային մարմին են ներկայացրել առևտրական գործունեության մասով 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ ապրանքային մնացորդի մասին տեղեկատվություն: Ծրագրի շրջանակներում աջակցությունը տրամադրվելու է 2025 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների համար»:

Ֆինանսների նախարարը ներկայացրել է նաև ծրագրի շրջանակում  տրամադրվող աջակցությունը չափերը. «Եռամսյակի արդյունքներով հաշվարկված շրջանառության հարկի գումարի և նույն ժամանակաշրջանում այլ գործունեության մասով իրացման շրջանառության 5 տոկոսը կազմող գումարի դրական տարբերության չափով, եռամսյակի արդյունքներով հաշվարկված շրջանառության հարկի գումարի և նույն ժամանակաշրջանում այդ գործունեության մասով ձևավորվող իրացման շրջանառության մեկուկես տոկոս կազմող գումարի դրական տարբերության չափով, եթե առկա է նախորդ եռամսյակներում կատարված ծախսերի մասով հարկի գումարի չնվազեցված և փոխանցված գումար: Ծրագրի շրջանակում աջակցություն ստանալու համար հարկ վճարողը պետք է հարկային մարմին՝  [email protected]  էլեկտրոնային փոստի հասցեին ներկայացնի նախագծով սահմանվող ձևին համապատասխան դիմում: Դիմումը 2025 թվականի առաջին եռամսյակի համար կարող է ներկայացվել մինչև 2025 թվականի մայիսի 10-ը ներառյալ, իսկ 2025 թվականի 2-րդ եռամսյակի համար՝ մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը ներառյալ»:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել, այս թեման արդեն մի քանի տարի է ինչ քննարկվում է. «Մենք մի կողմից ասում ենք, որ պայքարում ենք ստվերի դեմ, մյուս կողմից օրենսդրական միջանցքներ ենք ստեղծել ստվերի աճի համար: Եվ դրա թիվ 1 միջանցքը շրջանառության հարկն էր, շրջանառության հարկի այն տրամաբանությունը, որը մենք դրել ենք»:

Վարչապետն ընդգծել է, որ  թեմայի շուրջ քննարկումների արդյունքում պարզ է դարձել, որ  վատ  համակարգ ունենալը մի պրոբլեմ է, այդ համակարգը փոխելը կամ այդ համակարգից հրաժարվելը երկրորդ պրոբլեմն է: «Հիմա եկել ենք այն եզրակացության, որ ստվերը խթանող այդ հատվածում պետք է որոշակի գործողություններ անենք, և հարկը  պիտի, այո,  ավելացնենք՝ ստվերի, այսպես ասած, գինը բարձրացնելու համար, բայց օրինական հարկը պետք է նվազեցնենք: Շրջանառության հարկի հետ դա է տեղի ունեցել: Այսինքն՝ նվազեցման հնարավորությունը, եթե ամեն ինչ օրինական տրամաբանությամբ է գնում, հարկն իրականում նվազել է՝ դառնալով 1 տոկոս, շրջանառության 1 տոկոսի մասին է խոսքը: Այս ընթացքում որոշակի քննադատություններ եղան, կրքեր բորբոքվեցին և այլն: Այդ ամենով և ամենայն հարգանքով՝ Կառավարությունն իր քաղաքական կամքն արձանագրեց: Արձանագրեց, որ այդ քաղաքական կամքն անբեկանելի է և այլ տարբերակ չկա: Բայց մյուս կողմից մենք ասացինք նաև, որ սա վնաս հասցնելու ակտ չի: Սա ընդհակառակը օգնելու, աջակցելու, որպեսզի բիզնեսն իր առաջ ավելին անելու, ավելի ճիշտ մոտիվացիաներ ունենալու, այդ նպատակն ենք մենք հետապնդում: Իհարկե, մենք նաև հընթացս մոնիթորինգ կանենք»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երբ կրքերը որոշակիորեն հանդարտվեցին, Կառավարությունը փորձել է գտնել ընդունելի տարբերակ, որպեսզի և՛ քաղաքականությունն արձանագրվի, և՛ քաղաքականությունը ներդրվի և իրականություն դառնա. «Դրա համար մենք գնացինք հետևյալ ճանապարհով: Եթե շատ բարդ տեքստը պարզեցնենք, ըստ էության, մենք ասում ենք հետևյալը՝ եթե արդյունքում հարկը նախկինում սահմանված այն վերին շեմից՝ 5 տոկոսից ավելի կլինի, մենք այդ ավելի մասը կվերադարձնենք տնտեսվարողներին»: 

Սոցիալական կրեդիտների գծով 2486 մարդ արդեն հետ է ստացել 232 մլն դրամ 

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է  համընդհանուր հայտարարագրման թեմային և  նշել, որ նախորդ երկուշաբթի օրվա դրությամբ 2486 մարդ արդեն սոցիալական կրեդիտների գծով հետ է ստացել 232 մլն դրամ: «Ես ուզում եմ ևս մեկ անգամ կոչ անել բոլորիս, որ մենք համընդհանուր հայտարարագրման համակարգն ավելի ակտիվ ներկայացնենք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ընդգծելով, որ ՊԵԿ-ը թեմայի շրջանակում մարզային այցեր է կազմակերպում և իրազեկում իրականացնում, վարչապետը հանձնարարել է ԿԳՄՍ նախարարությանը, Առողջապահության նախարարությանը ոլորտային աշխատանք իրականացնել, որպեսզի  սոցիալական կրեդիտներին համապատասխան ծառայությունների փաթեթներ ձևավորվեն: «Մեր գնահատականը չի փոխվել և չի փոխվելու. սա, ըստ էության, հեղափոխական նշանակության որոշում է, և մենք ահռելի մեծ ներդրումներ իրականացնելու հնարավորություն ենք տալիս քաղաքացիներին որոշմամբ և քաղաքացիների ձեռքով առողջապահության ու կրթության ոլորտներում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Սոցիալական կրեդիտների համակարգից օգտվելու տրամաբանության շրջանակում՝ վարչապետը կոչ է արել քաղաքացիներին գումարը ծախսել անկանխիկ եղանակով, քանի որ կանխիկ եղանակով կատարված, օրինակ, կրթական կամ առողջապահական ծախսերը, վճարները սոցիալական կրեդիտի շրջանակում վերադարձի հնարավորություն չեն ունենա:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր հերթին ներկայացրել է, որ նախարարության պաշտոնական կայքէջում բացվել է «Սոցիալական կրեդիտ» բաժինը, որտեղ ներկայացված են եկամտային հարկից վերադարձի վերաբերյալ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ներկայացմամբ, մինչ համապարփակ ապահովագրության ընդունումը, Կառավարությունը ևս մեկ հնարավորություն է տալիս սոցիալական փաթեթի շահառու դառնալ սոցիալական կրեդիտի միջոցով: Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ փաթեթը մշակվում է, որպեսզի այս տարվա ընթացքում եկամտահարկ վճարող բոլոր այն քաղաքացիները, ովքեր սոցիալական փաթեթի շահառու չեն, հնարավորություն ունենան սոցիալական կրեդիտներն օգտագործել առողջապահական կարիքները հոգալու համար:

Եվս մեկ անգամ կարևորելով հանրության հետ հաղորդակցությունը՝ վարչապետը կարևորել է թեմայի վերաբերյալ սոցիալական հոլովակի ներկայացումը, որը պետք է լինի այն մասին, թե ինչպես է պետք լրացնել համընդհանուր հայտարարագիրը, ինչպես է պետք ստանալ սոցիալական կրեդիտ և ինչ դեպքերում. «Սա ռազմավարական ծրագիր է, և ամենօրյա ռեժիմով մարդը պետք է այս ազդակը ստանա, պետք է պարզաբանել, թե ինչու է սա ռազմավարական ծրագիր մարդկային կապիտալը զարգացնելու տեսակետից»: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ամեն ծնող, ով գումար է ծախսում դպրոցում, մանկապարտեզում, արվեստի դպրոցում, սպորտի խմբակներում, պետք է համոզված լինենք, որ ծրագրի մասին տեղեկացել է. «Մենք պետք է մարդուն հասցնենք, թե սա իրեն, իր ընտանիքին ինչ սոցիալական առավելություն է բերում»:

Եվս մեկ անգամ ընդգծելով, որ ծրագիրն ահռելի է, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօրվա ջանքերը բավարար չեն,  թեմային պետք է անդրադառնալ ամենօրյա ռեժիմով:  Ինչ վերաբերում է նույնականացման քարտ ստանալուն, վարչապետն ընդգծել է, որ անկախ նրանից նույնականացման քարտը քաղաքացին ստացել է, թե ոչ, դիմելու փաստն արդեն սոցիալական կրեդիտը հետ ստանալու իրավունքը կպահպանի. «Մինչև նոյեմբերի 1-ը պետք է պարտադիր դիմեն բոլոր նրանք, ովքեր չեն դիմել նույնականացման քարտ ստանալու համար»:

Կապահովվի Փարաքար և Գյումրի համայնքների ավագանիների ընտրությունների գործընթացի հրապարակայնությունը

Գործադիրն ընդունել է որոշում՝ մարտի 30-ին կայանալիք Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքների ավագանիների համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների գործընթացի հրապարակայնությունն ապահովելու  անհրաժեշտությամբ պայմանավորված: Հիմնավորման համաձայն՝ ընտրությունների թափանցիկությունն ու հրապարակայնությունն ապահովելու նպատակով այդ համայնքների ավագանիների ընտրությունների անցկացման համար տեղակայված թվով 99 տեղամասերում  պետք է տեղադրվեն անշարժ տեսախցիկներ, որոնցով կիրականացվի տեսանկարահանում և առցանց ուղիղ հեռարձակում, ինչպես նաև անհրաժեշտ է իրականացնել տեղամասերի տեսանկարահանված նյութերի տեսագրում և պահպանում կենտրոնական պահպանման սերվերային համակարգում։ Հանրության համար հատուկ համացանցային կայքի միջոցով տեսանկարահանվող տեղամասերում քվեարկության ամբողջ ընթացքը և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը, ինչպես նաև ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նիստերը և վերահաշվարկն՝ առցանց ուղիղ հեռարձակումը դիտելու հնարավորության ապահովման նպատակով՝ պայմանով իրականացված գնանշման հարցման արդյունքում հաղթող է ճանաչվել «Յուքոմ» ընկերությունը՝ 75,600 հազար դրամ գումարով: Ընտրական օրենսգրքով սահմանված պահանջների կատարումն ապահովելու նպատակով ըստ ցանկի՝ Արմավիր մարզի Վաղարշապատ քաղաքում և Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տեղակայված թվով 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում պետք է տեղադրվեն անշարժ տեսախցիկներ, որոնցով կիրականացվի նիստերի և վերահաշվարկների տեսանկարահանում և տեսաձայնագրում (պատկեր և ձայն),  առցանց ուղիղ հեռարձակում, ինչպես նաև տեսաձայնագրությունների պահպանում կենտրոնական տեսագրման սերվերային համակարգում, որից կիրականցվի հրապարակումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am:

 Պետության կողմից ֆինանսական երաշխիքի տրամադրումը կնպաստի «Լիդիան Արմենիա»-ի գործունեության բնականոն ընթացքին 

Կառավարությունն ընդունել է «Բյուջետային երաշխիք տրամադրելու մասին» որոշում՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի գործունեության բնականոն ընթացքն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ Հիմնավորման համաձայն՝ ՀՀ Կառավարության 2021-2026թթ գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված է Ամուլսարի հանքի շահագործման ծրագրի ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումը, ինչը կնպաստի ՀՀ տնտեսության դիմակայունության ամրապնդմանը, հանքարդյունաբերության ոլորտի զարգացմանը, կնպաստի սահմանամերձ մարզի սոցիալ-տնտեսական ներուժի բացահայտմանը, ինչպես նաև միջնաժամկետում կապահովի պետական բյուջեի էական մուտքեր: ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Լիդիան Ռիսորսիզ Արմենիա Լիմիթեդ» բաժնետիրական ընկերության միջև կնքված պայմանագրով սեփականության իրավունքով վերջինիս պատկանող ընկերության 100  տոկոս 5 000  դրամ անվանական արժեքով հասարակ բաժնետոմսերից 12.5 % տոկոսին համարժեք՝ 12503 հատ ընդհանուր թվով բաժնետոմսերը նվիրատվությամբ փոխանցվել են Հայաստանի Հանրապետությանը՝ որպես սեփականություն: Ըստ նախարարության գնահատականների՝ ծրագրի իրականացումը դրականորեն կանդրադառնա տեղական շուկայի զարգացման ու զբաղվածության մակարդակի վրա: Հանքի շահագործումը կենսական նշանակություն ունի ՀՀ տնտեսության զարգացման համար, իր մասշտաբի շնորհիվ կձևավորի առաջարկի և պահանջարկի կայուն արժեշղթաներ, ինչն էլ կնպաստի մակրոտնտեսական առավել կայուն և դինամիկ զարգացող միջավայր ձևավորելուն՝ ինչպես ուղղակիորեն պետական և համայնքային բյուջեներ տուրքերի, հարկերի, տեղական վճարների միջոցով մուտքերի ապահովման միջոցով, այնպես էլ իր շղթայական դրական ազդեցությունը կունենա պահանջարկի առաջացման միջոցով այլ տնտեսավարողների գործունեության վրա (մատակարարներ, լոգիստիկա և այլն): Մասնավորապես, ընկերության կողմից որդեգրված համայնքների կայուն զարգացման քաղաքականության շրջանակում հանքի շահագործումը կբարձրացնի տեղական համայնքների բնակչության կյանքի մակարդակը և կխթանի ազդակիր համայնքներում տնտեսական զարգացումն ու դիվերսիֆիկացումը: Ընկերության հավաստմամբ, ծրագրի շրջանակում շինարարությունն ու շահագործումն իրականացվելու է բնապահպանական, սոցիալական և կառավարման, ինչպես նաև առողջապահության և աշխատանքի անվտանգության ոլորտներում առկա լավագույն միջազգային չափանիշներով, ինչն իր ազդեցությունը կունենա հանրապետության հանքարդյունաբերության ոլորտի զարգացման վրա ևս: Իրականացված ուսումնասիրությունների արդյունքների համաձայն՝ ակնկալվում է, որ ծրագրի իրականացում իր ուղղակի և անուղղակի ազդեցությունը կունենա ՀՀ տնտեսության վրա տարեկան շուրջ ՀՆԱ 1.0-1.5 տոկոսի չափով: Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի շինարարության նպատակով կներգրավվի ավելի քան 1000 աշխատող, իսկ ծրագրի արդյունահանման կամ շահագործման ամբողջ տևողության ընթացում մշակման հանգույցներում, լաբորատորիաներում և վարչակազմում կստեղծվի շուրջ 700 աշխատատեղ: Բյուջետային երաշխիքի տրամադրման հետ կապված ռիսկերը քննարկելու նպատակով «Բի-Դի-Օ Ըդվայզորի» ՓԲԸ (BDO) իրականցրել է ընկերության ֆինանսական կենսունակության գնահատման ուսումնասիրություն: Կառավարությունը, համադրելով բյուջետային երաշխիքի տրամադրման պարագայում առկա ռիսկերը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից գնահատված բյուջետային երաշխիքի տրամադրման դրական ազդեցությունը ՀՀ-ում հանքարդյունաբերության և սոցիալ-տնտեսական զարգացման վրա, ինչպես նաև հաշվի առնելով ոսկու գները միջազգային շուկայում, նախաձեռնել է բյուջետային երաշխիքի տրամադրումը:

Հանքի շահագործման մեկնարկն ապահովելու համար ընկերության կողմից ՀՀ գործող բանկային համակարգից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով մշակվել է բյուջետային երաշխիքի տրամադրման Կառավարության որոշումը, որով առաջարկվում է նախատեսված պայմանները բավարարելու դեպքում, այն է՝  ընկերությանը ՀՀ-ում գործող բանկային համակարգից մինչև 5 տարի մարման ժամկետով վարկային միջոցներ ներգրավելու նպատակով տրամադրել մինչև 150,000,000 ԱՄՆ դոլար գումարի չափով բյուջետային երաշխիք: Ընդ որում, որպես երաշխիքի թողարկման նախապայման նախատեսվում է, որ այն տրամադրվում է, եթե որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսյա ժամկետում ընկերությունը Ֆինանսների նախարարություն է ներկայացնում անկախ աուդիտորական կազմակերպության կողմից հաստատված ընկերության ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունում ներառված հաշվեկշռային ակտիվների շուկայական գնահատման հաշվետվություն, որով հաստատում է, որ երաշխիքի գումարը երաշխիքի ստացման համար դիմելու և երաշխիքը թողարկելու պահի դրությամբ չի գերազանցում ընկերության ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունում ներառված հաշվեկշռային ակտիվների շուկայական արժեքի 20 տոկոսը:

Կառավարությունը կապահովվի անհայտ կորած զինծառայողների  և քաղաքացիական անձանց ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու համար: Ըստ հիմնավորման՝ զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300000 դրամ, որը տրամադրվում է միջոցառումը հաստատելու ամսվանից, սակայն ոչ ավելի, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը: Աջակցության վճարման ժամկետը որոշմամբ մեկ ամսով երկարացվելու արդյունքում 22 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքներին աջակցություն տրամադրելու համար միջոցառման ֆինանսավորման համար կհատկացվի լրացուցիչ 6,600 հազար դրամ:

Մեկ այլ որոշմամբ էլ գումար կհատկացվի պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին  ևս երկու ամիս  սոցիալական աջակցություն տրամադրելու համար:

Օրենսդրական նախաձեռնություն. կխթանվի ՀՀ զինված ուժերի սերժանտական համակարգի զարգացումը

Կառավարությունը հավանություն է տվել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին: Օրինագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ զինված ուժերում արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության ամբողջական կայացման նպատակով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված զինծառայողների վարձատրության համակարգում բանակի (գլխավոր շտաբի) սերժանտի (9/9 խումբ), կորպուսի (վարչության) սերժանտի (9/8 խումբ) և շտաբի սերժանտի (7/4 խումբ) պաշտոնների վարձատրության գործակիցներ սահմանելու անհրաժեշտությամբ: Ըստ հիմնավորման՝ ՀՀ զինված ուժերի բարեփոխումների իրականացման գործընթացում առաջնային նշանակություն ունի սերժանտական համակարգի զարգացումը՝ որպես արհեստավարժ զինված ուժերի կայացման կարևորագույն նախադրյալ: Այդ նպատակով Կառավարության ծրագրային քաղաքականության մաս է հանդիսանում նաև զինված ուժերում սերժանտական համակարգի զարգացման խթանումը: ՀՀ զինված ուժերում արհեստավարժ սերժանտական համակարգի ամբողջական ներդրումը և կենսագործունեության պատշաճ ապահովումը ենթադրում է նաև ՀՀ զինված ուժերում բանակի (գլխավոր շտաբի) սերժանտի, կորպուսի (վարչության) սերժանտի և շտաբի սերժանտի պաշտոնների ստեղծում, որի նպատակով անհրաժեշտություն է առաջացել սահմանել նաև այդ պաշտոնների վարձատրության գործակիցները:

Միջազգային համագործակցություն.  Հայաստանի և Հունգարիայի միջև համատեղ տնտեսական միջկառավարական հանձնաժողով կստեղծվի

Կառավարության հավանությանն է արժանացել 2024 թ. մայիսի 6-ին Բուդապեշտում ստորագրված «Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների միջև տնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը: Համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա երկու երկրների միջև զարգացնել և խորացնել երկարատև տնտեսական հարաբերություններ այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են առևտուրը, դեղագործական արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, էներգետիկան, տրանսպորտ և նյութատեխնիկական ապահովում, գյուղատնտեսություն և անտառատնտեսություն, հետազոտություն և նորարարություն, շրջակա միջավայրի պաշտպանություն և ջրային ռեսուրսների կառավարում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության այլ ոլորտներ։ Համաձայնագիրն ուղղված է երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության զարգացմանը, տնտեսական կապերի ընդլայնման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը, երկու երկրների տնտեսական համագործակցության ասպարեզում առկա ներուժի օգտագործմանը: Համաձայնագրով նախատեսվում է փոխշահավետ համագործակցության զարգացումն ու դիվերսիֆիկացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական բոլոր ոլորտներում: Համաձայնագրով նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության և Հունգարիայի միջև համատեղ տնտեսական միջկառավարական հանձնաժողովի  ստեղծումը՝ երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունը համակարգելու և խթանելու նպատակով:

Գործադիրը հավանություն է տվել 2024 թ. դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև Հայաստանի Հանրապետությունում Ռուս-Հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ  օրենքի նախագծին: Հիմնավորման համաձայն՝ համաձայնագրի վավերացման նպատակահարմարությունը պայմանավորված է Հայ-ռուսական համալսարանի կառավարման, կրթական և գիտահետազոտական գործունեության արդյունավետության բարձրացմամբ, ինչպես նաև գործընթացները ՀՀ և ՌԴ օրենսդրությանը համապատասխանեցնելու ձգտումով: Լավագույն փորձի ներդրման, ինչպես նաև արդյունավետ ազգամիջյան երկխոսության և փոխգործակցության զարգացման նպատակով համաձայնագրում ներառվել է դրույթ համալսարանի հիմքի վրա Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և այլ պետությունների կրթական և (կամ) գիտական կազմակերպությունների ամբիոններ և այլ կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծման հնարավորության մասին: Համաձայնագրով նախատեսվում է նաև հստակ մեխանիզմ՝ ՌԴ բյուջեի բյուջետային հատկացումների հաշվին ուսման ընդունվելու համար տեղերի քանակի հատկացման համար։ Գիտական, գիտատեխնիկական, նորարարական, փորձագիտական, փորձարարական, արդյունաբերագիտական գործունեության ֆինանսական ապահովումը հիմնվելու  է նպատակային ֆինանսավորման աղբյուրների բազմաքանակության վրա և իրականացվելու է երկու երկրների ազգային ծրագրերին համապատասխան: Համաձայնագրում առավել հստակ ձևակերպված են համալսարանի կառավարման սկզբունքային մոտեցումները, կիրառվել է կրթական ծրագրերի իրականացման հավասար մոտեցման սկզբունքը՝ ՀՀ և ՌԴ օրենսդրությանը համապատասխան: Հստակ ձևակերպված են նաև համալսարանի ընդունելության կանոնները և ակադեմիական իրավունքները, ազատությունները:

Հավանություն է տրվել 2024 թ. դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև Երևան քաղաքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Ուսումնասպորտային համալիր» հիմնարկի գործունեության իրականացման պայմանների մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Համաձայնագրի վավերացմամբ կամրագրվեն ՀՀ տարածքում տեղակայված «Ուսումնասպորտային համալիրի» գործունեության պայմանները։ Վերջինս հիմնադրվել է «Գազպրոմ» ՀԲԸ դուստր ընկերություն հանդիսացող «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից։ Համաձայնագրի շրջանակում ՀՀ պետական կրթական չափորոշիչներին համապատասխան հիմնարկը հայերենով կիրականացնի կրթական գործունեություն տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր և միջնակարգ ընդհանուր կրթության կրթական ծրագրերով՝ ռուսաց լեզվի պարտադիր դասավանդմամբ: Միաժամանակ, հիմնարկը ռուսերենով կիրականացնի կրթական գործունեություն  տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր և միջնակարգ ընդհանուր կրթության կրթական ծրագրերով՝ հայերեն լեզվի պարտադիր դասավանդմամբ։ ՀՀ պետական կրթական չափորոշիչներին համապատասխան տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր և միջնակարգ ընդհանուր կրթության կրթական ծրագրերով սովորելու համար հիմնարկ կընդունվեն ՀՀ, ՌԴ քաղաքացիների, այլ պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց երեխաները։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728