ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը «Հայելի» ակումբում խոսելով աշխարհաքաղաքական վերադասավորումների, մեր տարածաշրջանի եւ Հայաստանի վրա դրանց ազդեցության մասին՝ ասաց. «Իսկապես, բավականին հետաքրքիր զարգացումներ են ընթանում: Սկսենք Աբխազիայից: Նախագահական ընտրությունների առաջին փուլում մրցակցությունը հիմնականում երկու թեկնածուների մեջ էր եւ սպասվում էր, որ Գունբան պետք է որ առաջին փուլում հաջողության հասներ, իսկ Արձինբան նախնական ուսումնասիրություններով կարող էր ստանալ մոտավորապես 22-23 տոկոս ձայն: Սակայն այս տարիների ընթացքում Թուրքիան իր փափուկ ուժի գործակալների միջոցով բավականին լուրջ աշխատանք է տարել Աբխազիայում: Եվ բավականին տարօրինակ բան եղավ: Ռուսաստանի կողմնորոշում պաշտպանող թեկնածուն ոչ միայն չընտրվեց առաջին փուլում, այլեւ Արձինբան, որն ինչպես արդեն ասացի, թուրքական շահերն է առաջ մղում, ստացավ 35 տոկոսի չափ ձայն՝ ավելի շատ, քան ակնկալվում էր:
Հետո վերլուծությունները ցույց տվեցին, որ, ըստ էության, պետական կառավարման համակարգում վերնախավը բավականին շատ լցված էր այն մարդկանցով, որոնք պաշտպանում են Արձինբայի կողմնորոշումը եւ նույնիսկ դժգոհ էին ընտրությունների արդյունքից: Եվ դրա պատճառն այն էր, որ հայ համայնքը իր ճնշող մեծամասնությամբ ձայնը տվել էր ռուսական կողմնորոշման թեկնածուին: Իրենց կողմնորոշման պատճառով եղան նաեւ բավականին լուրջ ճնշումներ հայ համայնքի նկատմամբ: Դրա վերաբերյալ նաեւ ռուսական քաղաքական մեկնաբանները բավականին լուրջ մտահոգություն հայտնեցին, որովհետեւ եթե թուրքական ազդեցությունը տարածվում է Աբխազիայում, ապա հեշտ է պատկերացնել, թե ինչպիսի իրավիճակ կստացվի Հյուսիսային Կովկասում, որտեղի բոլոր բնիկ ժողովուրդները տարիներ, դարեր շարունակ կապված են եղել թուրքական կայսրության հետ եւ թուրքական կայսրությունն է նրանց հրահրել ապստամբել ռուսական իշխանության դեմ: Հետեւաբար, այս սցենարը, որը պատրաստել էր Թուրքիան, եւս մեկ հնարավորություն էր իր գերիշխանությունը տարածելու սկզբից Աբխազիայի, հետո նաեւ իր հավատակից ժողովուրդների նկատմամբ Հյուսիսային Կովկասում:
Սա բավականին մտահոգել է Ռուսաստանին, եւ ենթադրում եմ, որ իրենք էական վերանայում են կատարել ոչ միայն Աբխազիայում, այլեւ Հարավային Կովկասում իրենց դիրքորոշումը ճշգրտելու առումով: Եվ ես առավել քան համոզված եմ, որ մարտի 1-ի ընտրություններում ռուսական կողմնորոշում պաշտպանող թեկնածուն կհաղթահարի անհրաժեշտ 51 տոկոսը եւ հետագայում այլեւս թույլ չի տրվի, որ թուրքական ուժը փափուկ ուժի տեսքով ներթափանցի որեւէ տեղ:
Ինչ տեղի է ունենում Պուտին-Թրամփ համագործակցության արդյունքում հարավային եւ հարավ-արեւմտյան երկրներում, բավականին հետաքրքիր է: Բոլորը ակնկալում էին, որ Ռուսաստան-ԱՄՆ առաջին հանդիպումը պետք է լինի Թուրքիայում: Թուրքիան եւս մեծ ակնկալիք ուներ: Սակայն դա տեղի ունեցավ Սաուդյան Արաբիայում: Ընդհանրապես, սուննի մահմեդականության աշխարհում երկու ախոյան պետություններ կան, որոնք պայքարում են առաջին տեղի համար՝ Թուրքիան եւ Սաուդյան Արաբիան: Եվ Սաուդյան Արաբիայի հաղթանակը նշանավորում է հաղթանակը առաջիկա տեւական ժամանակում: Ենթադրում եմ, նաեւ Թուրքիայի դերի նվազեցում»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Հայաստանի խնդիրներին, Գագիկ Մինասյանն ասաց. «Պետք է կրկնեմ այն գնահատականը, որ տվել եմ շատ երկար ժամանակ, երբ այս իշխանությանը բերեցին Հայաստան: Չճշտված փաստեր կան այն մասին, որ մեծ ֆինանսական ներդրում է կատարել Ադրբեջանը, որպեսզի այստեղ սրանք գան իշխանության: Եվ ինքը՝ Ալիեւն է ասել, որ մեծ ներդրում ունի այս նիկոլական իշխանության՝ Հայաստանում հաստատվելու համար: Պետք է հիշեք, որ խայտառակ 44-օրյա պատերազմից հետո ժողովրդի ցասումը հասել էր այն մակարդակին, որ պետք է փոխվեր այս իշխանությունը: Այդ ժամանակ Թուրքիան ասաց, որ եթե Նիկոլի հետ կապված պրոբլեմներ առաջացնեն Հայաստանում, ապա ինքն ուղղակի ագրեսիա կիրականացնի: Հետեւաբար, ակնհայտ է, թե ովքեր են այս իշխանության հիմնական շահառուները եւ ինչ ձեւերով են պաշտպանում: Իսկ իրենց նպատակը մեկն է՝ որպեսզի լինի ճիշտ այնպես, ինչպես կարողացան առաջին փուլում Արցախը դարձնել Ադրբեջան: Երկրորդ փուլում նրանք ուզում են Հայաստանը դարձնել Էրմանիստան: Բոլոր փաստերը դրա մասին են խոսում: Սկսած, Սյունիքի նկատմամբ նկրտումներից, սահմանադրության փոփոխությունից, մեր գերիների նկատմամբ պահվածքից, որոնք, ըստ էության, պատանդ են: Այդ լծակը իրենք փորձում են օգտագործել, որպեսզի ողջ Հայաստանին մեղադրեն Անկախությունից ի վեր կատարված պետականաշինական քայլերում:
Ես առավել քան համոզված եմ, որ այդ խնդիրները առաջիկայում էլ ավելի կսրվեն, որովհետեւ Ադրբեջանում եւս հասկանում են, որ իրենց հատկացված ժամանակը նոր վերադասավորումների արդյունքում խիստ կրճատվել է: Եվ համոզված եմ, որ դա հասկանում են նաեւ Հայաստանի իշխանությունները, որովհետեւ իրենց վարած ազգակործան քաղաքականությունը, որ ուղղված էր դեպի գլոբալիստների ու թուրք-ադրբեջանական տանդեմի շահերի սպասարկմանը, դրա վերջը ակնհայտորեն եկել է»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ