Օրերս Բըրբանք քաղաքում, ԱՄՆ-ի Հյուսիսային թեմի առաջնորդարանի «Արմեն Համբար» դահլիճում տեղի ունեցավ հայ արձակագիր Մարգարիտ Դերանցի գրքերի շնորհանդեսը՝ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերեանի հովանավորությամբ։
Ելույթներով հանդես եկան ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, միջազգային հարաբերությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Բայբուրդյանը, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նորայր Պողոսյանը, մշակութային գործիչ, հրապարակախոս, բանասեր Րաֆֆի Մելքոնիանը, բժիշկ-բնաբան, արվեստագիտության դոկտոր Մարատ Հայրապետյանը։
Իրենց հոգեզմայլ կատարումներով գրական երեկոն զարդարեցին դաշնակահարուհի, կոնցերտմայստեր, հասարակական գործիչ Սուսաննա Սաֆարյան Տարոնցին, միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր օպերային երգչուհի Անահիտ Ներսիսյանը, արցախյան ակունքներով արվեստագետ Անահիտ Իշխանյանը, ասմունքող, դերասան Րաֆֆի Սարյանը։
Կարդացեք նաև
«Կարևոր է, որ մենք այստեղ, մեր կողքին այսպիսի գրող ունենք: Նա իր ստեղծագործությամբ ստեղծում է կապ հայրենիքի հետ: Ինքն իր ստեղծագործությամբ, իր կենսագրությամբ, իր գործունեությամբ մարմնավորում է այդ կապը և պատահական չէ, որ իր գրքերը լույս են տեսնում Երևանում, լույս են տեսնում Լոս Անջելեսում: Այս բացառիկ փաստը հենց վկայում է, որ նման բարձր գրականությունը, ճշմարիտ արվեստը հանդիսանում է մշակութապահապան կամուրջ Հայրենիքի և Սփյուռքի միջև»,- իր ողջույնի խոսքում ասել է դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան, միջազգային հարաբերությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Բայբուրդյանը: Վերջինս նաև հաճելի նորություն հայտնեց ռուսական հեղինակավոր Литературная газета ամսագրից, ըստ «21-րդ դարի գրականության ժառանգությունը» ամենամյա մրցույթի, որը տեղի է ունեցել 2024 թ. Ռուսաստանի Դաշնությունում, Մարգարիտ Դերանցն արժանացել է «Աշխարհի գրիչ» տարվա գրան-պրի մրցանակին` գրականության միջոցով միջազգային երկխոսության ամրապնդման համար։
«Կենսագրությունը ևս գրականություն է և այս պահին պետք է նշեմ իմ կենսագրության համար շատ կարևոր մի փաստ. ծնվել եմ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում, 9-ը տարեկանից տեղափոխվել եմ Երևան, քսանմեկ տարի ապրում եմ Լոս Անջելեսում, ուստի կարող եմ ասել, որ Արցախ, Հայրենիք և Սփյուռք եռամիությունն իմ կենսագրությունն է և իմ ճակատագիրը: Այս վեհ եռամիասնության տրոհումը հավասար է ինձ եռատելուն և համոզված եմ, որ ձեզանից շատերն ապրել են նմանատիպ ահռելի ցավ»,-նշել է արձակագիր Մարգարիտ Դերանցը։ Մարգարիտ Դերանցը արժանացավ Կալիֆորնիայի ամերիկյան սենատի և Գլենդել քաղաքապետարանի կողմից բարձրագույն պարգևների, որը նրան հանձնեց արվեստագիտության դոկտոր Մարատ Հայրապետյանը։
44-օրյա պատերազմից ինը ամիս հետո գրողը մեկնել է ծննդավայր` Ստեփանակերտ: Ասում է՝ դպրոցներում, փողոցներում, ամենուրեք սև ժապավեններ էին, բայց Արցախն ապրում էր, թատրոնը գործում էր, մշակութային օջախներում եռուզեռ էր և իրեն թվում էր, համոզված էր՝ չկա աշխարհում մի ուժ, որ կկարողանա կոտրել արցախցու կամքը:
Երեկոն ավարտվեց գերաշնորհ Տեր-Հովնան Արք. Տէրտէրեանի կենարար օրհնությամբ և աղոթքով։
Նշենք, որ Մարգարիտ Դերանցի անգլերենով թարգմանված «Սեր լուսնեզրին» վեպը անգլերենով թարգմանված «Love on the Moonedge» խորագրով գիրքը 2023թ. մասնակցելով American Book Fest մրցանակաբաշխությանը դուրս է եկել եզրափակիչ փուլ` պատմական սիրավեպ ժանրում: 2023 թ. ռուսերենով թարգմանվել է «Սեր և էմիգրացիա» գիրքը, որը լույս է տեսել «ЛЮБОВЬ ЭМИГРАНТКИ» խորագրով, և արժանացել է ռուս գրաքննադատների ուշադրությանը և գնահատանքին։ Հայրենիքի, հայի ապագայի հանդեպ խոր ապրումներից, տագնապից ծնված Արցախի պատմության վերջին մեկ դարի և արցախյան աշխարհամարտերին նվիրված «Գմբեթավոր Հովանոցը» վեպը 2024 թ. ՀԳՄ ամենամյա գրական մրցանակաբաշխությունում արժանացել է Ե. Չարենցի անվան մրցանակի, իսկ Ստեփան Ալաջաջյանի վեպերի մրցույթում դարձել է մրցանակակիր։
Մարգարետ Դերանցը գրական-մշակութային գործունեության համար արժանացել է բազմաթիվ ոսկե մեդալների. 2021թ. պարգևատրվել է Նարեկացու ոսկե մեդալով, Արցախի գրողների միության և Գրիգոր Նարեկացի համալսարանի կողմից։ Նաև արժանացել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության և համայնքի մշակույթային կազմակերպությունների բազմաթիվ պատվոգրերի՝ հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար։ 2023թ. մարտին Փարիզում, գրական գործունեության համար «Ազնավուր» հիմնադրամի կողմից արժանացել է ոսկե մեդալի։ 2023թ. սեպտեմբերին ՀԳՄ-ի կողմից արժանացել է «Գրական վաստակի» ոսկե մեդալին, իսկ 2024թ. դեկտեմբերին Լոնդոնում` Կոմիտասի անվան ոսկե մեդալին:
Վ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ