Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» Ադրբեջանի 12-րդ խմբագրությամբ տարբերակը, որի մեջ Ադրբեջանի որոշակի ռեակցիաներն են, որոնք Հայաստանը կվերլուծի ու պատասխան առաջարկներ կներկայացնի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի հավաստմամբ՝ Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» նախագծում միջանցքային տրամաբանությամբ կամ Սահմանադրության փոփոխության վերաբերյալ անդրադարձ չկա։ 17 կետերից 15-ը համաձայնեցված է։
«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու կետերից մեկը վերաբերում է սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժերի չտեղակայմանը, իսկ մյուսը՝ միջազգային ատյաններում իրավական, դիվանագիտական վեճերին, բանավեճերին», -ասել է Փաշինյանն՝ ավելացնելով, որ Ադրբեջանի կողմից նոր առաջարկ չի ներկայացվել։
«Հայաստանի Հանրապետությունը ոչ մի անգամ, ո՛չ մի տեղ, ո՛չ մի փաստաթղթով ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր չի համաձայնվել, պարտավորվել՝ որ տարածաշրջանային ապաշրջափակման համատեքստում Հայաստանի ինքնիշխանությունը, իրավազորությունը, տարածքային ամբողջականությունը որեւէ ձեւով կարող է նսեմացվել, կամ որեւէ ձեւով կարող է սահմանափակվել»,-ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ «խաղաղության պայմանագրի» գործընթացը փակուղու մեջ չէ: Սահմանազատումն է օրակարգում, հանձնաժողովներն աշխատում են։
Կարդացեք նաև
«Մենք պատկերացնում ենք, որ այն լուծումները, որոնք առաջարկել ենք, պատկերացնում ենք փոխադարձության սկզբունքով: Էլի ուզում եմ հիշենք, որ ՝ Հայաստանում երկաթուղային ցանցի ամբողջականությունը ապահովում է Նախիջեւանի տարածքով»,-ասաց Փաշինյանը՝ նշելով, որ ավելին չի կարող բացահայտել՝ ելնելով նրանից, որ բանակցություններ են ընթանում:
Փաշինյանի գնահատմամբ՝ «տարածաշրջանում պատերազմի կամ էսկալացիայի ոչ մի պատճառ, նախադրյալ, հիմք եւ հիմնավորում չկա»:
Ինչ վերաբերում է Գյումրու ավագանու անդամների ընտրություններին՝ Փաշինյանը հակիրճ պատասխանեց՝ «Գյումրեցին կասի իր խոսքը ընտրություններում» ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ