«Նիկոլ Փաշինյանը Դաշնակցության նկատմամբ հիվանդագին կեցվածք ունի, այնքան հիվանդագին է, որ ինքը Դաշնակցությունը դնում է խաղի կենտրոնում»,- այսօր ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը։ Նա ասաց, որ վարչապետը պետք է պատասխանատու կեցվածք ունենա, բայց ինքն անպատասխանատու է։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրանսիա կատարած այցին, Փափազյանն ասաց․ «Երբ ինքը Ֆրանսիայում հանդիպեց 25-30 անձնավորությունների հետ, զանգեց նրանց, որոնց հետ կուզեր հանդիպել։ Դժբախտաբար Դաշնակցությունը ներկա չէր այդ հանդիպմանը։ Եվ այդ հանդիպման ընթացքում ինքը գրեթե միայն Դաշնակցության մասին է խոսել։ Սրահում կային 30 անձինք, որոնցից 25-ը հայերեն չեն հասկանում։ Եվ ուրեմն, չհասկացան, որ Փաշինյանն այդպես խոսեց, Ցեղասպանության հարցը հարցականի տակ դրեց։ Ինքը հայ համայնքներում շրջապտույտ ունեցավ, ինքն առաքելության մեջ էր, որ հարցականի տակ դնի Ցեղասպանությունը։ Ինչո՞ւ է հարցականի տակ դնում, որովհետեւ Թուրքիան պահանջել է, որ Ցեղասպանությունը հարցականի տակ դնի, եւ Ալիեւը պահանջել է, որ ինքը հայտարարի, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին։ Այսինքն՝ այդ հայեցակարգը, որ իրական Հայաստանը պետք է հակասել պատմական Հայաստանին, իրական Հայաստանի գաղափարը Հայաստանը ծնկի կբերի, որովհետեւ առանց Հայաստանի արմատների չի կարող ապագա լինել»,- ասաց նա։
Հարցին, թե մտավախություն չունի՞, որ իր այս հայտարարությունների համար կրկին կարգելեն իր մուտքը Հայաստան, Մուրադ Փափազյանը պատասխանեց․ «Ես ազատ մարդ եմ, ոչ ոք չի կարող արգելել ինձ իմ կարծիքը հայտնել։ Եթե այդ գինը պետք է վճարեմ, որ նորից իմ մուտքն արգելեն, որովհետեւ քննադատում եմ Փաշինյանին, այդ ռիսկը ես վերցնում եմ։ Բայց դուք պիտի ընդունե՞ք, որ կրկին իմ մուտքը արգելվի՞։ Ես նկատի ունեմ հայ ժողովրդին, մինչեւ ե՞րբ պետք է ընդունեք, որ արգելվի հայորդիների մուտքը Հայաստան, որովհետեւ ընդդիմացել են Փաշինյանի քաղաքականությանը»։
Մուրադ Փափազյանը հիշեցրեց, որ դատարանի միջոցով է վերականգնվել իր՝ Հայաստան մուտք գործելու իրավունքը։
Կարդացեք նաև
Նա նաեւ մանրամասներ հայտնեց Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ իր եւ Փաշինյանի հանդիպումից։ «Մակրոնն ուզեց, որ ինքը, Փաշինյանը, ես եւ Արա Թորանյանը հանդիպենք։ Մակրոնն ուզեց, որ ես դնեմ հարցերը, որոնց հետ ես խնդիր ունեմ։ Մակրոնի ներկայությամբ ես հարցրեցի՝ կուզեմ իմանալ, ինչո՞ւ արգելեցիք իմ մուտքը Հայաստան։ Փաշինյանը Մակրոնի ներկայությամբ ինձ պատասխանեց՝ չգիտե՞ս, ես քեզ արգելեցի մտնել Հայաստան, որովհետեւ դեմս ցույց կազմակերպեցիր։ Ես հերքեցի, որ իմ գործը չէ այդպիսի ցույցեր կազմակերպելը։ Ինքը պնդեց, ես մերժեցի, ասացի՝ լավ, իմ ազատությունն է, արգելված չէ Ֆրանսիայի մեջ ցույցեր կազմակերպել: Երբ դուք եկել եք իշխանության ձեր հեղափոխությամբ, ցույցեր կազմակերպե՞լ եք։ Մեկը ձեզ դատի չտվեց, բայց եթե դուք Ֆրանսիայի նախագահի առաջ այդ անպատասխանատվությունն ունեք՝ ասելու, որ իմ մուտքն արգելեցիք, որովհետեւ ցույց կազմակերպեցի, նշանակում է, որ Հայաստանը ժողովրդավար երկիր չէ։ Մակրոնը զարմացավ, Փաշինյանը գնաց։ Մակրոնը եկավ, ասաց՝ դու շահեցիր դատը, ինքը չի բողոքարկի։ Երբ վերջացավ խոսակցությունը, պետք է գնայի, Փաշինյանը դիմացս կանգնեց, ասաց՝ չեմ բողոքարկի»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ