Լրահոս
Օրվա լրահոսը

Գոնե մթա 6-րդ դարից ունենք հայկական մշտական ներկայությամբ փաստարկներ հելլենիստական Արցախի մասին. Համլետ Պետրոսյան

Փետրվար 27,2025 13:38

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ես հույս ունեմ, որ այն ակադեմիական սկզբունքները, որ մենք որդեգրել ենք եւ համառորեն շարունակում ենք, օգտակար կլինեն Արցախի հայության հազար ու մի խնդիրները տարբեր մակարդակներում բարձրաձայնելու, աջակցելու եւ ինչ-որ չափով արդյունքի հասնելու համար»,-Մատենադարանում մեկնարկած «Լեռնային Ղարաբաղ. փախստականներ, իրավունքներ և հնարավորություններ» թեմայով միջազգային երկօրյա համաժողովի ժամանակ նշեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը (լուսանկարում), որի հետազոտությունները հիմնականում նվիրված են Արցախի պատմամշակութային ժառանգությանը եւ Արցախում հայկական ներկայությանը:

«Հայ-ադրբեջանական կոնֆլիկտի պատմամշակութային ասպեկտը ամենահին եւ միշտ շահարկվող, այսօր էլ հայտնի չափով ամենալայն գործածություն ունեցող ասպեկտն է: Պատմամշակութային փաստերը կարծեք թե դարձել են երկու ժողովուրդների ինքնության ավելի շեշտադրման եւ առճակատման գործիք: Այդ տեսակետից, իհարկե, այդ ժառանգությունը հարկ ունի աշխարհին, գիտական հանրույթին ներկայացնել որոշակի ազգայնական պայմանական բաներից դուրս՝ զուտ գիտական մեթոդաբանությամբ, ինչին մենք հետեւում ենք:

Ընդհանրապես Արցախը եւ Ուտիքը կազմում են երկու տարբեր պատմամշակութային արեալներ: Եթե լեռնային, գետահովտային Արցախը միշտ հայտնի է առնվազն 3-րդ հազարամյակից՝ որոշակի մշտական սեդատիվ բնակչությամբ, ապա տափաստանը միշտ եռում էր եւ անընդհատ զանազան ցեղեր, ժողովուրդներ գալիս-անցնում էին: Եվ եթե գետահովտային այդ քաղաքակրթությունն ուներ իր սեփական կերպարը, ապա իրավիճակը կտրուկ փոխվում էր դեպի տափաստանը:

Երբ քաղաքական ուժերը կարողանում էին միավորել տափաստանը եւ լեռնաշխարհը, ինչպիսի առիթ մենք ունեցանք եւ այսպես ասած՝ անամոթաբար կորցրեցինք, միավորման դեպքում առաջանում է հզոր քաղաքակրթություն, գետերը բերում են իրենց ջրերը, առաջանում են երկրագործական հզոր օազիսներ, բայց որպես կանոն՝ հաճախ այդ երկուսն իրարից բաժան էին լինում, եւ բուն արցախյան բնակչությունը տեղավորվում էր գետահովիտների ու խորը ձորերի մեջ: Բազմիցս վկայված է Արցախում նաեւ թափառող, վաչկատուն, ռազմատենչ ցեղերի մշակույթը»,-ասաց գիտնականը:

«Երբ խոսում ենք հելլենիստական Արցախի մշակույթի մասին, պետք է նկատի ունենանք, որ գոնե մթա 6-րդ դարից մենք ունենք հայկական մշտական ներկայությամբ փաստարկներ, մթա 2-րդ դարում Արտաշեսին հաջողվում է ամբողջությամբ միավորել եւ հասցնել Կուր գետ, եւ իհարկե, հաջորդ փուլը Տիգրան Մեծի գործունեությունն էր: Մենք Արցախի հելլենիստական մշակույթի մասին հատկապես լավ գիտենք զանազան դամբարանային պեղումներով: Դա այսպես կոչված՝ կարասային թաղումների մշակույթն է: Բնակատեղիները մեզ շատ քիչ են հայտնի, դա Նոր Մարաղայի ամրոցն է, Շուշիում եղած ամրոցի հետքերն են, Կոտորի ամրոցն է, Սոնասարի բնակատեղին է…Քանի որ լուրջ հնագիտական պեղումներ չեն արվել, մենք կարող ենք այս ամենը արտաքնապես վերագրել մթա 2-րդ դարից մինչեւ մթա 4-րդ դարերը»,- ի թիվս այնի՝ ընդգծեց գիտնականը:

«Խոսել Արցախի անտիկ մշակույթի մասին, նշանակում է խոսել Արցախի Տիգրանակերտի մասին, որը կարծեք թե մեծամասամբ լրացնում է Արցախի հելլենիստական մշակույթի մասին մեր պատկերացումները: Քաղաքը շատ ընդարձակ է, մոտ 70 հա՝ կազմված բազմաթիվ վայրերից: Անկախության տարիներին Արցախի մշակութային ժառանգության հետազոտման ավելի մեծ պրոյեկտ, քան Տիգրանակերտն է, գոյություն չի ունեցել; Տիգրանակերտը մեզ հնարավորություն է տվել խոսել Արցախի հելլենիստական մշակույթի եւ վաղ քրիստոնեական մշակույթի տարբեր դրսեւորումների մասին»,-փաստեց գիտնականը:

Նա ասաց, որ Արցախի հելլենիստական անտիկ մշակույթն ունի ընդգծված համաքաղաքակրթական կերպար, այն տեղական ավանդույթի զարգացում չէ, ինչն ամենամեծ փաստն է, որ Ադրբեջաննն ինչ էլ անի, այն չի կարող համարել աղվանական Տիգրանակերտ. «Դա անհնար է, որովհետեւ Տիգրանը բերել է այդ ամենը, ներմուծել է, ինչպես որ Արտաշեսն է ներմուծել Արտաշատում այդ համակարգը»: Նա ասաց, որ Տիգրանակերտի կերպարը բազմէթնիկ եւ բազմադավան է՝ տարբեր ժամանակներում, սակայն տարբեր արձանագրությունների մանրամասն ներկայացումը ցույց է տալիս Արցախի վաղ քրիստոնեական ընդգծված հայկական կերպարը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728