Ադրբեջանի նախագահի համար առհասարակ Հայաստան պետության գոյությունն է խնդիր, այլ ոչ թե` Հայաստանի ընդունած այս, կամ այն փաստաթղթի որեւէ դրույթը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հետեւողականորեն Հայաստանի հետ խաղաղության գործընթացը դեպի խորը արգելափակում տանելու հստակ գիծ է բռնել: Ադրբեջանական պահանջների վերջը չի երեւում: Իսկ ԱՄՆ-ում նախագահի փոփոխությունից հետո Ալիեւը նկատելիորեն իրեն ավելի ինքնավստահ է զգում:
Ալիեւը դեռեւս հունվարի 7-ին մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում սպառնալիքների հերթական շարքը ներկայացրեց Հայաստանին: Ալիեւի գործածած բառամթերքն ագրեսիվության նոր արշավ էր ընդդեմ Հայաստանի: «Մենք խաղաղություն եւ համագործակցություն ենք ուզում Հարավային Կովկասում, եւ թող մեզ չխանգարեն։ Նրանք չպետք է որպես աշխարհագրական պատնեշ կանգնեն Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ։ «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի եւ կբացվի»,- նշել էր նա։
Այնուհետեւ Ալիեւը հայտարարել էր, թե Հայաստանը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի կայունության համար, եւ Հայաստանի զինումը կարող է միայն նոր լարվածություն առաջացնել։ Ղարաբաղյան երկու պատերազմները սանձազերծած պետության ղեկավարը, Արցախը հայաթափած, Արցախի հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնող Ալիեւը Հայաստանի մասին խոսելիս օգտագործել է` «ֆաշիստական պետություն» արտահայտությունը ու սպառնացել էր. «Ֆաշիզմը պետք է ոչնչացվի։ Կամ Հայաստանը պետք է իր մեջ այն ոչնչացնի, կամ մենք այն կոչնչացնենք։ Մենք ուրիշ ելք չունենք։ Հայաստանի առաջին երեք ղեկավարները եղել են ֆաշիստական գաղափարախոսության կրողներ»։
Կարդացեք նաև
Ալիեւի հայտարարությունները բացահայտորեն փաստում են Հայաստանի նկատմամբ այդ երկրի նոր հավակնությունների մասին, մյուս կողմից` իր երկրի կողմից կատարված պատերազմական հանցագործությունները մոռացության տալու մղումը:
Ալիեւը խոսելով խաղաղության պայմանագրի մասին՝ նշել էր, որ եթե այն Երեւանին պետք չէ, Բաքվին էլ պետք չէ։ Նա չէր մոռացել նաեւ ՀՀ ինքնիշխան տարածքում մոնիթորինգ իրականացնող ԵՄ դիտորդներին, ապա հեգնել էր, թե ինչպես են «ձեռքերը քոր գալիս», որպեսզի ցույց տա, թե ինչ արագությամբ են հայ-ադրբեջանական սահմանից փախչելու «հեռադիտակային դիվանագիտության սիրահարները»` Ադրբեջանի տարածքից ինչ-որ մեկի «փռշտոցից»։
Ի դեպ, ըստ Ալիեւի` Ֆրանսիան փորձել է Ադրբեջանին սպառնալ «Ղարաբաղի ճանաչմամբ»: Ալիեւը պատմել էր, թե 44-օրյա պատերազմի ավարտից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իբր մի քանի անգամ զանգահարել է իրեն եւ փորձել ճնշում գործադրել՝ ընդհուպ մինչեւ Արցախի անկախության ճանաչմամբ։
Ալիեւը կրկին պնդում էր Երեւանի նկատմամբ պահանջները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում, Սահմանադրության փոփոխություն, առանց դրանց իրագործման, ըստ Ալիեւի, անհնար է խաղաղության պայմանագիր ստորագրել։
Ալիեւը նաեւ հայտարարել է, որ Ֆրանսիան եւ Հայաստանին զենք մատակարարող մյուս երկրները «պետք է չեղյալ համարեն այդ պայմանագրերը»՝ պնդելով, որ «Հայաստանը պետք է անհապաղ դադարեցնի զինվելը»։ «Հայաստան առաքված զենքերը պետք է վերադարձվեն: Սա մեր պայմանն է, եւ ով ինչպես ուզում է, թող այնպես էլ ընկալի: Ես իմ խոսքն եմ ասում, եւ նրանք, ովքեր կանգնած են իրենց թիկունքում, գիտեն նաեւ, որ եթե մենք ինչ-որ բան ասում ենք, ապա նաեւ այդ ամենին շատ լուրջ ենք վերաբերվում»,- զգուշացրել է նա։
Այսպես, Ալիեւի կեղծ ուղերձները. «Հայաստանը չի ուզում խաղաղության պայմանագիր», ու շարունակել էր, հետեւաբար` Ադրբեջանն էլ դրա կարիքը չունի։ Այսինքն, տարեսկզբին, Ալիեւը հասկացնել տվեց, որ խաղաղության պայմանագիրն այլեւս առաջնահերթություն չէ Ադրբեջանի համար, ինչը իր հերթին նշանակում է, որ Բաքուն չի բացառում ռազմական գործողությունները։
Ալիեւն ակնարկում է, որ Հայաստանը պետք է հաշվի առնի աշխարհաքաղաքական փոփոխությունները եւ դաշնակիցների թուլացումը։ Ալիեւը Հայաստանն անվանում է «ֆաշիստական» պետություն, զուգահեռ դրան Բաքվում ընթացող շինծու դատավարություններով իր կեղծ բնորոշման «հիմքերն» է ամրապնդում: Այսինքն, Բաքուն հետեւողականորեն Հայաստանը վարկաբեկում է եւ միջազգային հանրությանն ընտելացնում է դրան, որպեսզի հնարավոր ու «արդարացված» դարձնի Հայաստանի նկատմամբ ապագա ագրեսիան։
Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացին, ապա այս դեպքում էլ նա հայտարարել է, որ` «Ադրբեջանի զորքերը կմնան ներկայիս դիրքերում, մինչեւ սահմանազատումը վերջնականապես չավարտվի»։
Այսինքն, բոլոր հիմքերը կան բխեցնելու, որ Բաքուն հրաժարվում է խաղաղ գործընթացից, չի պատրաստվում խաղաղության համաձայնագիր ստորագրել եւ կարող է նախապատրաստվել նոր էսկալացիայի։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Արմենպրես»-ին տված հարցազրույցում արձագանքեց Ալիեւի՝ հունվարի 7-ին ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցի հայտարարություններին:
Ըստ Փաշինյանի` Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձեւավորել: Արվում են ագրեսիվ հայտարարություններ՝ հաշվարկով, թե Երեւանից կհնչեն ագրեսիվ պատասխաններ, ինչը Բաքվին հնարավորություն կտա ավելի ագրեսիվացնել սեփական հայտարարությունները՝ սա զուգորդելով Հայաստանի բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին կեղծ տեղեկությունների տարածմամբ՝ տարածաշրջանում նոր էսկալացիայի «հիմնավորում» ձեւավորելու համար, նկատել էր նա:
«Մենք չենք գնալու այս ճանապարհով, հավատարիմ ենք մնալու խաղաղության ռազմավարությանը եւ հետեւողականորեն շարունակելու ենք խաղաղության օրակարգի իրագործումը: Սա նշանակում է՝ կիրառելու ենք ոչ թե ագրեսիվության, այլ երկխոսության լեզու: Մենք շարունակելու ենք կենտրոնացած մնալ սահմանազատման, խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործման, հումանիտար հարցերի, այդ թվում՝ անհետ կորածների ճակատագրի պարզաբանման խնդիրների վրա», նշել էր Փաշինյանը:
Հարցին՝ Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրում է «ֆաշիստական պետություն» լինելու մեջ, Փաշինյանը հակադարձել էր. «Անկասկած, որովհետեւ հաշվարկն այն է, որ արձագանքը կլինի՝ ֆաշիստը դու ես…», նշեց Փաշինյանը:
Մյուս կողմից, Փաշինյանն արձանագրել էր, որ Ադրբեջանում Հայաստանի մասին այսպիսի ընկալում կա եւ ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում նույնպես նման ընկալում կա Ադրբեջանի մասին: «Հենց փոխադարձ այս ընկալումներն են, որ բերել են բազմամյա հակամարտության: Բայց խաղաղության ռազմավարությունն այն է, որ մենք արձանագրենք, որ Ադրբեջանում մեր մասին նման ընկալում կա, նրանք էլ արձանագրեն, որ Հայաստանում իրենց մասին նման ընկալում կա: Այդ ընկալումները քննարկելու, հասցեագրելու մասին է խաղաղության օրակարգը: Խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված հոդվածների մի մասը փակում է այդ ընկալումներից մի մասի էջը, մյուս մասերով էլ հնարավորություն է տալիս, որ բոլոր փոխադարձ բացասական ընկալումները երկկողմ օրակարգի մաս դարձնենք եւ հասցեագրենք դրանք: Հավելեմ, որ Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ առաջարկել ենք լուծումներ եւ Ադրբեջանի դրական պատասխանի դեպքում պատրաստ ենք ստորագրել պայմանագիրը», պարզաբանել էր Փաշինյանը:
Գալով հարցին, որ Ադրբեջանի նախագահը կրկին խոսել է միջանցքի մասին՝ ասելով, որ այն պետք է բացվի եւ կբացվի, Փաշինյանը հակադարձել էր. «Հայաստանի Հանրապետությունը սեղանին է դրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ պատրաստվում է այն իրագործել. մեր օրակարգում այլ նախագիծ չկա: «Խաղաղության խաչմերուկը» ենթադրում է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կոմունիկացիաների բացում, ներառյալ Ադրբեջան-Ադրբեջան՝ Հայաստանի տարածքով եւ Հայաստան-Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով: Արդեն առիթ ունեցել եմ հայտարարելու, որ մենք Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին բացելու շատ կոնկրետ առաջարկ ենք արել Ադրբեջանին: Դա ավելին է, քան առաջարկը, դա կոնկրետ հարցերի կոնկրետ լուծում է, եւ մենք սպասում ենք Ադրբեջանի դրական արձագանքին, որից հետո կայացած համաձայնությունը կարձանագրվի թղթի վրա, եւ մենք կսկսենք երկաթուղու մեր հատվածների շինարարությունը»:
Փաշինյանը նաեւ նշել էր, որ ՀՀ ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով ետ բերելու խնդիր չի դրվում, որովհետեւ սահմանազատման գործընթացը տալիս է հնարավորություն այդ հարցը հասցեագրելու խաղաղ, բանակցային ճանապարհով:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ իր հերթին հունվարի սկզբին ամփոփիչ ասուլիս էր տվել՝ ներկայացնելով ՀՀ արտաքին քաղաքականության 2024 թվականի արդյունքները: Նա նախ նկատել էր, թե քանի դեռ բանակցությունները շարունակվում են, հավանական է համարում խաղաղության պայմանագրի ստորագրումը, բայցեւ հավելել էր` երեւի Ադրբեջանը չի ուզում խաղաղության պայմանագիր այս տեքստով, որովհետեւ եթե ուզեր՝ կստորագրվեր: Հայաստանը չի ուզում լինել պատնեշ Ադրբեջանի եւ Թուրքիայի համար, Արարատ Միրզոյանն այսպես էր պատասխանել Ադրբեջանի նախագահի սպառնալիքին, թե թող Հայաստանը չխանգարի իրենց, չդառնան աշխարհագրական խոչընդոտ ու պատնեշ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ: «Մենք ուզում ենք լինել ոչ թե պատնեշ, այլ կամուրջ հարեւան երկրների միջեւ, մենք ոչ թե ուզում ենք սեպ լինել, այլ` կապող օղակ», ասել էր Միրզոյանը։
Հարկ է նկատել, որ Հայաստանի ռազմական ներկրումներից ցուցադրաբար կամ հիստերիայի մեջ ընկնող Ալիեւի ռեժիմը 2024-ին ակտիվացրել է թռիչքները դեպի Իսրայելի «Օվդա» ավիաբազա, նման եզրահանգման էր վերջերս եկել «Հետք» պարբերականը:
«Օվդան» սովորական ավիաբազա չէ, սա Իսրայելում միակ աերոդրոմն է, որի միջոցով օդային ճանապարհով պայթուցիկներ են ներմուծվում այդ երկիր կամ այնտեղից արտահանվում: Իսկ Ադրբեջանը իսրայելական ռազմամթերքի առանցքային գնորդներից է:
Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի 2021թ. գնահատմամբ՝ 2011-2020 թթ. կտրվածքով Ադրբեջանի գլխավոր ռազմական մատակարարը եղել է Ռուսաստանը, որին այդ ընթացքում բաժին է հասել Բաքվի գնումների 60,1%-ը։
Ըստ Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի, 2016-2020 թթ. կտրվածքով Իսրայելն է դարձել Ադրբեջանի գլխավոր ռազմական դոնորը (69%): Մյուս կողմից՝ այդ նույն ընթացքում Ադրբեջանին բաժին է հասել Իսրայելի ռազմական արտահանումների 17%-ը:
2023թ. մարտին իսրայելական Haaretz օրաթերթը ուշագրավ վիճակագրություն էր ներկայացրել «Օվդայից» դեպի Ադրբեջան բեռնատար թռիչքների վերաբերյալ: Պարզվել էր, որ 2016-ից մինչեւ 2023 թ. մարտ ամիսը ներառյալ ադրբեջանական բեռնատար ինքնաթիռներն առնվազն 92 անգամ «Օվդայից» թռել են իրենց երկիր:
Սակայն առավել ուշագրավ է «Օվդա»-Ադրբեջան թռիչքների աճի ու Ալիեւի ռեժիմի կողմից Արցախի եւ Հայաստանի դեմ սանձազերծվող պատերազմների կամ էսկալացիաների համընկնումը: Այլ կերպ ասած՝ երբ Ադրբեջանը հաճախակիացնում է ներկրումները «Օվդայից», դրան հետեւում է կամ զուգահեռ ընթանում է էսկալացիան, գրել էր «Հետքը»:
Այդպես եղել է 2016թ. առաջին կիսամյակում, երբ տեղի ունեցավ ապրիլյան քառօրյա պատերազմը, թռիչքների կտրուկ աճ է արձանագրվել 2020-ի երկրորդ կիսամյակում՝ 44-օրյա պատերազմի ֆոնին: 2021-ի երկրորդ կիսամյակում եւս աճ է եղել, իսկ այդ շրջանը համընկել է Հայաստանի նկատմամբ Բաքվի ռեժիմի օկուպացիոն գործողություններով: Նույնը տեղի է ունեցել 2022-ի երկրորդ կիսամյակում, երբ Ադրբեջանը հերթական էսկալացիան հրահրեց ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ:
Այս թռիչքներն իրականացրել են ադրբեջանական Silk Way Airlines բեռնափոխադրող ավիաընկերության «Իլ-76» տիպի ինքնաթիռները: Չնայած սա մասնավոր ընկերություն է եւ թղթի վրա պատկանում է ադրբեջանցի նախկին պաշտոնյաներից մեկին, այդուհանդերձ, ինչպես պարզել են արտասահմանցի լրագրողները, առնվազն նախկինում, եթե ոչ նաեւ հիմա, փոխկապակցված է եղել Ալիեւի ընտանիքի հետ:
Զարգացնելով Haaretz-ի վիճակագրությունը՝ 2023-ի օգոստոսից «Հետքը» սկսել էր հետեւել ադրբեջանական բեռնատարների հետագա թռիչքներին:
«Օվդայից» թռիչքները շարունակվել են նաեւ Արցախի ամբողջական օկուպացիայից հետո: Ընդհանուր առմամբ, 2023-ին ադրբեջանական բեռնատարները 19 անգամ այս ավիաբազայից մեկնել են իրենց երկիր:
Չնայած 2024 թվականին Հայաստան-Ադրբեջան առաջնագծում մեծ բախումներ տեղի չեն ունեցել, 2020-ից հետո առաջին անգամ ադրբեջանական օդանավերը «Օվդայից» ավելի քան երկու տասնյակ բեռնատար թռիչք են իրականացրել: Սա հստակ ցուցիչ է այն բանի, որ Ադրբեջանը չի նվազեցնում իսրայելական արտադրության սպառազինություն ներկրելու տեմպերը:
Կարծես թե, ցանկացած տրամաբանող մարդու համար վաղուց արդեն ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստ չէ Հայաստանի հետ խաղաղության հաստատման եւ նման մտադրություն առհասարակ չի էլ ունեցել:
Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի Մայր օրենքը՝ խնդրահարույց համարելով նախաբանում հղումը Անկախության հռչակագրին: Բաքվի պաշտոնական պատճառաբանությունն է` Արցախի ու Հայաստանի միավորման մասին հիշատակում կա։ Բայց ո՞ւմ համար պարզ չէ, որ Ալիեւի համար առհասարակ Հայաստան պետության գոյությունն է խնդիր, այլ ոչ թե` Հայաստանի ընդունած այս կամ այն փաստաթղթի որեւէ դրույթը:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 26.02.2025