Լրահոս
Ինչ է ուզում Ալիեւը
Օրվա լրահոսը

Ո՞վ էր Փաշինյանին «սպառնացողը»

Փետրվար 27,2025 13:30

Օրեր առաջ սոցիալական ցանցերում խոսվեց մարզերից մեկի բնակչի մասին, ով իր դատական նիստի օրը չէր ներկայացել դատարան, պատճառը նրա մահն էր: Այս գործը հետաքրքիր էր նրանով, որ նա մեղադրվել էր ՀՀ վարչապետին սպառնալու համար: Ողջամիտ դիտորդի կարծիքով էլ հետաքրքիր էր նրա համար, որ սա այն տասնյակ քրեական գործերից է, որտեղ ենթադրյալ տուժող չկա, չկա հնարավոր տուժողի կողմից անձնապես տրված հաղորդում հանցագործության մասին:

2024 թվականի մայիսի 13-ին ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչության քննիչ Շ. Առաքելյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2–րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է թիվ 37018924 քրեական վարույթը։

Վայոց ձորի մարզի դատախազության դատախազ Է. Խաչինյանի՝ 2024 թվականի նոյեմբերի 1-ի որոշմամբ Վահան Մանասերյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչության քննիչ Շ.Առաքելյանի՝ 2024 թվականի նոյեմբերի 15-ի որոշմամբ Վահան Մանասերյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացա, որ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի բնակիչ Վահան Հայկազի Մանասերյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. «Նա մասնակցելով Բագրատ սրբազանի գլխավորած երթին, լրագրողների կողմից հնչեցրած հարցերին պատասխանելու ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իր պետական գործունեության կատարման կապակցությամբ, ձեռքին նախապես վերցրած ձեռնափայտի գործադրմամբ՝ այն թափահարելով, նրան տվել է առողջությանը վնաս պատճառելու սպառնալիք, հայտարարելով, որ խոստանում է ձեռնափայտով հարվածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխին, որպիսի պայմաններում եւ իրադրությունում եղել է այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ»։

2025 թվականի հունվարի 30-ին Վայոց ձորի մարզի դատախազությունից Արարատի եւ Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է թիվ 37018924 նախնական քննության վարույթի համարով քրեական գործն ըստ մեղադրանքի Վահան Հայկազի Մանասերյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով։

Դատավորն էր Ռիմա Առաքելյանը:

Վերջինս ստանձնելով քրեական գործի վարույթը նշանակել էր նախնական դատալսումներ 2025 թվականի փետրվարի 18-ին, ժամը 14:30-ին՝ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վայքի նստավայրում:

Նշեմ, որ Վայոց ձորի մարզի դատախազության դատախազ Է.Խաչինյանի՝ 2024 թվականի նոյեմբերի 19-ի որոշմամբ ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչության քննիչ Շ.Առաքելյանի միջնորդությունը բավարարվել է եւ Վահան Հայկազի Մանասերյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետը մի անգամ կասեցվել էր՝ «քննությունից խուսափելու» պատճառով։

Վայոց ձորի մարզի դատախազության դատախազ Է.Խաչինյանի՝ 2024 թվականի նոյեմբերի 28-ի որոշմամբ ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչության քննիչ Շ.Առաքելյանի միջնորդությունը բավարարվել էր եւ Վահան Մանասերյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման կասեցված ժամկետը վերսկսվել։

Փետրվարի 18–ին նախնական դատալսումների ընթացքում պաշտպան Վ.Մարգարյանը հատնում է, որ Վահան Հայկազի Մանասերյանը մահացել է եւ դատարանին ներկայացնում Վ.Մանասերյանի մահվան մասին պետական վկայականի պատճենը։ Պաշտպանը միջնորդում է Վահան Մանասերյանի նկատմամբ քրեական վարույթը կարճել եւ քրեական հետապնդումը դադարեցնել նրա մահվան հիմքով:

Պաշտպանը ներկայացնում է Վ.Մանասերյանի եղբոր՝ Գեւորգ Մանասերյանի դիմումը, որով վերջինս խնդրել է կարճել եղբոր վերաբերյալ քրեական վարույթը։

Ըստ դատարան ներկայացված մահվան մասին պետական վկայականի՝ Վահան Մանասերյանը մահացել էր 2025 թվականի փետրվարի 4–ին։ Դատարանը քրեական հետապնդումը դադարեցնում է, կարճում թիվ ԱՎԴ4/0010/01/25 քրեական վարույթը՝ մեղադրյալի մահանալու հիմքով:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.02.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728