«Մենք հավատում ենք ձեզ, գիտենք, որ մեր երկրի ապագան, կայունությունը, հաջողությունը, համաշխարհային շուկայում մրցունակ լինելն առաջին հերթին կախված է ձեզնից, քանի որ դուք եք ապագան»,- «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագծի շրջանակում իրականացված «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթի ամփոփիչ միջոցառման ժամանակ հայտարարեց Ամերիաբանկի Մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Ռեբեկա Հակոբյանը։
Հայաստանի պետական և մասնավոր բուհերի բոլոր ուսանողների համար Ամերիաբանկի և VISA-ի կողմից հայտարարված այս մրցույթի նպատակն էր բացահայտել և խրախուսել ակտիվ, Հայաստանի ապագայի հանդեպ սրտացավ, ճկուն և պայծառ մտածելակերպ ունեցող ուսանողներին։
Մրցույթին մասնակցել են ուսանողներ Հայաստանի 36 համալսարանից։ Արդյունքում 160 ուսանողի տրամադրվեց կրթաթոշակ`ամսական 50,000 դրամի չափով՝ 5 ամիս շարունակ՝ 2024-2025թ. ուսումնական երկրորդ կիսամյակի ընթացքում։ 10 ուսանող ստացավ Բերքլիի համալսարանում ուսանողական կարճաժամկետ ծրագրի մասնակցության ուղեգիր։ Ամերիաբանկի կողմից ընդհանուր մինչև 10 մլն դրամի չափով ֆինանսավորում կտրամադրվի «Իմ Հայաստան, իմ ապագա» խորագրով 3 լավագույն նախագծերի համար։
Կարդացեք նաև
Ներկայացնելով ծրագրի իրականացման նախապատմությունը՝ Ռեբեկա Հակոբյանն ասաց․ «Անցյալ տարի, երբ խոսում էինք շատ ավելի մեծ ծրագրի՝ «Իմ Ամերիա, իմ Հայաստան»-ի մասին, թիմով երկար մտածում էինք՝ ի՞նչ պետք է անենք, որ մենք՝ որպես Ամերիա, որպես մարդիկ, որոնք իսկապես գիտեն՝ ինչ է նշանակում զրոյից սկսել ու հասնել հաջողության, որ այդ նույն էներգիայով վարակենք նաև մնացած մարդկանց։ Ու դրա ներքո մենք մի շարք նախաձեռնություններ արեցինք՝ այդ թվում 100 մլն դրամի ներդրման հնարավորությունը մի շարք ԿՍՊ ուղղություններով և, բնականաբար, հատուկ ուշադրություն դարձրինք մեր երիտասարդներին»։
Նախագծերի գնահատումն իրականացրել է ժյուրին, որի կազմում էին անկախ մասնագետներ տարբեր ոլորտներից, ինչպես նաև VISA-ի ու Ամերիաբանկի ներկայացուցիչներ:
Ժյուրիի համար էլ հեշտ չի եղել կատարել ընտրությունը։ Պետք էր գնահատել՝ հաշվի առնելով բարձրաձայնված խնդիրների արդիականությունը, կարևորությունն ու իրատեսական լինելը։ Բացի այդ, խնդիրները պետք է լինեին հստակ հաշվարկված ու չափելի։ Ֆինանսավորման արժանացան նախագծեր, որոնք վերաբերում էին զարդանախշերի ստեղծման տեխնիկաների տեսագրմանն ու պահպանմանը, տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար բրայլյան ստեղնաշարի մշակմանը, գյուղատնտեսության արդյունավերտության բարձրացմանը։
Ժյուրիի անդամ, ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի «Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսական ծրագրի ղեկավար Նվարդ Մելքոնյանը նշեց, որ ընտրությունը հետաքրքիր էր նաև տեսնելու, թե ինչ է այսօր առավել հետաքրքրում, մտահոգում երիտասարդներին․ «Ի՞նչ է երիտասարդների աչքերով փոփոխություն պահանջում, և արդյոք իրենք պատրա՞ստ են այդ փոփոխություններն իրենցով բերել։ Հետաքրքիր էր տեսնել, որ վերջին փուլ անցած նախագծերից միայն 12-ը վերաբերում էին էկոլոգիային, յոթը՝ գյուղատնտեսության զարգացմանը, վեց նախագիծ՝ կրթությանը։ Արդեն տեսանելի է, թե ինչով է ապրում այսօրվա երիտասարդը և ինչը կուզենա, որ ընթանա այլ կերպ»։
Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանող Արթուր Կարապետյանի համար Բերքլիի համալսարան այցը շատ կարևոր է ոչ միայն գիտելիք ձեռք բերելու, այլև կապեր հաստատելու տեսանկյունից․ «Լինելու են սեմինարներ, որոնք կապված են ստարտափերի, արհեստական բանականության հետ, ինչը շատ կարևոր է 21-րդ դարում։ Այս հնարավորությունը լինելու է շանս շփվել մարդկանց հետ, որոնք գործունեություն են ծավալում ինձ հետաքրքրող ոլորտում»։
Ռեբեկա Հակոբյանը նշում է՝ հավատում են, որ փոփոխությունը հնարավոր է հետևողականության արդյունքում և հավաստիացնում է․ «Ամերիաբանկը նպատակ ունի իսկապես իր ներդրումն ունենալ մեր երկրում պոտենցյալ ունեցող և նախաձեռնող երիտասարդներին բացահայտելու առումով, իսկ դա անելու համար մեկանգամյա ծրագիրը բավարար չէ։ Այնպես որ, որոշակի փոփոխություններ անելով՝ մենք արդեն այս տարի նախագիծը կշարունակենք մեր գործընկերների աջակցությամբ»։
Հիշեցնենք, որ 2024-ին Ամերիաբանկը «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագծի շրջանակում մեկնարկեց երեք արշավ՝ «Իմ Ամերիա, իմ Հայաստան», «Իմ Ամերիա, իմ տուն» և «Իմ Հայաստան, իմ ապագա» խորագրերով։ Նախագծի նպատակն է միավորել մարդկանց Ամերիաբանկի առաքելության շուրջ և միասին բարելավել կյանքի որակը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ