Ըստ իրավապաշտպան Նինա Կարապետյանցի՝ Նիկոլ Փաշինյանի՝ հանրաքվեով ՀՀ Սահմանադրությունը փոխելու թեզն ակնհայտորեն հայկական նախագիծ չէ։
«Նման փոփոխության անհրաժեշտություն կար շատ վաղուց, եւ դրա մասին խոսել են բոլորը՝ այդ թվում Նիկոլ Փաշինյանը։ Բայց այնքան ժամանակ, քանի դեռ իր իշխանության լինելուն օգտակար էր այդ Սահմանադրությունը, առավելագույնը կարողանում էր ստանալ այդ Սահմանադրությունից, նման նպատակ չէր դրել»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունման մասին առաջարկին։
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանի՝ հանրաքվեով ՀՀ Սահմանադրությունը փոխելու թեզն ակնհայտորեն հայկական նախագիծ չէ. «Անգամ Նիկոլ Փաշինյանի նախագիծը չէ, եւ, ամենակարեւորը, ինձ համար անհասկանալի ու անընդունելի են կարեւորագույն սահմանադրական փոփոխությունները, պետության համար ճակատագրական փաստաթղթի փոփոխությունները, երբ առաջարկվում են այնպիսի մարդու կողմից, որը տարրական գիտելիքներ չունի ոչ հայոց պատմության մասին, ոչ աշխարհագրության մասին, ոչ քաղաքական զարգացումներն է ի վիճակի հաշվարկել։ Մարդ, որը չունի նման ունակություններ, իր թիմը, որի ներսում չունեն նման ունակություններ, իր սազանդարներն ու պրոպագանդիստները, որ չունեն այդպիսի ունակություններ, երբ իրենք ամեն անգամ անում են ճակատագրական սխալներ, հետո գալիս ասում են՝ սխալ էին հաշվարկել մարդիկ, այսօր այդ մարդիկ հավակնում են գնալ նման փոփոխությունների այսպիսի ճակատագրական իրավիճակում, երբ ամբողջ աշխարհը խառնաշփոթի մեջ է։ Ես վստահ չեմ, որ դրանք բխելու են ՀՀ-ի շահերից եւ ապահովելու են ՀՀ պետության հարատեւությունը։ Հետեւաբար այս խոսույթն առհասարակ պիտի գոյություն չունենա մեր հասարակության ներսում։ Մենք կփոփոխենք Սահմանադրությունն այն ժամանակ, երբ կունենանք նորմալ իշխանություն, իսկապես պրոֆեսիոնալները եւ ոչ թե դիլետանտները, ամեն ինչի մասնագետները ներգրավված կլինեն սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմերում։ Միայն այդ դեպքում կգնանք իսկապես փոփոխության»։
Մեր այն դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանը հիմնավորում է, թե բոլոր նախկին հանրաքվեներն առնվազն հանրային ընկալման մեջ ունեն լեգիտիմության լրջագույն պակաս, Նինա Կարապետյանցն այսպես արձագանքեց. «Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն այսօր ունեն լեգիտիմության բացառիկ ցածր ցուցանիշ։ Դա նշանակում է, որ ինքը բոլոր իրավիճակներում իրավունք չունի այսպիսի գործողություններ իրականացնելու։ Անգամ, եթե նա ընտրվելու պահին ունեցել է ընտրողների բավարար ձայներ իշխանություն ստանձնելու համար, դա չի նշանակում, որ նրա լեգիտիմությունը հավերժ է։ Այն պահից, երբ դու սկսում ես հակապետական, հակասահմանադրական գործողություններ իրականացնել, քո լեգիտիմությունն այլեւս հավասարվում է զրոյի։ Հետեւաբար ոչ լեգիտիմ վարչապետը եւ իշխանությունը չի կարող գնալ, իրավունք չունի գնալ այսպիսի գործողությունների այս լրջագույն ճակատագրական փուլում»։
Կարդացեք նաև
Նինա Կարապետյանցի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը եւ նրա «սազանդարներն»՝ ըստ նպատակահարմարության պատրաստ են կամ ջատագովել, պաշտպանել, կամ փնովել ցանկացած բան, ինչը բխում է նրանց շահերից այդ պահի դրությամբ. «Պետք է ասել, որ իրենք լեգիտիմ իշխանություն են, գովերգում են, հղում անում Սահմանադրությանը, պետք է ասել, որ այս Սահմանադրությունը լեգիտիմ չէ, հղում են անում Սահմանադրության հետ կապված խախտումներին, որոնք ակնհայտորեն, իհարկե, եղել են։ Սա ամենամեծ մանիպուլյատորն է հայոց պատմության մեջ, ամենակործանարար կերպարներից մեկն է, հետեւաբար մարդ, որն ի վիճակի չէ պաշտպանել մեր շահերը, տարրական գիտելիք չունի Հայաստանի պատմությունից, աշխարհագրությունից եւ մնացած բոլոր կարեւորագույն իրադարձություններից, այդ մարդն ու նրա թիմը չեն կարող լինել նման կարեւոր փաստաթղթի մշակողներ»։
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի՝ այս մտադրությունը նաեւ կապվում է 2026-ին սպասվող ընտրությունների՞ հետ, թե սա բացառապես դրսից թելադրված է, ինչպես շատերը կարծում են, Նինա Կարապետյանցը պատասխանեց. «Երկուսը մեկում, որովհետեւ պարտադրանքն ակնհայտ է, քանի որ բացահայտ դրա մասին խոսում են, դրա մասին խոսում է Թուրքիան։ Ինչ փոփոխություններ պատրաստվում են անել Սահմանադրության մեջ եւ գաղափարախոսության հիմքում է դրված, դա մեր իրավունքներից հրաժարումն է, դա պահանջն է Թուրքիայի ու Ադրբեջանի, դա անում են այլեւս բացահայտ, բաց եթերներից, հասանելի է բոլորին, որեւէ մեկի համար կասկած չկա։ Եվ պատահական չեն համընկնումները։ Չգիտես ինչու, Նիկոլ Փաշինյանին շատ հարմար էր եւ չէր խանգարում այս՝ սուպերվարչապետական այդքան քննադատված Սահմանադրությունը մինչեւ այս զրույցների շրջանառությունը Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից։ Բայց ինչ-որ պահի, երբ արդեն բացահայտ խոսակցություն կար, սկսեց խանգարել այս Սահմանադրությունը Նիկոլ Փաշինյանին կառավարելու։ Մյուս կողմից ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն այլեւս ասելիք չունի։ Ներկա-նախկիններից, սեւ ու սպիտակներից, կոպեկ առ կոպեկից, ասֆալտին փռելուց, պատերին ծեփելուց մարդիկ արդեն հոգնել են եւ հասկացել, որ դա տոտալ կեղծիք է։ Այսինքն՝ ցանկացած գործողություն, որը խոստացվել է, ցանկացած գաղափար, որը խոստացվել է նախորդ ընտրությունների ժամանակ, տապալված է։ Արդարադատության համակարգի մասին էլ չեմ էլ ուզում խոսել, քանի որ անիմաստ է։ Մնում է նոր թեմա ու գաղափար բերել։ Դա մի կողմից խաղաղության՝ չստացված գործընթացն է, մյուս կողմից էլ նոր գաղափար՝ որպես Սահմանադրության փոփոխություն իբր մեր պետականության ամրապնդման համար։ Նիկոլ Փաշինյանն այն մարդը չէ ու իր թիմի անդամներն այն մարդիկ չեն, որոնք կարող են ՀՀ-ի համար նոր գործընթացներ գեներացնել, նոր գաղափարներ բերել։ Այս մարդիկ այն մարդիկ չեն, որոնք կարող են մեզ համար բերել փոփոխություն։ Դրա ոչ բարոյական, ոչ գաղափարական իրավունքը չունեն, ոչ էլ այդքան լեգիտիմություն ունեն նման մեծ փոփոխությունների գնալու։ Միակ բանը, որ իրենք կարող են անել հայկական ինքնությունն ամրապնդելու համար, ամբողջ թիմով հեռանալն է»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.02.2025
Նինան մեր երկրի միակ իրավապաշտպանն է, մյուսները բոլորը կուսակցական աֆիլիատներ են, նախկիններին քլնգողները ծպտուն չեն հանում ներկաների վայրագությունների շուրջ, իսկ նախկինների ինքնահռչակ “իրավապաշտպաններն” էլ նախկիններից բացի, ոչ մեկի չեն պաշտպանում։ Դրա համար էլ Նիան միակն է իրավապաշտպաններից, որ հիմա գործում է։