Լրահոս
Օրվա լրահոսը

«Նաիրի համայնքի՝ կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվությունները չեն կազմվել օրենքի պահանջներին համապատասխան

Փետրվար 26,2025 16:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովները հրավիրել էին համատեղ նիստ, որը տեղի է ունեցել փետրվարի 26-ին՝ Նաիրիի համայնքապետարանում: Նիստի օրակարգում «Նաիրիի համայնքապետարանի 2023 թվականի ֆինանսատնտեսական գործունեության հաշվեքննության» վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացության քննարկումն էր:

Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնելով պալատի՝ հաշվեքննություններ անցկացնելու նպատակը, նշել է, որ դրանով նպաստում են հանրային կառավարմանը: Հաշվեքննություն իրականացնելու համար պալատն ունի օրենսդրական եւ մեթոդաբանական բավարար գործիքակազմ: Նա տեղեկացրել է, որ համայնքապետարանից ստացվել է հաշվեքննության համար անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը:

Անդրադառնալով անհամաձայնություններին՝ մասնավորապես նշվել է, որ համայնքի՝ կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվությունները չեն կազմվել «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:

2023 թվականի ընթացքում համայնքային ենթակայության համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների հետ կնքված ընթացիկ դրամաշնորհների տրամադրման պայմանագրերով հատկացումները համայնքապետարանի կողմից կատարվել եւ ծախսագրվել են առանց ծախսերը հիմնավորող սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերի՝ հանձնման-ընդունման արձանագրություններ կազմելու, ինչպես նաեւ առանց դեբիտորական պարտք ճանաչելու եւ ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելու: Նշված անհամապատասխանությունը հանգեցրել է ֆինանսական հաշվետվությունների ֆինանսական ցուցանիշների խեղաթյուրմանը:

Աղբահանության վճարների մասով սահմանված տույժերը համայնքապետարանի կողմից չեն հաշվարկվել եւ չեն գանձվել:

Ատոմ Ջանջուղազյանի խոսքով` հաշվեքննության ընթացքում արձանագրվել է նաեւ, որ «Նաիրիի բարեկարգում եւ բնակֆոնդ» ՀՈԱԿ-ի կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտե ներկայացված ավելացված արժեքի հարկի վերաբերյալ ամսական միասնական հաշվարկում ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գծով պարտավորություն չի հաշվարկվել եւ չի ներկայացվել:

Ըստ արձանագրության՝ համայնքապետարանում ներքին աուդիտի համակարգը 2023 թվականից չի գործել:

Հաշվեքննությամբ պարզվել է, որ համայնքապետարանի՝ 2023 թվականի կարիքների համար կնքված գնման պայմանագրերը, հանձնման-ընդունման արձանագրություններն ու հարկային հաշիվները հրապարակված չեն գնումերի էլեկտրոնային armeps.am համակարգում:

Նաիրի համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանը եւ համայնքապետարանի այլ աշխատակիցներ պարզաբանումներ են ներկայացրել Հաշվեքննիչ պալատի ներկայացրած արձանագրությունների վերաբերյալ: Դրանց մեծ մասը, սակայն, լիարժեք չի եղել եւ չի գոհացրել պատգամավորներին:

Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի տեղեկացմամբ պալատը ներկայացրել է խնդիրները շտկելու մի շարք առաջարկներ:

Նաիրի համայնքի ղեկավարը նշել է, որ ներկայացված բոլոր առաջարկներն ընդունել են ի գիտություն եւ աշխատում են դրանք կյանքի կոչելու ուղղությամբ:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանի դիտարկմամբ նշված խնդիրները կարող են լինել նաեւ այլ խոշորացված համայնքներում: Նա Նաիրի համայնքապետարանի ղեկավարությանը հորդորել է աշխատել արձանագրված խախտումները վերացնելու ուղղությամբ: Պատգամավորն աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի կարծիքով նմանօրինակ հանդիպումներն ու քննարկումները շատ արդյունավետ են: Նա լիահույս է, որ մյուս համայնքները, հետեւելով այս քննարկմանը, աչալուրջ կլինեն իրենց խնդիրների լուծման ուղղությամբ: Վահե Ղալումյանի կարծիքով վերոնշյալ խնդիրների առանցքում ներքին աուդիտի բացակայությունն է:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728