«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2025 թվականի հունվարին։
- ՀՀ տնտեսության վրա ռուս–ուկրաինական զինված հակամարտության հետևանքով առաջացած արտածին գործոնների դրական ազդեցությունները 2022թ. հետո աստիճանաբար թուլացել են, ինչի արդյունքում տնտեսական աճի տեմպն աստիճանաբար դանդաղել է։ 2025թ. առաջին ամսվա տնտեսական աճի ցուցանիշը ևս կրել է այդ ազդեցությունը և կազմել 7.1 %` 4.3 տոկոսային կետով ցածր լինելով նախորդ տարվա հունվարի աճից։ Առաջիկայում ակնկալվում են տնտեսական ակտիվության էապես ավելի ցածր տեմպեր, քան արձանագրվել է 2024-ին (կգործի նաև այսպես կոչված բազայի էֆեկտը՝ 2025-ի ցուցանիշները կհամեմատվեն 2024-ի՝ ոսկու վերաարտահանման գործոնի հաշվին արձանագրված բավական բարձր ցուցանիշների հետ)։
- Արձանագրվել են խոշոր բացասական ցուցանիշներ արդյունաբերության և արտաքին առևտրի ծավալների գծով։ Ինչպես արտահանման, այնպես էլ արդյունաբերության ծավալներն էականորեն նվազել են, ինչը հիմնականում պայմանավորված է ոսկերչական գործունեության (ոսկու վերաարտահանման) ծավալների էական նվազմամբ։ Իրականում արտահանման, ինչպես նաև արդյունաբերության ծավալների նվազումը սկսել էր դեռևս նախորդ տարվա կեսերից: Սակայն խոշոր բացասական ցուցանիշները սկսում են արձանագրվել, երբ ցուցանիշները համեմատվում են նախորդ տարվա տվյալ ժամանակահատվածներում արձանագրված բարձր ցուցանիշների հետ։ Արդյունքում այս տարվա առաջին ամիսներին ինչպես արդյունաբերության, այնպես էլ արտահանման և ներմուծման աճի ցուցանիշները կլինեն բացասական։
- Պետական բյուջեի եկամուտների աճը 2025-ի հունվարին բավական բարձր է եղել՝ կազմելով 29.4 %, այն դեպքում, երբ 2024-ի նույն ամսվա ցուցանիշն ընդամենը 0.8 % էր: Բարձր աճը հիմնականում պայմանավորված է բազայի էֆեկտով, քանի որ նախորդ տարվա հունվարին բյուջեի եկամուտների աճի տեմպը կտրուկ դանդաղել էր։ Հետևաբար, եկամուտների աճի բարձր տեմպը հետագա ամիսներին չի պահպանվի, քանի որ ցածր բազայի առկայությունը հատուկ է եղել միայն նախորդ տարվա սկզբին։
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով:
«ԼՈՒՅՍ» հիմնադրամ