Օրերս մամուլում հրապարակումներ եղան, որ Բեյրութում կայացած «Միսս Եվրոպա» մշակութային մրցույթին Հայաստանի ներկայացուցիչ Մարինա Շուքուրյանն արժանացել է «Miss Europe-Runner up» տիտղոսին: Մրցույթի մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկություններ եւ լուսանկարներ է հրապարակել նաեւ ոչ անհայտ Յուլյա Պավլիկովան, որն այդ նույն մրցույթում ներկայացնում էր Ռուսաստանը:
Իրականում «Միսս Եվրոպա» ներկայացվող այս մրցույթը որեւէ կապ չունի «Միսս Եվրոպայի» հետ, որին ժամանակին մասնակցել է Լուսինե Թովմասյանը, եւ որի ժյուրիի կազմում եղել է մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրը:
Իսկ ո՞վ է Բեյրութում կայացած երկրորդ «Միսս Եվրոպա» մշակութային մրցույթի նախագահը: Նա ազգությամբ արաբ Էլի Նահասն է, որին տարիներ առաջ Ֆրանսիայում դատում էին Լազուրե ափին՝ կավատությամբ զբաղվելու, իսկ նրա մոդելային գործակալությանը՝ մարմնավաճառության համար: Էլի Նահասը ( Elie Nahas), մամուլի բազմաթիվ հրապարակումների համաձայն, եղել է Լիբիայի նախկին առաջնորդ Մուհամմար Քադաֆիի որդու օգնականը, նա տարբեր երեկույթների ժամանակ աղջիկներ է մատակարարել Քադաֆիի որդու՝ Մուատասիմ Քադաֆիի եւ արաբ շեյխերի համար: Մարաքեշում անցկացված նման խնջույքներից մեկին մասնակցել են նաեւ Քեւին Քոստներն ու Էնրիկե Իգլեսիասը:
Դառնալով Յուլյա Պավլիկովային, հիշեցնենք, որ նա բարձր գին վճարելով՝ ձեռք էր բերել «Միսս տիեզերք Հայաստան» մրցույթի անցկացման իրավունքները, որի խախտումների վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ «Միսս տիեզերք» կազմակերպությունը: Ըստ որոշ հրապարակումների՝ Յուլյա Պավլիկովան եղել է էսկորտուհի, ավելի ուշ էսկորտ մենեջեր:
Հիմա դառնանք Բեյրութում անցկացված մրցույթին Հայաստանի մասնակցությանը: Պարզվում է Հայաստանից մեկնել է երկու մասնակից, իսկ Մարինա Շուքուրյանը որեւէ տեղ չի զբաղեցրել, նա ընդամենը հայտնվել է լավագույն տասնյակի մեջ եւ ստացել «Miss Europe-Runner up» տիտղոսը : Այս մրցույթին մասնակցել են անգամ ամուսնացած, երեխաներ ունեցող տիկնայք, երկրները ներկայացված են եղել 2-ական մասնակցով, մինչդեռ որեւէ նորմալ միջազգային մրցույթին նույն երկրից 2 հոգի չի մասնակցում:
Ինչպես արդեն նշեցինք, առաջին տեղը զբաղեցրել է ՌԴ-ն ներկայացրած Յուլյա Պավլիկովան, երկրորդ տեղը՝ Ուկրաինայի ներկայացուցիչը, երրորդ տեղը՝ Բուլղարիայի, չորրորդ տեղը Հունաստանի, իսկ հինգերորդ տեղը Մակեդոնիայի մասնակիցը: Պավլիկովայի եւ այլ մասնակիցների հրապարակած լուսանկարներում երեւում է նաեւ Էլի Նահասը, որի քրեական անցյալի ու կավատության մասին բազմաթիվ են միջազգային մամուլի հրապարակումները:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ