Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց, ըստ որի՝ շրջանառության հարկ վճարողների համար վեց ամիս անցումային ժամանակաշրջան կսահմանվի։ Հիշեցնենք, որ շրջհարկի դաշտում գործող տնտեսվարողները բողոքի ցույցեր են անում հարկային փոփոխությունների դեմ, որով շրջանառության հարկի շեմը դարձել է 10 տոկոս՝ նախկին 5 տոկոսի փոխարեն։
Կառավարության նիստում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասաց․ «Հարկման նոր կանոնների պայմաններում ժամանակավոր բնույթ ունեցող խնդիրն այն է, որ առք ու վաճառքի գործունեությամբ զբաղվող շրջանառության հարկ վճարողներից շատերը 2025 թվականի հունվարի մեկի դրությամբ ունեցել են նախկինում ձեռք բերված զգալի ապրանքային մնացորդներ, որոնց համար կամ չունեն ձեռբերումը հիմնավորող փաստաթղթեր, կամ ունեն ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթեր, սակայն դրանց գծով մինչեւ 2025 թվականի հունվարի մեկը շրջհարկը նվազեցվել է ընդամենը 4 տոկոսի չափով՝ ներկայիս 9,5 տոկոսի չափով նվազեցման հնարավորության փոխարեն։ Այս առումով անհրաժեշտ է, որպեսզի ներկա անցումային ժամանակաշրջանում, որը մեր գնահատմամբ ընդգրկելու է 2025 թվականի առաջին եւ երկրորդ եռամսյակները, կառավարությունն աջակցի, որպեսզի շրջանառության հարկ վճարողները կարողանան ցածր հարկային բեռի միջավայրում իրացնել նախկինում առանց փաստաթղթերի ձեռք բերված ապրանքները։ Այս համատեքստում շատ կարեւոր է, որպեսզի շրջհարկ վճարողները, օգտագործելով կառավարության աջակցության այս անցումային ժամանակաշրջանը, իրենց ձեռնարկատիրական գործունեության մոդելը վերանայեն այնպես, որ 2025 թվականի հուլիսի մեկից հետո ձեռքբերումները եւ այլ ծախսերը կատարեն առավելապես փաստաթղթավորմամբ, որի պարագայում ոչ միայն հարկային բեռի բարձրացում չի լինի, այլ նաեւ կարող է լինել հարկային բեռի նվազեցում»։
Նիկոլ Փաշինյանը հավելեց․ «Ըստ էության մենք վեցամսյա անցումային շրջան ենք նախատեսում՝ մինչեւ հուլիսի մեկը ներառյալ։ Ինչքան 5 տոկոսից ավելի հարկ կգոյանա, մենք այդ ամբողջ գումարը կվերադարձնենք տնտեսվարողներին»
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ