Լրահոս
Ինչ է ուզում Ալիեւը
Օրվա լրահոսը

Հայցվորը կարող է պահանջել պարտավորեցնել Գլխավոր շտաբի պետին՝ հաստատել իր կողմից ներկայացված հայտը

Փետրվար 27,2025 12:30

ՀՀ վարչական դատարան դիմած հայցվորը հայտնել էր, որ պաշտպանության նախարարություն ներկայացված հայտով գրանցվել է Մարզական վաշտի զորակոչիկների 2025 թվականի ձմեռային զորակոչի մրցույթին մասնակցելու համար: Պաշտպանության նախարարության պաշտոնական mil.am կայքէջում 2025 թվականի հունվարի 22-ին, ժամը 17:30-ին հրապարակվել է պաշտպանության նախարարության 25.06.2018 թվականի 8-Ն հրամանով հաստատված «Մարզական վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչի ենթակա քաղաքացիների ընտրության կարգի» պահանջներին համապատասխան ընտրված զորակոչի ենթակա քաղաքացիների ցանկը, որում, սակայն, նրա անունը ընդգրկված չէ:

Հայցվոր Ա. Սահակյանը 2025 թվականի հունվարի 23-ին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ պաշտպանության նախարարության, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի եւ Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին մարզական վաշտում զինվորական ծառայության նշանակելու ընտրության հանձնաժողովի դեմ: Նա խնդրում է, որ դատարանը պարտավորեցնի ՊՆ նախարարի 25.06.2018 թվականի թիվ 8-Ն հրամանի համաձայն ստեղծված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին մարզական վաշտում զինվորական ծառայության նշանակելու ընտրության հանձնաժողովին ընդունել բարենպաստ վարչական ակտ, այն է՝ հայցվորի կողմից ներկայացված հայտը «մարզական վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչի ենթակա քաղաքացիների ընտրության կարգի» պահանջներին համապատասխանող լինելու վերաբերյալ արձանագրությունը եւ որպես հետեւանք՝ պարտավորեցնել Գլխավոր շտաբի պետին հաստատել հայցվորի կողմից ներկայացված հայտը «մարզական վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչի ենթակա քաղաքացիների ընտրության կարգի» պահանջներին համապատասխանող լինելու վերաբերյալ արձանագրությունը:

Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարի 2018 թ. հունիսի 25-ի թիվ 8-Ն հրամանով հաստատված հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների ծառայության վայրեր նշանակումը կենտրոնացված ձեւով եւ վիճակահանությամբ իրականացնելու կարգի 4-րդ կետի համաձայն՝ հանձնաժողովի կողմից մարզական վաշտում ծառայության նշանակելու նպատակով ընտրության անցկացման գործընթացն արձանագրվում է, արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի բոլոր անդամները եւ այն ներկայացվում է գլխավոր շտաբի պետի հաստատմանը եւ 3-օրյա ժամկետում հրապարակվում mil.am կայքում:

Դատավոր Կարեն Զարիկյանը հունվարի 31-ին արձանագրել է, որ «Մարզական վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչի ենթակա քաղաքացիների ընտրության կարգի» պահանջներին համապատասխանող լինելու վերաբերյալ արձանագրությունը Գլխավոր շտաբի պետի կողմից հաստատվելուց հետո «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ հոդվածի իմաստով համարվում է վարչական ակտ: Ըստ այդմ, ՎԴ օրենսգրքի 67-րդ հոդվածով նախատեսված պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել պարտավորեցնել Գլխավոր շտաբի պետին հաստատել հայցվորի կողմից ներկայացված հայտը «մարզական վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչի ենթակա քաղաքացիների ընտրության կարգի» պահանջներին համապատասխանող լինելու վերաբերյալ արձանագրությունը»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.02.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728