Aravot.am-ը հղում անելով իր աղբյուրին՝ գրել էր, որ Արարատի մարզի Սայաթ-Նովայի միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Խորեն Բաբայանին ազատել էին աշխատանքից, նա դիմել էր դատարան, անվավեր էր ճանաչվել գործատուի կողմից իրեն աշխատանքից ազատելը, սակայն դպրոցի տնօրենը չի կատարում դատական վճռի պահանջը: Նշել էինք նաեւ, որ փաստի առթիվ Մասիսի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել:
Այսօր մեզ զանգահարեց Սայաթ Նովա համայնքի դպրոցի տնօրեն Լուսինե Կարապետյանը եւ ասաց, որ նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը ու ինքը հերքում է պահանջում: «Գրված է՝ ուսուցիչը դատարանով վերականգնվել է աշխատանքի, սակայն տնօրենը չի կատարում դատական վճիռը, սակայն, նման բան չկա, այդ ուսուցիչը դատարանով չի վերականգնվել աշխատանքի, նա այլ պահանջ է ներկայացրել դատարան, որը բավարարված է մասնակի, եւ ես, որպես տնօրեն՝ դատական վճռի հետ կապված բոլոր պարտավորությունները կատարել եմ ու չունեմ ոչ մի այլ չկատարած պարտավորություն: Իր՝ աշխատանքի վերականգնվելու մասին ընդհանրապես խոսք չկա»:
Datalex համակարգից տեղեկանում ենք, որ հայցվոր Խորեն Բաբայանի պահանջը եղել է աշխատանքից ազատելու անհիմն հրամանն անվավեր ճանաչելը, նոր հրաման արձակելը եւ վերջնահաշվարկ կատարելը: Դատարանը (դատավոր՝ Գ. Կոստանյան) քննել է գործը եւ վճռել՝ անվավեր ճանաչել Սայաթ-Նովայի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի տնօրենի ՝ Խորեն Բաբայանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու եւ աշխատանքից ազատելու մասին հրամանը։ Մնացած մասով հայցը մերժվել է։
Նաեւ դատարանը վճռել է Սայաթ-Նովայի միջնակարգ դպրոցից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 20 000 դրամ՝ որպես բավարարված հայցապահանջի համար վճարման ենթակա պետական տուրքի գումար, հօգուտ Խորեն Բաբայանի բռնագանձել 150 000 դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
Կարդացեք նաև
«Խորեն Բաբայանը չի վերականգնվում, որովհետեւ նման պահանջ ընդհանրապես չի եղել: Հրամանը համարվել է անվավեր, որովհետեւ ուսուցիչը այլ կետով է ազատվել աշխատանքից, իսկ եթե մարդն ազատվում է աշխատանքից, լուծվում է նրա աշխատանքային պայմանագիրը: Այստեղ դատարանի վճռով անվավեր է ճանաչվել տվյալ հրամանը: Մնացած հարցերը նույնպես լուծված են: Ինքը երբեւէ դատարան չի դիմել աշխատանքում վերականգնվելու համար»,-պնդեց տնօրենը:
Aravot.am-ի հարցին՝ իսկ ի՞նչ պատճառ է նշել ֆիզկուլտուրայի ուսուցիչը՝ազատման դիմումում, դպրոցի տնօրենն այսպես արձագանքեց. «Ինքն աշխատանքից ազատվելու դիմում էր գրել, չէր ուզում աշխատել այս դպրոցում, ուզում էր դուրս գալ, սակայն դիմումը պատշաճ չէր գրում, դրա համար պարբերաբար իրենից պահանջում էի համապատասխան ձեւով դիմում գրել: Հետո նորից եկավ աշխատանքի… Մի խոսքով, երկար պատմություն եղավ: Կարող եք նայել գործի համարով, այնտեղ ամեն ինչ գրված է… Իսկ դիմումում գրված ազատման պատճառը հետեւյալն էր՝ ես չեմ ուզում աշխատել ձեր ղեկավարած դպրոցում»:
Լուսինե Կարապետյանը շեշտեց, որ թաքցնելու ոչինչ չունի եւ ամեն ինչ անկեղծ ներկայացնում է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսինե Կարապետյանի լուսանկարը՝ ֆեյսբուքի իր էջից