«Պարոն Խաչատրյանի հետ համաձայն եմ։ Էս օրենքն ինչքան ուզում եք՝ խստացրեք, խնդիրը չենք լուծելու, քանի որ մեր վարորդների գերակա մեծամասնությունը գտնում է, որ ամրագոտին գցելն ավելի վտանգավոր է, քան չգցելը։ Ասում է՝ եթե վթար լինի, ավելի լավ է՝ դիմապակու միջից դուրս թռչեմ, քան կպած մնամ նստատեղին։ Սա նախ կրթական բաց է»,- Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Այնուհետև շարունակեց․ «Չկա հայերեն լեզվով մի հաղորդում, որը բացատրում է, թե ինչ է անում ամրագոտին, որ ասում է, թե ամրագոտու խաբող սարք կոչվածն ինչքան վտանգավոր է, որ դա կրկնակի վտանգավոր է, քան եթե ուղղակի ամրագոտին գցած չլինի։ Դպրոցներում չեն սովորեցնում, որ բալի′կ ջան, գիտես՝ եթե ամրագոտին գցած լինես, կամ քարսիթում նստած լինես, քո կյանքը փրկվելու հավանականությունը 90 տոկոս է»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ