«Գիտենք, որ վարորդներին յուրաքանչյուր տարին ինը տուգանային միավոր է տրվում։ Խախտումների թվերից ելնելով՝ դրանք պակասում են։ Եթե զրոյանում են, ապա որոշ ժամանակ հետո կասեցվում է տրանսպորտային միջոց վարելու իրավունքը։ Փոփոխություններով 9 միավորի փոխարեն կլինի 13 միավոր»,- ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ նշեց ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով իր, Ալեն Սիմոնյանի և Ռուբեն Ռուբինյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությանը։
Նաև հավելեց՝ մի քանի իրավախախտումներ, որոնք ՃՏՊ անմիջական պատճառ են և դրանց վտանգավորության աստիճանը մեծ է, տուգանային միավորները կավելացվեն այդ խախտումներով․ «Եթե սարքում ենք 13 միավոր, որոշակի առումով նվազում է նաև այս խախտումներով նախատեսված պատժի չափը։ Հետևաբար հավասարեցման համար մենք որոշակի վթարածին խախտումների համար բարձրացնում ենք տուգանային միավորները»։
Արմեն Խաչատրյանը նաև վստահեցեց՝ ավելի մեղմ վարչարարություն կիրառելով՝ կարող ենք հասնել այն նույն նպատակներին, որոնք այսօր արձանագրված են։
ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն արձագանքեց․ «Պարզ է՝ ինչ ենք անում, բայց մի հարց ունեմ՝ դուք անում եք, փոփոխությունների հարց եք լուծում, արդյոք վարչական իրավախախտումների մեր օրենքը սոցիալական հարց լուծելու համա՞ր է գրվել։ Վարչական իրավախախտումների մասին օրենսդրությունը վարչական, իրավական կանխարգելման մասին է։ Արդյոք ճի՞շտ մոտեցում է իրավախախտներին կանխարգելելու գործիքակազմը թուլացնելը։ Եթե տրամաբանությունն այն է, որ ավել միավորները նույն ձև պիտի ազդեն վարորդի վարքագծի վրա, եկեք ինը միավորն էլ նույնը թողնենք։ Մենք սրանով ի՞նչ ուղերձ ենք տալիս մեր հանրությանը․ վերջին երեք տարում 1000-ից ավելի մարդ է մահացել ճանապարհներին։ Էս թուլացումն անելով ի՞նչ ենք ասում մեր վարորդներին՝ արխային խախտե՞ք կանոնները։ Մի զոհ ենք ունենում սահմանին կամ բանակում խաղաղ պայմաններում, ամբողջ ազգով սգում ենք, լավ ենք անում, բայց անցյալ տարվա մահացած 323 հոգու համար ո՞վ է սգալու, եթե ոչ մենք»։
Կարդացեք նաև
Արմեն Խաչատրյանն էլ հակադարձեց․ «Եթե մենք մահերը կապենք տույժերի խստացման հետ, ուրեմն եկեք կես միլիոն դրամ դնենք ցանկացած տույժի համար, անգամ զրկում վարորդական իրավունքից, արագության գերազանցման խախտումների հետևանքով են առաջանում մահերը։ Եկեք դնենք հինգ հարյուր հազար և զրկում վարորդական վկայականից։ Տեսնենք՝ բան փոխվելո՞ւ է։ Միայն վարչական ներգործության միջոցների խստացման ճանապարհով երթևեկության կազմակերպման որակի բարձրացում չենք ստանալու։ Այն իրավախախտումները, որոնք ռեցիդիվ են պարունակում և ճանապարհային երթևեկության կանոնների այնպիսի խախտումներ են, որոնք նպաստում են ՃՏՊ-ների առաջացման, յոթը խախտումով ծանրացրել ենք տույժի տեսակը, ավելի բարձր միավորներ են սկսել կիրառվել։ Եվ այս միավորները, եթե բարձրացրել ենք և սահմանել 13 միավոր, դրանք համարժեքություն չունեն։ Այնուամենայնիվ, յոթ իրավախախտումների դեպքով խստացում է գնացել։ Մեր վերլուծությունները ցույց են տվել՝ մասնավորապես Երևանում, մենք չունենք պատշաճ կազմակերպված ճանապարհային երթևեկություն, անհրաժեշտ ինժեներական կառույցներ, կանգառի, կայանման համար սահմանված գոնե նվազագույն տեղեր։ Պատկերացրեք՝ տաքսու վարորդ եք կամ առաքիչ դե, փորձեք Երևանում խախտում չանեք։ Մի տոկոս գոնե տաքսու վարորդ կա՞, որ փորձում է խախտում չանել և տարեկան երկու բալով պրծնել, չկա տենց բան։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ