Ըստ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տվյալների` 2025-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանից մեկնել է 26 հազար 397 բռնի տեղահանված արցախցի, վերադարձել՝ 14 հազար 871-ը: Այսինքն, 2020-ի եւ հատկապես 2023-ի սեպտեմբերի բռնի տեղահանությունից հետո այս տարվա հունվարի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել եւ չի վերադարձել 11 հազար 526 արցախցի։
Արցախի նախկին պետնախարար եւ նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով ԱԱԾ-ի պաշտոնական տվյալներին, ասում է, որ դրանք հեռու են իրականությունից.
– Աչքաչափով էլ անգամ եթե գնահատենք, հաշվի առնելով տարբեր սոցիալական շփումները, հանդիպումները եւ այլն, մոտ 30 հազար արցախցի հեռացել է Հայաստանի Հանրապետությունից: Խոսքը վերաբերում է 2023 թվականի սեպտեմբերից սկսած ժամանակահատվածին: Ընդ որում, չգիտեմ, երբ ԱԱԾ-ն ասում է 26 հազար 397 արցախցի է հեռացել, ներառո՞ւմ է վերադարձածներին, թե՞ ոչ:
– Նշում են, որ շուրջ 14 հազար 871 արցախցի վերադարձել է Հայաստան:
Կարդացեք նաև
– Տեսնում եք` տարբերությունն ինչքան մեծ է: Բայց ինձ հասանելի թվերը լրիվ այլ են: Շատ բարդ է նման իրավիճակներում թվերի մասին խոսելը: ԱԱԾ-ն էլեկտրոնային համակարգի` սեկտի միջոցով է ստանում տվյալները, որոնք ճշգրտման առումով ունեն որոշակի շեղումներ: Ներքին տեխնիկական խնդիրներ են գուցե, գուցե նաեւ մեթոդական հարցեր են առաջանում, այսինքն` եթե արցախցի ասելով միայն 070 անձնագրի կոդն են հաշվի առնում, ապա պետք է ֆիքսել, որ արցախցիներից շատերը 070 կոդով անձնագիր չունեն: 7 հազար արցախցի ընդունել է ՀՀ քաղաքացիություն: Հավանաբար, նրանց էլ արցախցի չեն համարում, եւ այստեղ մեծանում է շեղման հավանականությունը: Ես անգամ դեպքեր գիտեմ, որ 070 անձնագրի կոդով դուրս են եկել Հայաստանից, սակայն սեկտը որպես արցախցի նրանց չի ներառել:
– Իշխանությունները պնդում են, որ 4 մլն դրամ են տալիս՝ բնակարան ձեռք բերելու համար, հիմա բնակավայրերի ցանկը համալրել են նոր բնակավայրերով: Արդյունքում՝ ցանկում ներառվել է 39 համայնքների 443 բնակավայր՝ նախկին 148-ի փոխարեն, բայց արցախցիները մեզ հետ մասնավոր զրույցներում ասում են, որ սա հերթական բլեֆն է` ծրագիրը նորից չի աշխատելու:
– Դա իրականություն է, սակայն չի նշանակում, որ բնակարանային ծրագիրը հիմնովին բարելավվել է: Ողջունելի է, որ ցանկն ընդլայնվել է, սակայն հաշվի առնենք, որ, ըստ պաշտոնական տվյալների, արցախցիների 82 տոկոսը բնակվում է Երեւանում, Կոտայքի, Արմավիրի եւ Արարատի մարզերում: Այս մարզերում եւ Երեւանում գրեթե ոչ մի բնակարան չի ներառվում 4 մլն-ի ցանկի մեջ: Այստեղ աջակցության չափը մնում է 3 մլն: Բնակարանային ծրագիրն ունի լուրջ, սկզբունքային խնդիրներ, արդյունավետության խնդիր: Ծրագիրը մեկնարկել է 2024 թ. հուլիսին, սակայն 2025 թ. հունվարի կեսերին ծրագրին դիմել ու հավաստագիր է ստացել 502 անձ: Բնակարան ձեռք է բերել ընդամենը 5 անձ: Այստեղ կա խնդիր: Մտածում են, որ կտրեն բնակվարձը, արցախցիները ճարահատյալ կգնան այս ծրագրի ետեւից, բայց խնդիրը բնավ բնակվարձի մեջ չէ: Չեն ուզում խորքային վերլուծել ու հասկանալ, թե ինչ խնդիրներ կան: Այս տարվա ապրիլից 50 հազար դրամները կդառնան 40 հազար, եւ դրանք կստանան միայն անչափահասները, հաշմանդամները` բացառությամբ երրորդ խմբի, ինչպես նաեւ՝ երեխաները: Հուլիսի 1-ից 40 հազարը կդառնա 30 հազար, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից ոչ ոք չի ստանա բնակվարձի աջակցություն:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: