«Ժամանակակից աշխարհում պատերազմական իրավիճակներով պայմանավորված՝ փախստականության հիմնահարցը վերածվել է ամենահրատապ իրավական եւ մարդասիրական հիմնահարցերից մեկի: Ռազմական գործողությունները, բռնությունները, մարդու իրավունքների հիմնարար խախտումները, բնականոն կենսակերպերի հանդեպ սպառնալիքները մարդկային հսկայական զանգվածների տեղահանման պատճառ են դառնում:
Թեեւ միջազգային հանրությունը մշակել է մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներ, սակայն, դրանք չեն կարողանում իրականացնել իրենց գլխավոր նպատակադրումները, ինչի վկայությունն է ինչպես առհասարակ փախստականության երեւույթի գոյության շարունակականությունը, այնպես էլ փախստականների իրավունքների վերականգնման հարցում ցածր սկզբունքայնությունը»,-Մատենադարանում մեկնարկած «Լեռնային Ղարաբաղ. փախստականներ, իրավունքներ և հնարավորություններ» թեմայով միջազգային երկօրյա համաժողովի ժամանակ նշեց համաժողովի կազմակերպիչ՝ Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միություն ՀԿ-ի նախագահ Անդրանիկ Գրիգորյանը:
Անդրանիկ Գրիգորյանի խոսքով. «Պատերազմական համալիր հանցանքների հետեւանք է նաեւ արցախահայության՝ որպես փախստական երեւույթի ձեւավորումը: 2020թ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետությունը սանձազերծեց լայնածավալ ագրեսիվ պատերազմ Լեռնային Ղարաբաղի դեմ: Պատերազմի 44 օրերի ընթացքում ադրբեջանական ուժերի կողմից իրականացվել են սարսափելի պատերազմական հանցագործություններ, քաղաքացիական անձանց, գերիների հանդեպ սպանություններ եւ անմարդկային խոշտանգումներ, մասսայական ոճրագործություններ, հրկիզող զինամթերքների կիրառում, հոգեւոր եւ մշակութային հուշարձանների դիտավորյալ ոչնչացում եւ այլն:
2020թ 44-օրյա պատերազմի ավարտով եւ արցախահայ փախստականության առաջին ալիքի առաջացմամբ ադրբեջանական իրավախախտումներն ամենեւին չավարտվեցին: Նախ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներից տեղահանված հայությունը ի հակակշիռ ձեռք բերված եւ հաստատված քաղաքական համաձայնության՝ հնարավորություն չստացավ վերադառնալու իր բնակության նախկին վայրեր:
Կարդացեք նաև
Ավելին, կարճ ժամանակ անց Լաչինի միջանցքի շրջափակմամբ Լեռնային Ղարաբաղում մնացած հայությունը հայտնվեց գոյաբանական վտանգի առաջ՝ սննդի, դեղորայքի եւ առաջին անհրաժեշտության պարագաների անբավարարության պատճառով: Լեռնային Ղարաբաղի հայության գոյության 10-ամսյա սպառնալիքից հետո 2023թ սեպտեմբերին Ադրբեջանը կրկին գնաց ռազմական գործողությունների ճանապարհով:
Ադրբեջանն էթնիկ զտումների ենթարկեց Լեռնային Ղարաբաղի հայությանը: Էթնիկ զտումներ ուղեկցվել են մարդկության դեմ ուղղված այնպիսի հանցագործություններով, ինչպիսիք են զանգվածային սպանությունները, անօրեն ձերբակալությունները, քաղաքացիական բնակչության դեմ կիրառած ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումները: Ադրբեջանի կողմից իրականացրած հանցագործությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի հիմնարար նորմերն ու սկզբունքները…Այսօր ավելի քան երբեւէ պետք է բարձրաձայնվեն Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործություններն ու միջազգային իրավունքի կոպիտ խախտումները՝ իրազեկ պահելով միջազգային հանրությանը ու կոչ անելով պատկառելի կառույցներին ու քաղաքակիրթ ողջ աշխարհին պատռել անտարբերության քողը, որը ծնում է նոր հանցագործություններ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ