«Այս օրենքով պետությունը որևէ անձից սեփականության իրավունք չի վերցնում, որևէ գույք հետ չի վերցնում։ Դա առանձին գործընթաց է»,- ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ վստահեցրեց նախաձեռնության հեղինակ, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։
Նշենք, որ այս նախաձեռնությունը բազմաթիվ քննադատությունների և մտահոգությունների առարկա է դարձել։
Սիսակ Գաբրիելյանը, մեկնաբանելով իր և ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը, ասաց․ «Խոսքը վերաբերում է ԽՍՀՄ-ում գործող և ՀՀ անկախացումից հետո մեր կարծիքով՝ ՀՀ-ի սեփականություն հանդիսացող գույքերին և հետագայում դրանց՝ ինչ-ինչ հանգամանքներում սեփականության իրավունքի փոխանցման դեպքերին։ Այս մասով դատախազությունում կատարվում են ուսումնասիրություններ։ Առանձին դեպքերով կան դատարաններում հայցեր։ Կարող ենք չսահմանափակելով այս պահին սեփականության իրավունք ունեցող անձանց իրավունքները՝ որոշակի կարգավորումներ սահմանել՝ հաշվի առնելով հանրային շահը և տվյալ կազմակերպությունների՝ ըստ էության կանոնադրական նպատակներից բխող շահերը։
Օրենքի նախագծով մենք սահմանում ենք, որ այն հ/կ-ները, որոնք մինչև 2005-ը հողային օրենսգրքի փոփոխության արդյունքում պետությունից անհատույց ստացել են հողամաս և դրա վրա կառուցել շինություն, այսուհետ այդ գույքերը կարողանան օտարել մի շարք կարգավորման գործընթացներ անցնելուց հետո։ Եթե դատախազությունը գտնում է, որ այս գործընթացները եղել են օրենքի խախտումով, դա մեր գործը չէ։ Մենք պարզ ասում ենք, որ այս գույքերը, որոնք ժամանակին պատկանել են ՀՀ-ին և այս պահին տիտղոսային առումով պատկանում են որևէ հ/կ-ի, որ պետության կողմից անհատույց են ստացել, այս գույքերը կարող են վաճառվել միայն անդամների 2/3-ի գրավոր համաձայնությամբ, հրապարակային աճուրդով և հանրային քննարկման դնելուց հետո, որ մենք պատահական մամուլից կամ կազմակերպության շահառուների որոշ խմբից չտեղեկանանք, որ Երևանի կենտրոնում տասնամյակներ շարունակ գործող որևէ կազմակերպություն իր գույքը որոշել է վաճառել կամ գրավադրել։ Սրանով, նախևառաջ, մենք պաշտպանում ենք հենց այդ կազմակերպությունների շահառուներին՝ նույն Գրողների միության, Նկարիչների միության և այլ կազմակերպությունների․ զուտ թվարկում եմ, չեմ թիրախավորում»։
Կարդացեք նաև
Վլադիմիր Վարդանյանն էլ հավելեց՝ քանի որ հանրությանը հետաքրքրում է, և բազում զանգեր ենք ստացել, քննարկումներ ունեցել, ևս մեկ անգամ պարզաբանում ենք․ «Որևէ ունեզրկում կամ սեփականության դադարեցում այս նախաձեռնությամբ տեղի չի ունենում։ Բոլոր գործողությունները, որոնք կապված են լինելու տվյալ հ/կ-ի՝ առանձնացված գույքի օտարման հետ, պետք է լինեն թափանցիկ՝ անդամների 2/3-ի համաձայնությամբ։ Հետագայում որևէ տեսակի ծածուկ, ոչ թափանցիկ գործարք չի դիտարկվելու՝ որպես իրավաչափ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ