Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածը, չնախատեսելով ենթադրյալ հանցանք կատարած անձի կամ մեղադրյալի մահվան դեպքում քրեական վարույթը շարունակելու հարցի կապակցությամբ տուժողի դիրքորոշումը պարզելու պահանջի, ինչպես նաեւ նույն հոդվածի 10-րդ կետի կիրառման դեմ տուժողի անհամաձայնության դեպքում քրեական վարույթն ընդհանուր կարգով շարունակելու վերաբերյալ կարգավորումներ, չի համապատասխանում Սահմանադրության 61-րդ եւ 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ համապատասխանաբար արդյունավետ դատական պաշտպանության, ինչպես նաեւ արդար դատաքննության հիմնական իրավունքների բովանդակությանը:
Լիպարիտ Հովհաննիսյանի (ներկայացուցիչ՝ փաստաբան Անդրանիկ Մանուկյան) դիմումը Սահմանադրական դատարան մուտքագրվել էր 2024 թվականի դեկտեմբերի 4-ին: Անչափ հետաքրքիր այս գործի քննությունը նշանակվել է մարտի 4-ին գրավոր ընթացակարգով: Պատասխանող կողմը Ազգային ժողովն է, զեկուցողը՝ ՍԴ դատավոր Ա.Վաղարշյանը:
Ներկայացնելով թիվ ԵԴ1/0501/11/23 գործի դատավարական նախապատմությունը՝ դիմումատու Լ.Հովհաննիսյանը նշել է, որ օրենսդրությունը, ինչպես նաեւ նախադեպային իրավունքը չեն փոխհատուցում մինչ դատական վարույթի ընթացքում ենթադրյալ հանցանք կատարած անձի մահվան դեպքում քրեական հետապնդում հարուցելու կամ՝ հարուցված քրեական հետապնդումը շարունակելու հարցում տուժողի դիրքորոշումն անտեսելու պարագան՝ չսահմանելով բավարար երաշխիքներ՝ քրեական դատավարությունից դուրս քաղաքացիադատավարական եղանակներով հասնելու ենթադրյալ հանցագործությամբ իրեն պատճառված վնասի հատուցմանը:
Դիմողը խնդրել է. Սահմանադրության 61-րդ եւ 63-րդ հոդվածներին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածն՝ այնքանով, որքանով այն թույլ է տալիս առանց տուժողի համաձայնության, քրեադատավարական օրենքի 12-րդ հոդվածի 10-րդ կետի կիրառմամբ կայացնելու մահացածի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ՝ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում՝ դրանով իսկ տուժողի համար ստեղծելով Սահմանադրության 61-րդ եւ 63-րդ հոդվածներով երաշխավորվող՝ դատական պաշտպանության արդյունավետ միջոցի եւ արդար դատաքննության հիմնարար իրավունքների իրացման դատավարական փակուղի:
Կարդացեք նաև
Ըստ դիմումատուի՝ օրենսդրությունը, ինչպես նաեւ նախադեպային իրավունքը չեն փոխհատուցում մինչդատական վարույթի ընթացքում ենթադրյալ հանցանք կատարած անձի մահվան դեպքում քրեական հետապնդում հարուցելու կամ հարուցված քրեական հետապնդումը շարունակելու հարցում տուժողի դիրքորոշումն անտեսելու պարագան՝ չսահմանելով բավարար երաշխիքներ՝ քրեական դատավարությունից դուրս քաղաքացիադատավարական եղանակներով հասնելու ենթադրյալ հանցագործությամբ իրեն պատճառված վնասի հատուցմանը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.02.2025