Ուկրաինան համաձայնել է ԱՄՆ-ին իր բնական ռեսուրսներին հասանելիություն տալու գործարքին: Այս կարևոր համաձայնագիրը կնքվել է Ռուսաստանի լայնամասշտաբ պատերազմին վերջ տալու դիվանագիտական ջանքերի ֆոնին:
«Ազատության» տրամադրության տակ հայտնված գործարքի պատճենում անդրադարձ չկա հիմնական հարցերին և մանրամասները մնում են հետագա։ համաձայնագրին։
Գործարքում ներառված չէ ԱՄՆ կողմից անվտանգության երաշխիքների մասին Կիևի հիմնական պահանջը։ Չի նշվում նաև, թե արդյոք ԱՄՆ-ը կշարունակի ռազմական տեխնիկա և զինամթերք մատակարարել Ուկրաինային։
Գործարքի հիմնական կետերը
Կարդացեք նաև
Անվտանգության ոչ մի երաշխիք․ գործարքն աջակցում է անվտանգության երաշխիքներ ստանալուն, բայց դրանք չի տրամադրում:
Ռեսուրսների զարգացում. Ուկրաինան և ԱՄՆ-ը համատեղ կօգտագործեն Ուկրաինայի բնական պաշարները, ներառյալ նավթը և գազը:
Վերակառուցման հիմնադրամ. Հիմնադրամը կստանա Ուկրաինայի պետական ռեսուրսներից ստացված եկամուտների 50 տոկոսը:
Վերաներդրումներ․ Շահույթը առնվազն տարին մեկ անգամ կուղղվի Ուկրաինայի տնտեսության վերականգնմանը։
Այլ մանրամասներ. Կառավարման և սեփականության այլ մանրամասներ կքննարկվեն ավելի ուշ։
Գործարքի տեքստը սկսվում է այսպես՝ Վաշինգտոնը «զգալի ֆինանսական և նյութական աջակցություն է ցուցաբերել Ուկրաինային Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո»:
Այնտեղ հիշատակում չկա Ուկրաինայի հանքային հարստությունից 500 միլիարդ դոլարի հնարավոր եկամուտ ստանալու մասին Վաշինգտոնի պահանջից, որը երևում էր գործարքի ավելի վաղ նախագծում: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս կետը բազմիցս անընդունելի է համարել։
Անվտանգության ոչ մի երաշխիք Ուկրաինայի համար
Համաձայնագիրը չի ներառում հստակ խոստումներ ԱՄՆ-ի անվտանգության համար: Միևնույն ժամանակ նշվում է, որ Միացյալ Նահանգներն «աջակցում է անվտանգության երաշխիքներ ստանալու Ուկրաինայի ջանքերին»:
Նշվում է նաև Վաշինգտոնի «երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունն՝ Ուկրաինայի կայուն և տնտեսական զարգացման համար»:
Համաձայնագրի հիմնական մասը վերաբերում է Վերակառուցման ներդրումային հիմնադրամի ստեղծմանը, որտեղ Ուկրաինան համաձայնել է ներդնել իր բնական ռեսուրսներից ստացված եկամուտների 50 տոկոսը, այդ թվում՝ նավթից, գազից ստացված։
Դրանում հստակ ասվում է, որ «հիմնադրամում չեն ներառվում եկամտի ընթացիկ աղբյուրները, որոնք արդեն Ուկրաինայի ընդհանուր բյուջեի եկամուտների մաս են կազմում»:
Անպատասխան հարցեր
Շատ հարցեր մնացել են անպատասխան։ Նշվում է, որ դրանք կքննարկվեն ապագա համաձայնագրում, իսկ դրանց շուրջ աշխատանքային խմբերը կսկսեն բանակցել «առանց ժամանակ կորցնելու»:
Չհամաձայնեցված առանցքային կետերից է հիմնադրամի համատեղ սեփականությունը բաշխելու խնդիրը, ենթադրվում է, որ այն չի կարող օգտագործվել հավասարապես՝ 50-50 տոկոս։
Բաց են մնում նաև հիմնադրամի «կառավարման և գործունեության» մանրամասները։ Գործարքում հստակեցված է՝ կողմերից ոչ մեկը չի կարող «վաճառել, փոխանցել կամ այլ կերպ տնօրինել» ֆոնդի որևէ մասն՝ առանց մյուս կողմի համաձայնության:
Համաձայնագրում ասվում է, որ այն ենթակա է հաստատման Գերագույն Ռադայի կողմից, սակայն Կոնգրեսի վավերացման մասին խոսք չկա։
Ուկրաինացի իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցություն պատգամավոր Բոհդան Կիցակը «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությանն ասել է, որ գործարքն օգուտ է Ուկրաինայի տնտեսությանը։
«Սա պահանջում է մեծ թվով մասնագետներ, գիտական հետազոտություններ և նոր տեխնոլոգիաների առաջացում», – ասել է պատգամավորը՝ հավելելով՝ ԱՄՆ ներդրումները կարող են ստեղծել «նոր տնտեսություն»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար գործարքը կարող է քաղաքական հաղթանակ համարվել։ Նա մեծ ջանքեր է գործադրել այս ուղղությամբ և այժմ ստացել է այն:
Զելենսկու համար ներկա պահին գործարքը կարող է թուլացնել հրապարակային տարաձայնությունները, որի հետևանքով Թրամփը նրան «բռնապետ» անվանեց:
Ռեյ Ֆերլոնգ
«Ազատություն»