Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընթերցողների նշած թատրոններից՝ այդ չափանիշերին համապատասխանում է միայն Նարեկ Դուրյանի «Բոհեմ» թատրոնի գործունեությունը». Լեւոն Իվանյան

Փետրվար 26,2025 16:06

Aravot.am-կայքում 25.02.2025թ. հրապարակված «Երևանում է գործում համաշխարհային մշակույթի պատմության ընթացքում բացառիկ և անկրկնելի երևույթներից մեկը` մեզ շատ հայտնի հեղինակային թատրոնը» հոդվածը անմիջապես արձագանք ստացավ, թեև արձագանքը ավելի շեշտում է հոդվածի բացթողումը, քան դրվատում Կամերային թատրոնի գործունեության գնահատանքի մասին անսովոր փաստարկումը: Ընթերցողներից շատերը ներկայանանալով «պարզապես թատերասեր-հանդիսատես»՝ նշում էին, որ բարձր են գնահատում հոդվածում առկա «ոչ միանշանակ» մոտեցումը, սակայն,հեղինակային արվեստի և հատկապես թատրոնի մասին խոսելիս՝ հարկ է խոսել նաև մեր մյուս ոչ պակաս ինքնատիպ և ոչ պակաս հեղինակային թատրոնների մասին, բարձրաձայնելով մի քանի թատրոնների անուն` «Գոյ», «Մալյան», «Համազգային», «Բոհեմ»:

Մասնագիտական պատասխան ստանալու համար կապվեցինք վերոնշյալ հոդվածի մեր զրուցակցի` ռեժիսոր Լևոն Իվանյանի հետ: Մասնագետի պատասխանը ներկայացնում ենք առանց միջամտության:

«Իհարկե, նախ`շնորհակալություն արձագանքի համար: Ուշադիր դիտարկման դատողությունը, եթե նույնիսկ այն դիտողություն է, շատ ավելի գնահատելի է, քան ցանկացած բնույթի անտարբերություն: Ես էլ իմ հերթին փորձեմ ուշադիր պատասխան ներկայացնել ձեր ուշադիր ընթերցող-հանդիսատեսին: Ճիշտ դիտարկում է, թեպետ երևի թե պարզ է, որ ես հեղինակային թատրոնի մասին խոսելիս՝ հատուկ ուշադրություն եմ դարձրել, որ կենտրոնացած մնանք ասելիքի վրա և, տարբեր օրինակներ բերելով՝ բուն թեմայից չշեղվենք: Նախորդ խոսքը ամենևին էլ Երևանի թատրոնների մասին չէր, այլ հեղինակային թատրոնի մասին էր: Այդ առումով ընթերցողների նշած թատրոններից այդ չափանիշերին համապատասխանում է միայն Նարեկ Դուրյանի «Բոհեմ» թատրոնի գործունեությունը: «Բոհեմին» կանդրադառնանք:

Մյուս թատրոններից հեղինակային թատրոնի բնույթին փոքր ինչ մոտ է շատ սիրելի Հենրիկ Մալյանի անվան թատրոնը, կամ «Մալյան» թատրոնը` շատ սիրելի Նարինե Մալյանի ղեկավարությամբ: Բայց դա ուրիշ տեսակի, ինքնատիպ, անփոխարինելի թատերական որակ է և հեղինակային թատրոնի թեմայի իմ նշած գործոններից դուրս է, հենց թեկուզ այն պարզ պատճառով, որ այնտեղ բեմադրվում են տարբեր հեղինակների գործեր և բացի Նարինե Մալյանից՝ բեմադրում են նաև այլ ռեժիսորներ նույնպես: Իսկ այն, որ «Մալյան թատրոնը» մեր թատերական կյանքի բացառիկ ու անփոխարինելի հարստությունն է, դա չտեսնելը նույնն է, թե չտեսնես աչքիդ առաջ փայլող ադամանդը:

Ինչ վերաբերում է «Գոյ» թատրոնին, հարգելով թատրոնի հին ու նոր կազմի դերասաններին, պետք է նշեմ, որ «Գոյ» թատրոն-լաբորատորիան հեղինակային թատրոն չի դարձյալ այն պարզ պատճառով, որ այնտեղ առաջ էլ, հիմա էլ բեմադրվում է համաշխարհային դրամատուրգիայի հատընտիր, ամենադժվարբեմադրելի գերժամանակակից ընտրանի, Արմեն Մազմանյան և Արթուր Սահակյան բեմադրիչների ամենահամարձակ ռեժիսուրայով և թատերական ամենաթեժ «լաբորատոր» փորձարկումներով: «Գոյը» նույնպես բացառիկ թատրոն-հարստություն է մեր մշակութային կյանքում:

Մեր ասելիքում ուրույն բեմադրիչներին և բեմադրություններին չենք անդրադառնում, միայն նշեմ, որ թատերական բազմազանությունը շատ ավելի մեծ հարստություն է, քան մեկ «կատարյալ» թատրոնի առկայությունը, որն, իհարկե, չկա մեզանում և ոչ մի տեղ էլ չկա, քանի որ կատարյալ թատրոն տեսականորեն չի կարող լինել:

«Համազգայինին», «Մնջախաղին», «Փոքր թատրոնին» և մյուս թատրոններին չենք անդրադառնա զուտ այն պատճառով, որ նրանք տարբեր ժամանակներում իրականացրել են տարբեր հեղինակների, տարբեր ռեժիսորների բեմադրություններ, ինչը հեղինակային թատրոնի մասին մեր ասելիքից դուրս է:

Բայց իր գոյության ու գործունեության բոլոր չափանիշերով, այո «հեղինակային թատրոն» որակմանը համապատասխանում է Նարեկ Դուրյանի հիմնադրած, մինչ օրս իր ղեկավարությամբ, իր դրամատուրգիայով, իր բեմականացումներով, իր երաժշտական հեղինակային լուծումներով որպես կոմպոզիտոր, իր ուրույն ռեժիսուրայի բեմադրություններով, ի առավելություն ազգային և միջազգային բազմաթիվ թատրոնների` իր փայլուն դերասանական արվեստով. խոսքով, երգով, պարով, մնջախաղով, բոլոր ժամանակների կատակերգական թատրոնի ամենաբարձրակարգ ավանդույթներով, այս ամենին գումարած բազմալեզու խոսք ու երգով, բազմերկիր հյուրախաղերով:

Շատ սիրելի Նարեկ Դուրյանի մասին Արա Երնջակյանի մասին խոսելիս ես չխոսեցի, չուզելով իրար խառնել տարբեր, մեկը մյուսից ավելի հիացմունք առաջացնող արժեքներ: Դարձյալ շնորհակալություն ձեր ուշադիր ընթերցող հանդիսատեսին, որոնց շնորհիվ առիթ տրվեց «Բոհեմի» մասին խոսելու, որպես ոչ երբեք այլևս կրկնելի բացառիկ մշակութային արժեքի` ի դեմս բազմատաղանդ բացառիկ շնորհի տեր Նարեկ Դուրյանի:

1989 թվականին հիմնադրված «Բոհեմ» թատրոնի գործունեությանը քաջածանոթ եմ, մանավանդ բարդագույն հիմնադիր տարիներին, երբ «Բոհեմը» Նարեկ Դուրյանի ղեկավարությամբ, հայ դերասանների հետ, 90-ականների «մութ ու ցուրտ» դժվարին տարիներին հյուրախաղերով հանդես էր գալիս ոչ միայն Ֆրանսիայում, այև Եվրոպայի շատ երկրներում: Քաջածանոթ եմ, քանի որ ութ տարի «Բոհեմ» թատրոնի հիմնադիր կազմում նաև հանդես էր գալիս իմ կինը` դերասանուհի, վաստակավոր արտիստուհի Գայանե Մկրտչյանը, որը հետո տեղափոխվեց «Սունդուկյան» թատրոն, իսկ Նարեկ Դուրյանի հետ մեր բարեկամությունը, արդեն 36 տարի:

Տա Աստված, որ մեր մշակութային կյանքի այս բացառիկ երևույթը շատ երկար կյանք ունենա, ի մեծագույն պատիվ միջազգային դաշտում մշակութային երկրի բարձր որակը կրող մեր իսկապես մշակութային երկրի:

Ես երբեք ու ոչ մի հարցում համեմատությունների կողմնակից չեմ, այլ կողմնակից եմ ամեն որակին իր համապատասխան տեղն ու արժեքը իրեն արժանի տեղում տեսնելուն: Պետք չի տարբեր «քաշային կարգերը» և տարբեր «կալիբրները» իրար հետ համեմատել, շատ ավելի լավ է, որ այն, ինչ կա, ինչն ունենք, ինչը անփոխարինելի է և, հատկապես այն, ինչը այլ երկրներում կարող է երազանք լինել, աչքի լույսի պես պահենք պահպանենք սիրենք ու հարգենք մեր ունեցածը` ժամանակի, պատմության,Աստծո և բնության կողմից մեր երկրին տրված մեծագույն, անփոխարինելի արժեքները»,- խոսքն ավարտեց պարոն Իվանյանը:

 

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728