Վերջերս Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որը, ըստ փաստաբանների, կարող է նախադեպ դառնալ հանրային գերակա շահի հիման վրա կայացված բազմաթիվ դատական որոշումների վերանայման եւ խախտված իրավունքների վերականգնման համար։ Ըստ ՍԴ որոշման՝ եթե անձը չի կարողացել մասնակցել դատական գործին միջազգային պայմանագրով սահմանված ժամկետների պատճառով, այժմ կարող է պահանջել վերանայել դատարանի որոշումը, եթե այն անարդարացիորեն խլել է իր գույքը:
«Սահմանադրական դատարանը 2025 թ փետրվարին կայացրեց որոշում, որը, հանրային գերակա շահի մասով կայացված բոլոր դատական ակտերի առումով առանցքային նշանակություն ունի: Առանցքային այն իմաստով, որ Սահմանադրական դատարանի որոշումից հետո գերակա շահի հիմքով բոլոր դատական գործերը կարող են վերաբացվել մեկ պայմանով, եթե համանման փաստական հանգամանքներով առկա է առնվազն մեկ վճիռ միջազգային դատարանի կողմից կայացված» ,- Մեդիա կենտրոնում կայացած քննարկման ժամանակ նշեց Թեղուտ եւ Շնող համայնքների դատական գործերով փաստաբան Մերի Կարապետյանը:
«Կարելի է ասել՝ այս որոշումը Եվրոպական դատարանի կողմից 2018թ կայացված Օսմանյանը եւ Ամիրաղյանը ընդդեմ Հայաստանի ուղենշային գործի տրամաբանական շարունակությունն է: Այն ուղենիշային է կոնվենցիայի անդամ բոլոր պետությունների համար, քանի որ Եվրոպական դատարանը սահմանել է մի քանի էական պայմաններ, որոնք կարեւոր են գերակա շահի հիմքով դատական գործեր քննելիս:
Մասնավորապես այդ պայմաններն են՝ արդյոք տվյալ գույքը հանդիսանում է անձի միակ եկամուտը, արդյոք համարժեք հատուցում է տրվել, որպեսզի մարդը, որը զրկվել է գույքից, կարողանա նույն տարածքում գտնել նույնպիսի գույք, արդյոք այդ հատուցումն արդարացի է եւ ծածկում է տվյալ անձի կորուստը»,- մանրամասնեց փաստաբանը:
Կարդացեք նաև
Նաեւ հավելեց, որ Եվրոպական դատարանը Թեղուտի եւ Շնող համայնքների վերաբերյալ սեփականազրկման ողջ գործընթացը ճանաչել է ոչ իրավաչափ, խոսքը 82 հազար հեկտար մակերեսով հողատարածքների եւ ավելի քան 100 դատական գործերի մասին է:
Մանրամասն՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի