Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ժամանակին աշխարհը կանգնեցներ Ադրբեջանին, դրան չէին հաջորդի մյուս ոճրագործությունները հայության դեմ. Ալյոշա Գաբրիելյան. «Ապառաժ»

Փետրվար 27,2025 16:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ապառաժ». 37 տարի առաջ Սումգայիթ քաղաքում Ադրբեջանի իշխանությունները պետական մակարդակով կազմակերպեցին ու իրականացրեցին տեղի հայության ջարդը և տեղահանությունը։ 1988 թվականի փետրվարի 20-28-ը հայությունը ենթարկվեց ջարդերի, միայն այն բանի համար որ ազգությամբ հայ է։

Արցախի Հանրապետության Ասկերանի նախկին քաղաքապետ, Արցախի ԱԺ երեք գումարման պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանի բնորոշմամբ, եթե ժամանակին աշխարհը կանգնեցներ Ադրբեջանին, բռներ նրա ձեռքը, ապա դրան չէին հաջորդի Ադրբեջանի մյուս ոճրագործությունները հայության դեմ։

«Ադրբեջանի կողմից և՛ Սումգայիթում, և՛ դրանից հետո Բաքվում, Արցախում իրականացրած ոճրագործությունները պատշաճ գնահատական չեն ստացել միջազգային հանրության կողմից։ Սա պատճառ է հանդիսացել, որպեսզի Ադրբեջանը հետագայում էլ անարգել կատարի ոճրագործություններ՝ իմանալով, որ որևէ մեկն իրեն դրա համար չի դատապարտելու։ Այս ամենի հետևանք էր նաև այն, որ արցախահայերը 2022 թվականի դեկտեմբերին բլոկադայի ենթարկվեցին Ադրբեջանի կողմից, իսկ 2023 թվականի սեպտեմբերին ենթարկվեցին Ցեղասպանության և բռնի տեղահանության»,- նշեց Ալյոշա Գաբրիելյանը։

Հիշելով 1988 թվականի դեպքերը, Ալյոշա Գաբրիելյանն ասաց, որ այն ժամանակ տեղեկատվությունը փակ էր, հատկապես՝ Ադրբեջանում, հատուկենտ տեղեկատվություն ստանում էին միայն Ադրբեջանի կենտրոնական լրատվությունից, այն էլ՝ միակողմանի։ Տեղեկատվությունն ավելի պարզ դարձավ, երբ Սումգայիթից ողջ մնացած հայերը մազապուրծ հասան Հայաստան։

«Երբեմն հեռախոսով հաջողվում էր կապ հաստատել Սումգայիթում մեր հարազատների, բարեկամների հետ, նրանք էինք վախեցած, կցկտուր տեղեկություններ հաղորդում։ Տեղեկատվության պակասի պատճառով մենք այդ օրերին չգիտեինք՝ իրականում ինչ է կատարվում Սումգայիթում, հետագայում էլ՝ արդեն Բաքվում։ Հետո մեր հարենակիցները մազապուրծ վերադարձան Արցախ, Հայաստան, նրանցից արդեն իմացանք ահասարսուռ դեպքերի մասին, կային վկայող լուսանկաներ, տեսանյութեր։

Մի քանի հոգի պատժեցին ու փակեցին, որովհետև հայության ջարդերը կազմակերպվել էր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարների կողմից։ Միջազգային հանրությունն էլ, ինչպես միշտ, այս ամենի վրա աչք փակեց»,- հավելեց մեր զրուցակիցը։

Նա նաև ընդգծեց՝ 1988 փետրվարի 20-ից սկսած, երբ սկիզբ առավ արցախյան շարժումը, ԽՍՀՄ կենտրոնական կոմիտեն տեղեկատվություն նետեց դաշտ, թե տեղի ունեցածը մի խումբ ծայրահեղականների գործն է։

«Պարզից էլ պարզ էր, որ ցանկանում էին շարժման ակտիվիստներին ճնշել ու բերման ենթարկել՝ նպատակ ունենալով մարել շարժումը։

Նրանք ճնշումներ էին գործադրում Խորհրդային իշխանական մարմինների վրա, այդ թվում՝ հանրության, որպեսզի որոշումը չկայացվի։ Սակայն հայությունն իր որոշումը կայացրեց, ու ճնշումները հայության վրա սկսվեցին, առաջին քայլն Ասկերանի վրա մասսայական հարձակումն էր, որը հետ մղվեց սակավաթիվ հայերի կողմից։ Ամեն ինչ արեցին՝ մեզ վախեցնելու ու ճնշելու համար, բայց այն ժամանակ դա Ադրբեջանին չհաջողվեց»,- շեշտեց Ալյոշա Գաբրիելյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728