«Դա ոչ թե ուղղակի կեղծ է ու անմարդկային, դա հանցագործություն է միջազգային իրավունքի դեմ»: «Փաստի» հետ զրույցում նման գնահատական է տալիս «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Բաքվում տեղի ունեցող «դատավարություններին»: «Այս դատավարությունն ուղղված է մի քանի գլխավոր նպատակների: Առաջինը, կարծում եմ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, արցախահայության՝ անցած դարից սկսված ամբողջ պայքարը որպես տեռորիստական, հակապետական և դատապարտելի գործողություններ ներկայացնելն է: Ժողովրդի՝ իրենց ավանդական նորմերով, արժեքներով սեփական հողի վրա ապրելու համար պայքարն ուզում են նույնացնել տեռորիստական գործունեության հետ: Երկրորդը՝ դա ոչ միայն վերաբերում է արցախահայությանը և ԼՂՀ-ին, դա վերաբերում է նաև աշխարհի տարբեր անկյուններում պայքարող ժողովուրդներին: Գաղտնիք չէ, որ չճանաչված պետություններ կան, որոնցից մի քանիսը պայքարում են արդարության համար: Մարդու անքակտելի իրավունքներից մեկն է ինքնորոշման իրավունքը, դրա համար եմ տեղի ունեցողն անվանում հանցագործություն միջազգային իրավունքի դեմ»,-նշում է մեր զրուցակիցը:
Ընդգծում է՝ մարդկանց այսօր Ադրբեջանում «դատում» են որպես հակապետական և միջազգային հանցագործներ: «Երրորդ թիրախը Հայաստանն է: Այնտեղ խոսքն այն մասին է, որ Հայաստանն անօրինական ձևով ագրեսիա է իրականացրել Ադրբեջանի դեմ և այս բոլոր տարիներին օկուպացրել է այդ տարածքները, ներառյալ՝ Արցախը: Այս համատեքստում պետք է հասկանանք, թե ինչ է արել և անում Հայաստանի օրվա իշխանությունը: Օրվա իշխանությունը հրապարակայնորեն արել է այնպիսի կեղտոտ և զազրելի քայլ, որին հավասարը չկա: Հիմա նրանք ինչ էլ անեն, դա չի փրկելու: Երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, ինչպես ամենացածր մակարդակի «доносчик», արտահայտվել է Ռուբեն Վարդանյանի մասին: Նրա մասին իր ճանաչողությունը չէր պահանջում այդ ստոր հայտարարությունը: Դա ենք լսել հրապարակայնորեն խաբեությամբ կառավարության ղեկը ձեռքը վերցրած այդ անձնավորության կողմից: Այստեղ նշենք, որ վերջին օրերին ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող անձը, կարծես թե, մի երկու տեղ արտահայտվել է այս խնդրի մասին, բայց եթե համեմատենք մնացած իրենց հայտարարությունների հետ, նաև այսպես ասած, պիղծ խաղաղության պայմանագիր ստորագրելու ընթացքի հաջողությունների առումով, կարելի է, չէ՞, ենթադրել, թե ինչ են անում ոչ հրապարակայնորեն: Պնդում եմ՝ իրենց այն խոսքը, որ գերիների վերադարձման ուղղությամբ քայլեր են անում ոչ հրապարակայնորեն, ամբողջովին վնասում է ոչ միայն Արցախի ռազմական ու քաղաքական ներկայացուցիչներին, այլ բոլոր 21 գերիներին: Կասկած չունեմ: Սա սուբյեկտիվ կարծիք չէ:
Ներհայաստանյան կյանքում ականատես ենք լինում դատական գործընթացների, երբ փորձ է արվում լռեցնել իշխանություններին ուղղված քննադատությունը, կառավարման բացթողումների վերհանումը: Խոսքի ազատությունն ու ժողովրդավարությունը, որն այս իշխանությունն իր գլխավոր խաղաքարտն էր համարում, կարծես թե, այլևս գերակա արժեք չեն Հայաստանում:
Հայաստանի օրվա իշխանությունները փորձում են ազգպետություն գաղափարախոսությունից «ազգը» հանել, նրանք Հայաստանը դարձնում են Թուրքիայի վիլայեթ: Եթե հանում ես պետականության կորիզը, այն է՝ ազգայինը, նա դառնում է Թուրքիայի վիլայեթ, Ռուսաստանի գուբերնիա, Ամերիկայի նահանգ: Սա է հիմնական խնդիրը, որն ամեն անգամ ավելի նողկալի փաթեթավորմամբ ներկայացվում է ամենաանգրագետ, ամենատանջված խավին, որոնց համար պատրաստվում է այդ խայտառակ ապագան, որը կա»,-ասում է մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։