Մոնթեբելլոյի Հայոց Ցեղասպանութեան զոհերի յուշարձանը ներառուեց Կալիֆորնիայի պատմական կոթողների ցանկում: Այս մասին պաշտօնապէս յայտարարուեց Փետրուարի 21ին` յուշահամալիրում կայացած արարողութեան ժամանակ: «Հայոց Ցեղասպանութեան մէկ ու կէս միլիոն հայերի բնաջնջումն երբեք չի մոռացուելու: Մոնթեբելլոյի յուշարձանի ճանաչումը որպէս Հարաւային Կալիֆորնիայի պատմական կոթող այսօր բազմաթիւ քայլերից առաջինն է: Լոս Անջելեսի գաւառի տասը միլիոն բնակչութիւնը տեղեկանալու է այս մասին, ոչ միայն հայ կրթօջախների սաներն են այցելելու այս յուշահամալիր եւ աղօթելու, այլ գաւառի բոլոր դպրոցների աշակերտները: Այս յուշակոթողը վկայութիւն է, որ մեզ յիշեցնելու է, որ շարունակենք աշխատել Արցախի իրենց հողերից տեղահանուած 100 հազարից աւելի հայերի համար: Մենք չենք մոռացել, մենք ձեր հետ ենք»,-իր խօսքում մասնաւորապէս նշեց Կալիֆորնիայի Ծերակոյտի անդամ Բոբ Արչուլետան: Նրան է պատկանում յուշարձանը նահանգի պատմական կոթող հռչակելու նախաձեռնութիւնը, որ միաձայն ընդունուեց Նահանգի Պատմական հարստութիւնների յանձնաժողովի կողմից:
Ծերակուտական Արչուլետան նշեց, որ արդիւնքը հնարաւոր է դարձել 35 օրէնսդիր գործընկերների համախմբման շնորհիւ, որոնցից ոմանք ներկայ էին ձեռնարկին: Նրանցից, Ծերակոյտի անդամ Մարիա Ելենա Դուրազոն ընդգծեց Արչուլետայի ջանքերը` նշելով. «Այս յուշարձանը ոչ միայն լոկ կառոյց է, այլ մշտական յիշեցում, որ 1915 թուականի իրադարձութիւնները երբեք չպէտք է կրկնուեն: Մեր պարտականութիւնն է` կրթել եւ կիսուել այս պատմութեամբ, եւ անխոնջ աշխատել, որպէսզի Կալիֆորնիայի ողջ պատմութիւնը տեսանելի լինի, յարգուի եւ պաշտպանուած լինի»:
Կալիֆորնիայի Ներկայացուցիչների տան անդամ, Հայկական օրէնսդրական յանձնաժողովի նախագահ Ճան Հայրապետեանն էլ պատմական անուանեց օրը. «Ես միակ հայն եմ այս յանձնաժողովում, եւ կարող եմ փաստել, որ Սակրամենտոյում թէեւ մարդիկ չունեն հայկական արիւն, բայց սրտով հայ են: Այդ մարդկանց շնորհիւ է, որ Մոնթեբելլոյի հայկական յուշարձանը ճանաչուեց պատմական կոթող»:
Խօսքով հանդէս եկան նաեւ Մոնթեբելլոյի քաղաքապետարանի կառավարիչն ու քաղաքապետ Սալվադոր Մելենդեսը, ով նշեց, որ յուշարձանը հայերի համար եղել է որպէս տոկունութեան, յիշողութեան եւ արդարութեան հզօր խորհրդանիշ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ասպարեզ» թերթում: