Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման, բռնությունների և անօրինականությունների դեմ բողոքում են անգամ իշխող վարչակազմում երբեմնի բարձր պաշտոններ զբաղեցրած անձինք, ովքեր համակարգը ճանաչել են ներսից։ «Պաշտպանության գիծ» իրավապաշտպան կազմակերպության համահիմնադիր և գործադիր տնօրեն Ռուֆաթ Սաֆարովը, ով աշխատել է որպես դատախազության քննիչ, Բաքվի քննչական մեկուսարանից դիմել է հանրությանը: Իրավապաշտպանն իր վերաքննիչ բողոքում նշել է ձերբակալության իրական պատճառը՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից իրեն շնորհված «Մարդու իրավունքների պաշտպանություն» մրցանակից չհրաժարվելն է։
Իրավապաշտպանի խոսքով՝ իշխանություններն իր վրա ճնշում գործադրել են մինչ ձերբակալությունը։ «2024 թվականի օգոստոսին հայտնի դարձավ, որ ես ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից «Մարդու իրավունքների վաստակավոր պաշտպան» մրցանակին արժանանալու հիմնական թեկնածուն եմ։ Դրանից հետո իմ հասցեին սպառնալիքներն սկսեցին շատանալ։ Նախագահի աշխատակազմից հորս միջոցով բազմիցս առաջարկել են հրապարակավ հրաժարվել մրցանակից։ Բայց ես չկարողացա դա անել, որովհետև այն իմ գործունեությանը տրված համաշխարհային ամենաարժեքավոր մրցանակ է։ Հենց այս մրցանակն էր զայրացրել քաղաքական իշխանություններին։ Որոշվեց ինձ ձերբակալել։ Այստեղից ես հայտարարում եմ հասարակությանը, որ շարունակելու եմ իմ պայքարն ապօրինությունների դեմ»,- իր կոչում գրել է Ռուֆաթ Սաֆարովը։
Ռուֆաթ Սաֆարովն ԱՄՆ պետքարտուղարության կողմից հայտարարված «Մարդու իրավունքների պաշտպանություն» մրցանակի ութ դափնեկիրներից մեկն է։ «Յուրաքանչյուր մրցանակակիր վկայում է ամբողջ աշխարհում իրավապաշտպանների խիզախության և համառության մասին, ովքեր կատարում են այդ աշխատանքը՝ հաճախ իրենց վտանգի ենթարկելով: Հատկանշական է, որ այս տարվա մրցանակակիրներից մեկը՝ ադրբեջանցի Ռուֆաթ Սաֆարովն, անարդարացիորեն կալանավորվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից և շարունակում է մնալ կալանքի տակ։ Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել նրան»,- նշված է Պետքարտուղարության պաշտոնական կայքէջում։
Իր գործունեության համար իրավապաշտպանին հրավիրել են Բաքվի Գլխավոր դատախազության քննչական վարչություն՝ սպառնալով դադարեցնել վերջինիս գործունեությունը։ «Սակայն, ես չկարողացա լռել՝ տեսնելով ու հասկանալով երկրում տիրող անօրինությունն ու բռնակալությունը, որտեղ դիվանագետին ձեռնաշղթաներ էին հագցնում, սոցիալական ակտիվիստին՝ գլխատում, իսկ երիտասարդ հետաքննող լրագրողին ձերբակալում ու զրպարտում։ Այդ պատճառով որոշեցի շարունակել իմ գործունեությունը»,- գրել է Ռուֆաթ Սաֆարովը։
Կարդացեք նաև
Ռուֆաթ Սաֆարովը ձերբակալվել է 2024 թվականի դեկտեմբերի 3-ին։ Ըստ Սաֆարովի՝ նախագահականից իրեն հաղորդագրություն են ուղարկել հոր՝ Էլդար Սաբիրօղլուի միջոցով։ Հարկ է նշել, որ ձերբակալված իրավապաշտպանի հայրը եղել է Ադրբեջանի Մեջլիսի պատգամավոր, «Նոր Ադրբեջան» կուսակցության անդամ, Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի մամուլի քարտուղարը, ԱՀ ՊՆ-ի մամուլի ծառայության ղեկավարը։
«Իմ որդուն կալանավորել են ոչ թե հանցագործության, այլ՝ մասնագիտական գործունեության պատճառով․․․։ Բլինքենը նրան մրցանակ էր հանձնելու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իր գործունեության համար, դրա պատճառով էլ նրանք ձերբակալեցին Ռուֆաթին»,- ասել է Էլդար Սաբիրօղլուն։
Դեռևս 2015 թվականի դեկտեմբերին Սաֆարովը հրաժարական էր տվել դատախազության քննիչի պաշտոնից՝ բողոքելով երկրում մարդու իրավունքների ոտնահարման և օրենքների չգործելու դեմ։ Այդ քայլից հետո դատախազությունը, որը խուզարկել էր նրա բնակարանը, քրեական գործ է հարուցել նրա դեմ։ Ռուֆաթը ձերբակալվել էր՝ դատապարտվելով 9 տարվա ազատազրկման։
2019 թվականի մարտին՝ համաներման հրամանով վաղաժամկետ ազատ արձակվելուց հետո (N 1366), նա հիմնել է «Պաշտպանության գիծ» կազմակերպությունը։ Ըստ իրավապաշտպանի՝ 2019 թվականից ի վեր, երբ սկսել է աշխատել որպես մարդու իրավունքների պաշտպան, հանդիպել է բազմաթիվ խոչընդոտների։
Ռուֆաթ Սաֆարովի և այլոց հանդեպ ռեժիմի վարած քաղաքականությունը ևս մեկ անգամ փաստում է, որ Բաքուն անհանդուրժողական է բոլոր նրանց նկատմամբ, ովքեր փորձում են իրենց դժգոհությունն արտահայտել երկրում տիրող բարքերի վերաբերյալ։
Նկարը՝ Meydan Tv-ի
«ԳԵՂԱՐԴ» ԳԻՏԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ