Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Թորոսյանի նկարը խփենք ամեն խաչմերուկին, մեր Արսենը և վերջ»․ Անդրանիկ Քոչարյանը հեգնեց

Փետրվար 27,2025 16:50

«Հեռախոսով խոսելու տուգանքն այս պահին 10 հազար դրամ է։ Մեկ բալ տուգանքը դարձնում ենք 1,5 բալ, այսինքն՝ հիսուն տոկոսով խստացրել ենք բալային համակարգը այս մարդկանց նկատմամբ»,- ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, օրենսդրական նախաձեռնության համահեղինակ Արմեն Խաչատրյանը։

Արմեն Խաչատրյան

Նա նշեց, որ երթևեկության անվտանգության մեղավորներ փնտրելիս առաջինը վարորդին ու պարեկին ենք հիշում, բայց ըստ նրա՝ ուղևորից, հետիոտնից ոչինչ չենք պահանջում, մինչդեռ նրանք նույն պարտականություններն ունեն, ինչ վարորդը․ «Դպրոցից, մանկապարտեզից պետք է սկսենք։ Եթե անգամ հեռախոսով խոսելու համար տուգանքը դարձնենք 500․000 դրամ, բան չի փոխվի։ Արել ենք, գիտենք՝ արագությունը սարքել ենք 500 հազար, մարդիկ գիտեին դա, բայց էլի գերազանցում էին։ Եթե անգամ մահապատիժ էլ սահմանենք, շատ քիչ բան է փոխվելու։ Համակարգային փոփոխություններ են պետք»։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը միջամտեց․ «Մահապատիժ, իհարկե, չենք սահմանի, բայց ունեմ տվյալները՝ հեռախոսով խոսել և տուգանվել է 32․100 մարդ։ Դա փոքր թիվ է։ Սրանք պարեկների կողմից արձանագրվածներն են։ Ես իմ օգնականի հետ, եթե մեքենայով դուրս եմ գալիս, աջ եմ նայում, ձախ եմ նայում, մեքենայի մեջ բոլորը խոսում են։ Անպայման պիտի մեքենայի միջի՞ց խոսեն»։

Արսեն Թորոսյան

Արսեն Թորոսյանը շարունակեց․ «Մեր վերջին փոփոխություններով՝ 60 տոկոսն են մուծում։ Հեռախոսով խոսելու համար տուգանք 10․000 դրամ չեն մուծում։ Սխալ տեղ կայանելու տուգանքն իրականում 2500 դրամ է»։

Անդրադառնալով այն պնդումներին, թե միայն խստացումների ճանապարհով պետք չէ գնալ, պիտի նաև գործի խրախուսման համակարգ, Անդրանիկ Քոչարյանը հեգնեց․ «Հիմա ասում եք՝ ինչքան լավ վարորդներ ունենք, խրախուսենք, ծաղիկներ նվիրենք․ մտցրեք առաջարկների փաթեթի մեջ։ Խրախուսենք, պարոն Թորոսյանի նկարը խփենք ամեն խաչմերուկին, մեր Արսենը և վերջ։ Ուզում եմ ասել՝ ի՞նչ խրախուսել։ Ճիշտ մարդ ես, պիտի խախտում չանես։ Ես կարծում եմ, որ մենք հասկացանք իրար այն առումով, որ պետք է ձեր՝ այս առաջարկը հարստացնենք։ Մի դիմադրեք։ Բերեք հարստացնենք։ Պետք է անենք ավելին, որ մեր քաղաքացին, երբ դուրս է գալիս տնից, տուն վերադառնալու հնարավորություն ունենա»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728