Մեդիակորպորացիան հայտնել է Բաքվում գրասենյակի փակման մասին՝ տեղի ԱԳՆ կարգադրությունից հետո։
Ադրբեջանի կառավարությունը պահանջել է դադարեցնել BBC-ի գործունեությունը երկրում՝ անցած հինգշաբթի հաստատել է բրիտանական մեդիակորպորացիան։
BBC-ի հայտարարության մեջ ասված է, որ ընկերությունը ստիպված է եղել «դժվար որոշում» կայացնել Ադրբեջանում իր գրասենյակը փակելու վերաբերյալ ադրբեջանական արտգործնախարարության բանավոր կարգադրությունը ստանալուց հետո։
«Մենք խորապես ցավում ենք մամուլի ազատության այս սահմանափակման համար, որը կդժվարացնի Ադրբեջանում և նրա սահմաններից դուրս իրադարձությունների լուսաբանումը մեր լսարանի համար»,- ասել է BBC-ի ներկայացուցիչը։
Կարդացեք նաև
Գործունեության դադարեցումը հաջորդել է անցած շաբաթ ադրբեջանական պետական լրատվամիջոցներում տարածված այն հաղորդագրություններին, որ երկրի իշխանությունները մտադիր են Ադրբեջանում BBC-ի աշխատակիցների թիվը հասցնել մեկի։
BBC-ում նշել են, որ ադրբեջանական կառավարությունից աշխատանքի դադարեցման մասին որևէ գրավոր ծանուցում չեն ստացել։ Մինչ մեդիակորպորացիան փորձում է պարզաբանումներ ստանալ, լրագրողները դադարեցրել են մասնագիտական գործունեությունը երկրում։
Ադրբեջանի ԱԳՆ-ն և Վաշինգտոնում երկրի դեսպանատունը չեն արձագանքել «Ամերիկայի ձայնի» հարցմանը։
BBC-ն Ադրբեջանում գործում է 1994 թվականից։ Մեդիակորպորացիայի տվյալներով՝ ադրբեջանական ծառայության շաբաթական ծածկույթը միջինում կազմել է 1 միլիոն մարդ
BBC-ի գործունեության դադարեցումը անկախ լրատվամիջոցների դեմ ադրբեջանական իշխանությունների կողմից երկար տարիներ ձեռնարկվող կոշտ միջոցների շարունակությունն է։
Ադրբեջանը ձերբակալված լրագրողների թվով առաջատար երկրներից մեկն է։ Նյու Յորքում գործող Լրագրողների պաշտպանության կոմիտեի տվյալներով՝ անցյալ շաբաթվա դրությամբ երկրում կալանքի տակ է գտնվել մամուլի առնվազն 23 ներկայացուցիչ։
Կալանավորված լրագրողներից շատերին մեղադրանք է առաջադրվել արտարժույթի մաքսանենգության համար, որը իրավապաշտպան կազմակերպությունները շինծու են համարում։
Ձերբակալվածների թվում է տնտեսագետ և «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Ֆարիդ Մեհրալիզադեն։
Նա կալանքի տակ է 2024 թվականի մայիսից և մեղադրվում է արտարժույթի մաքսանենգության նպատակով հանցավոր համաձայնության գալու, ինչպես նաև ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, փողերի լվացման, հարկերից խուսափելու և փաստաթղթեր կեղծելու մեջ։ Լրագրողն ու նրա գործատուն հերքում են մեղադրանքները, որոնց համար նրան սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում։