Լրահոս
Ինչ է ուզում Ալիեւը
Օրվա լրահոսը

«Պյուռոսյան հաղթանակների» ճակատագիրը

Փետրվար 27,2025 10:00

Հիշո՞ւմ եք, թե ինչպիսի «ֆոկուս» արվեց Վանաձորում երկու անգամ՝ ավագանու ընտրությունների արդյունքները խեղելու նպատակով: Սկզբից, «նախկինների» ժամանակ, ամեն ինչ արվեց, որպեսզի Մամիկոն Ասլանյանը դառնա քաղաքապետ՝ այդ նպատակով «կոշիկները փոխեց» ՕԵԿ-ը: (Նմանատիպ հնարք կիրառվեց նաեւ Երեւանի ավագանու վերջին ընտրություններում): Այնուհետեւ, արդեն ներկա, «ոչ կոռումպացված» իշխանությունների օրոք, ամեն ինչ արվեց, որ Ասլանյանը քաղաքապետ չդառնա: Այս պարագայում լուծումն ավելի կոպիտ էր՝ ընտրություններում հաղթող դաշինքի ղեկավարին պարզապես ձերբակալեցին:

Բացառված չէ, որ այդպիսի մի բան տեղի կունենա նաեւ Գյումրիի ավագանու ընտրություններում, եւ քաղաքապետ հռչակվի իշխանության թեկնածու Սարիկ Մինասյանը: Բայց նման հնարավոր ելքի հեռանկարն ամենեւին չի նշանակում, որ գյումրեցիները չպիտի գնան ընտրությունների կամ, որ մնացած, ոչ ՔՊ-ական ուժերը չպիտի պայքարեն: Ինչպես հայտնի է, լինում են «հաղթանակներ», որոնք ընդունված է անվանել «պյուռոսյան»՝ այն թագավորի անունով, որն ասել է՝ «եւս մի այդպիսի հաղթանակ, եւ ես կմնամ առանց զորքի»:

Ո՞րն է այստեղ խնդիրը. քանակական փոփոխությունները կուտակվում են դանդաղ եւ գուցե աննկատ, իսկ դրանց արդյունքում որակականը ի հայտ է գալիս միանգամից եւ «անսպասելի»: Նմանատիպ գործընթացներ տեղի են ունենում նաեւ բնության մեջ: Ռուսական արմատներով բելգիացի ֆիզիկոս Իլյա Պրիգոժինը հայտնաբերել է, որ անկանոն փոփոխությունների ընթացքում գալիս է մի պահ (այն կոչում են «բիֆուրկացիայի կետ»), երբ դրսի միջամտությամբ կամ պատահականության ազդեցության տակ համակարգը կա՛մ դառնում է է՛լ ավելի անկանոն, կա՛մ ձեռք է բերում ավելի բարձր կազմակերպվածության մակարդակ:

Ընտրությունների արդյունքների շարունակական խեղումը, ինչպես որ դա տեսել ենք նաեւ նախկինում, ունի հանգուցալուծման երկու տարբերակ. 1/ հիասթափություն ընտրական համակարգից, կատարյալ ապատիա կամ, հակառակը՝ կյանքը այլ ճանապարհներով փոխելու ձգտում, 2/ ավելի կատարյալ համակարգի ձեւավորում, երբ վերոհիշյալ «ֆոկուսները» հնարավոր չեն:

Երկրորդ տարբերակն, իհարկե, ավելի ցանկալի է: Բայց հասարակական կյանքում նման բարենպաստ փոփոխությունները ինքնաբերաբար չեն կատարվում: Ոչ-ՔՊ-ական քաղաքական ուժերը պետք է համագործակցեն եւ ակտիվացնեն ընտրողներին:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728