Լրահոս
Օրվա լրահոսը

«Անդրանիկի պատգամներով ապրող երևելի հայորդիների շնորհիվ էլ չի մոռացվում մեր գաղափարի հզոր մարտիկների հիշատակը»

Փետրվար 27,2025 00:01

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Երբ ցեղն է գործում, Գարահիսարցի մի հյուսն դառնում է Անդրանիկ և Սեբաստացի մի շինական՝ Մուրադ»։

Գարեգին Նժդեհ

 

Փետրվարի 25-ին է ծնվել հայոց պատմության մեջ իր հավերժ տեղը բռնած ռազմական գործիչը՝ Զորավար Անդրանիկը, Անդրանիկ Օզանյանը, Անդրանիկ Փաշան։ Ապագա Հայդուկապետն ընդամենը 1 տարեկան էր, երբ մահացել է մայրը,և եղբորը խնամել է ավագ քույրը՝ Նազելին։

Զորավարի ծննդյան 160 ամյակի առթիվ Երևանում՝ Հայաստանի Կույրերի Միավորման «Սոկրատ Շահնազարյանի անվան մշակույթի տուն» ՍՊ ընկերության դահլիճում, տեղի ունեցավ հանդիսավոր երեկո, որը կազմակերպվել էր 12 տարի առաջ հիմնադրված «Վահագն» ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպության (ՌՀԲՀԿ) հիմնադիր-նախագահ Կարապետ Կարապետյանի (Մորուք Կարո) նախաձեռնությամբ ու ջանքերի շնորհիվ։

Հանդիսավար Աննա Կոստանյանը, ով մշտապես նման միջոցառումներ է վարում և հաճախ «Վահագն»-ի հետ է, դիմեց ներկաներին ողջույնի խոսքով․ «Անդրանիկի պատգամներով ապրող երևելի հայորդիների շնորհիվ էլ չի մոռացվում մեր գաղափարի հզոր մարտիկների, ազգային դեմքերի, մեր օրեր հասած արդեն հերոսի կոչումների արժանի քաջազնունների հիշատակը»:

Ա․ Կոստանյանը կարևորեց նաև Կարո Կարապետյանի դերը, ով մշտապես ապրելով Անդրանիկի գաղափարներով, հատկապես. «Ամեն օր գլուխներդ բարձին դնելուց եւ քնանալուց առաջ, յիշէք, թէ այդ օրը ինչ էք արել ձեր ազգի համար» լեգենդար ասույթով, կարողացել է մի հարկի տակ բերել այն հայրենակիցներին, ովքեր քաջատեղյակ են հայրենիքում կատարվող անցուդարձից և արժևորում են անդրանիկյան գաղափարները:

Անդրանիկի ազգային-հայրենասիրական մեկ այլ պատգամ նույնպես կարևորվել է այս միջոցառումին. «Յուրաքանչյուրի համար իր կուսակցությունն ազգը պետք է լինի», և ՀՀ-ում գործող տարբեր հասարակական կազմակերպություններ, ֆեդերացիաներ, անհատներ են մասնակից Զորավարի ծննդյան օրվան նվիրված երեկոյի:

Մինչ երեկոյի սկսելը՝ Մորուք Կարոյի նախաձեռնությամբ եղանք Եռաբլուրում, այցելեցինք Անդրանիկ Զորավարի շիրիմին, ծաղիկներ խոնարհեցինք, խնկարկեցինք։ Դահլիճում դրոշին նվիրված քառատողից հետո հնչեց ՀՀ Օրհներգը, և «Վահագն» ՌՀԲՀԿ-ում գործող մարզամշակութային խմբի սաները բեմ հանեցին ՀՀ և Արցախի պետական Եռագույնները, ինչպես նաև միջոցառման մասնակից մոտ 2 տասնյակ հասարակական կազմակերպությունների դրոշները: Միջոցառմանը մասնակից էին նաև ճանաչված երգիչներ, մշակութային խմբեր: Առաջինը «Վահագնի ծնունդը» երգով հանդես եկավ երգիչ Արսեն Համբարյանը:

Ցուցադրական ելույթներով ներկաներին ոգևորեցին և «Վահագն» ՌՀԲՀԿ-ի սաները: Ոգևորիչ էին նաև երգիչ Արմեն Դանիելյանի կատարած «Մուշ երգիր…» և այլ երգերը, որոնք ուղեկցվում էին «Վալենս» պարային համույթի (գեղարվեստական ղեկավար՝ Վահագն Գասպարյան) կատարումներով:

Անդրանիկ Զորավարի մասին ներկայացրեց պատմաբան, գրող Կարո Վարդանյանը: Բարձր գնահատելով Զորավարի դերը հայոց պատմության մեջ՝ կարևորեց այն հանգամանքը, որ շատերը քննքդքտաբար են վերաբերում Անդրանիկին, որ իբր խռոված գնաց հայրենիքից: Ըստ պատմաբանի՝ նա գնաց, որ եղբայասպան կռիվներ չլինեին:

Դահլիճում էին նաև Սոսե մայրիկների պես հայ կանայք, ովքեր կորցրել են զավակներ, ամուսիններ, հարազատներ, բայց հպարտ են պատրաստ՝ հարազատների կիսատ թողած գործերը շարունակելու, գաղափարները կյանքի կոչելու։ Կայացած լռության րոպեից հետո արմատներով մշեցի, իսպանաբնակ հայ հայտնի տենոր եվրոպական մի շարք օպերաների մենակատար, «Գյումրի ոսկյա զինանշան» մեդալակիր, միջազգային բազմաթիվ փառատոնների մրցանակակիր, «Վահագն զորության ռազմի աստված» ոսկյա շքանշանի արժանացած Վահրամ Թադևոսյանը՝ Վաննո Թադեոն, կատարեց «Մայր» երգը, որը հուզեց ներկաներին։

Խոսվեց նաև Անդրանիկի անձնական իրերը տարբեր թանգարաններում պահվելու մասին: Ռազմահայրենասիրական երգերի կատարումով հանդես եկան նաև երգիչ Գրիգոր Համբարյանը, Գուսան Հայկազունը, «Հայ լաո» դուետի երկվորյակ եղբայրներ Վարդան և Տիգրան Թադևոսյանները:

Ընթացքում եղավ նաև «Վահագն»- կողմից նախաձեռնած մի կարևոր ավանդույթ՝ «Իշխանի շղթա»-ի փոխանցման արարողություն:

Եղավ նաև պարգևների հանձնում: «Անդրանիկի արծիվներ» ռազմահայրենասիրական ՀԿ հիմնադիր նախագահ, «Անդրանիկ» կամավորական ջոկատի հրամանատար Անդրանիկ Հարությունյանը մեդալներ հանձնեց իր ղեկավարած ջոկատի մարտիկներին, Կ․ Կարապետյանին: ՀՀ վաստակավոր մարզիչ, մանկավարժական գիտությունների դոցենտ, Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահ, միջազգային պաուելիֆտինգի միության նախագահ Գագիկ Սարոյանը գավաթ և մեդալ հանձնեց Մորուք Կարոյին:

Անդրանիկ Զորավարի մասին ներկայացրեց նաև երիտասարդ պատմաբար Գոռ Ղազարյանը: Եղան այլ ելույթներ։ Երեկոն ավարտվեց ռազմահայրենասիրական երգերի, ազգագրական պարերի կատարումներով ու Ամենայն հայոց բանաստեղծի՝ Անդրանիկի մտերիմ Թումանյանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծությամբ.

Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,

Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,

Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,

Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով,

Իմ նո՜ր հայրենիք, Հըզո՜ր հայրենիք․․․

 

Զոհրաբ Ըռքոյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728