Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է ԱԺ գյումրեցի նախկին պատգամավորը դուրս եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

Փետրվար 26,2025 21:01

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Aravot.am-ը ԱԺ նախկին պատգամավոր, Գյումրու համայնքապետի նախկին գլխավոր խորհրդական Կարապետ Մխչյանից հետաքրքրվեց, թե պատրաստվո՞ւմ է մասնակցել Գյումրու արտահերթ ՏԻՄ ընտրություններին․ որպես ավագանու անդամի թեկնածու ընդգրկվե՞լ է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ երեկ Նիկոլ Փաշինյանին ներկայացրած ցուցակում։

«Ցուցակում չկամ, տևական ժամանակ է՝ շուրջ 1 տարի կամ գուցե մի քիչ ավել, դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։

Այս պահին քաղաքականության մեջ չկամ, նպատակահարմար չեմ համարել հարցազրույցներ տալ կամ հայտարարություն տարածել այդ թեմայով, զբաղվում եմ ինձ անձական գործերով»։

Մեր դիտարկմանը, թե դուք ՔՊ-ի ակունքներում կանգնած անձ եք համարվում, չենք սխալվում, չէ՞, ինչո՞ւ եք դադարեցրել անդամակցությունը, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Չեք սխալվում, բայց ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ որոշեցի դադարեցնել անդամակցությունը՝ դուրս գալով կուսակցությունից, իմ հետ տանելով իմ սկզբունքներն, իմ արժեքներն»։

Ճշտող հարցին՝ այսինքն եկել էր այնպիսի պահ, որ այլևս չէի՞ք կիսում ՔՊ-ի սկզբունքներն ու արժեքները, Կարապետ Մխչյանը պատասխանեց «Տարաձայնություններ միշտ են եղել՝ նաև աշխատանքային անհամատեղելիությամբ պայմանավորված, որոշակի հանգամանքներ գումարվեցին, ի վերջո, ես կայացրեցի իմ որոշումը»։

Հարցրեցինք՝ ՔՊ-ն, երբ եկավ իշխանության, լրիվ այլ գաղափարախոսություն ուներ, այժմ քննադատում են այդ նույն կուսակցությանը իր ծրագրերից, սկզբունքներից ու գաղափարախոսությունից շեղվելու համար, գուցե սա է եղե՞լ պատճառը ձեր՝ իշխող կուսակցությունից հեռանալու, մեր զրուցակիցն ասաց․ «Իհարկե, թե՛ կառավարության գործելաոճը, թե՛ կուսակցության, այդ թվում առանցքային անդամների հանրային, քաղաքական,սոցիալական վարքագիծը մեղմ ասած հեռու են այն սկզբունքներից ու արժեքներից, որոնք որ դրված են եղել 2018 թվականի հեղափոխության հիմքում, ու նաև երկրում տեղի են ունենում զարգացումներ, որոնք ժամանակ առ ժամանակ կասկածի տակ են դնում երկրի ժողովրդավարական ընթացքը ընդհանուր զարգացման ճիշտ ուղուց»։

Կարապետ Մխչյանը նշեց, որ իր նախկին կուսակիցներից որոշ մարդկանց հետ պահպանում է անձնական շփումները։

«Դրանք զուտ անձնական հարաբերություններ են և ոչ ավելին, քաղաքական որևէ տիպի շփումներ, խոսակցություններ, փոխկապակցվածություն, ազդեցություն գոյություն չունի», -ասաց մեր զրուցակիցը։

Մենք նրա հետ զրուցել ենք նաև Գյումրու ՏԻՄ ընտրությունների ընթացքի, ՔՊ-ի ընտրած թեկնածուի, թեկնածուներին նախկինների ու ներկաների բաժանելու ու նաև քարոզարշավի ընթացքում օգտագործվող բառապաշարի մասին։

Այս մասին ավելի ուշ։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728