Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞վ է պայմանավորված վճարման 30 րոպե սահմանափակումը․ պարզաբանում է Telcell-ը

Փետրվար 26,2025 15:54

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը հանրային տրանսպորտում քարտով վճարում կատարելուց հետո հաջորդ վճարման համար 30 րոպե ժամանակային սահմանափակում է դրել վերջերս՝ քաղաքացիների կողմից չարաշահումներով պայմանավորված:  Բանկային քարտերին հաճախ լինում են նաև անսահմանափակ տարիֆային պլաններ, ինչն էլ չարաշահման հնարավորություն է տալիս:

«Քաղաքացին, իմանալով, որ բանկային քարտն ունի տարիֆային պլան, որն անսահմանափակ է, քարտով անցկացնում է իր բոլոր ծանոթ բարեկամներին և վնաս հասցնում համակարգին: Նմանատիպ փորձ մենք քաղաքացիների կողմից ունեցել ենք՝ և ՛ բանկային քարտով, և ՛ տրանսպորտային քարտով: Այդ չարաշահումների հետևանքով մենք ստիպված ենք եղել այդ երկու սահմանափակումն էլ դնել՝ ինչպես տրանսպորտային քարտերի վրա, այնպես էլ բանկային»,–ասում է «ԹԵԼ-ՍԵԼ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Լիանա Հունանյանը:

30 րոպեի սահմանափակումը գործում է նույն տրանսպորտի համար՝ մետրոյի նույն կայարանում, նույն համարի ավտոբուսում կամ տրոլեյբուսում: Եթե քաղաքացին փոխում է տրանսպորտային միջոցը, վալիդատորն ընդունում է վճարումը: Այսինքն՝ տեղփոխով ուղևորվող քաղաքացին այս սահմանափակումը չի զգա:

Իսկ, թե ինչու ժամանակային սահմանափակումը չի տարածվում միայն այն բանկային քարտերի վրա, որոնց վրա կան տարիֆային պլաններ, պայմանավորված է վալիդատորի օֆլայն աշխատանքով: Վճարման պահին հնարավոր չէ տարանջատել բանկային քարտերը՝ ըստ տարիֆային պլանի և տարիֆային պլանի բացակայության:

Քաղաքացիները բարձրաձայնում են՝ վալիդատորը վճարումը երբեմն մերժում է, բայց ավելի ուշ նկատում են՝ գումարը գանձվել է: Այնինչ, գանձված գումարը ձեր նախորդ երթերից գոյացած պարտքն է, որի պատճառով հայտնվել էիք սև ցուցակում: Երբեմն վալիդատորը կանաչ լույս է վառում, սակայն քարտից գումար չի գանձվում: Պատճառները կարող են տարբեր լինել՝ քարտի վրա անբավարար միջոցների առկայությունից մինչև օրվա գործարքների քանակի ու գումարի սահմանափակում:

Անսահմանափակ երթերով փաթեթներ ձեռք բերելիս պետք է հիշել՝ գործում է «մեկ անձ՝ մեկ տոմս» սկզբունքը: Telcell Wallet–ով ձեռք բերված դինամիկ QR-ները հնարավոր չէ տրամադրել այլ ուղևորների: Wallet–ում փակված է սքրինշոթի, վիդեոձայնագրության հնարավորությունը: Հնարավոր է սքրինշոթ անել միայն մեկանգամյա տոմսը, 10–հատանոց փաթեթը և օդանավակայանի տոմսը:

«Դինամիկ QR-ի պատկերը 30 վայրկյանը մեկ փոխվում է: Եվ մինչև դուք կնկարեք, կուղարկեք, պատկերը փոխվելու է, և QR–ը չի աշխատելու»,–նշում է Լիանա Հունանյանը:

Telcell Wallet–ով փաթեթները կարելի է ձեռք բերել զեղչված արժեքով: Կան նաև արտոնյալ խմբեր, որոնց համար գործում են այլ սակագներ: Telcell Wallet–ում նույնականացված լինելը բավարար է առանց թաղապետարաններ կամ մասնաճյուղեր այցելելու հենց Wallet–ում ստանալու հասանելի զեղչը:

«Ձեր՝ արդեն հասանելի տոմսերը Wallet–ում կլինեն զեղչված գնից զեղչված»,–նշում է Լիանա Հունանյանը:

Իսկ ինչ կլինի, եթե քաղաքացին կորցնի տրանսպորտային քարտը. եթե քարտը նույնականացված չէ, ապա կորցնելու դեպքում ընկերությունը չի կարող օգնել: Կորցրած նույնականացված քարտերի դեպքում տարիֆը հնարավոր է տեղափոխել նոր գնված քարտին:

Մանրամասները՝ տեսանյութում

«ԹԵԼՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728