Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախցիներին պետք է պահել Հայաստանում, որ չարտագաղթեն եւ աշխատանք տանել հավաքական վերադարձի իրավունքի համար»․ Հակոբ Տեր-Խաչատուրյան

Փետրվար 26,2025 14:48

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Այս ապազգային իշխանությունների վարած քաղաքականությունը չի օգնում հայության աշխատանքին, որովհետեւ ազգային գաղափարախոսությունը հակադրում են այսպես կոչված «իրական Հայաստանին», որը մեզ համար անհասկանալի բանաձեւ է։ Եվ այդ ուղղությամբ ազգային իղձերի, ազգային արժեքների ոտնահարում է տեղի ունենում։ Ինչպես նաեւ պարտվողական այս հոգեբանությամբ միակողմանի զիջումները պետք է անպայման կասեցնել»,- այսօր ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

Նա նշեց, որ այս իշխանությունները պետք է հեռանան, որ Հայաստանն ունենա արժանապատիվ ապագա։ Ըստ նրա՝ հատկապես Արցախի կորստից հետո արդեն պարզ է, որ այս իշխանությունը կեղծ խաղաղության օրակարգով երկիրը տանում է անդունդ։ «Եվ մենք ամեն օրինական միջոցներով փորձում ենք այդ իշխանությանը իրապես հեռացնել»,- հավելեց նա։

Հակոբ Տեր-Խաչատուրյանն անդրադարձավ նաեւ Արցախի հիմնախնդրին եւ հարցին, թե արցախցիների վերադարձի ի՞նչ հնարավորություն է տեսնում։ «Մենք ասել ենք եւ հիմա էլ պետք է կրկնենք, որ մենք Արցախի հարցը հետեւյալ ձեւով ենք պատկերացնում՝ առաջինը, արցախահայությունը պետք է համախումբ ապրի Հայաստանում, եւ պետք է ստեղծենք պայմաններ, որ չարտագաղթեն։

Երկրորդ, համաշխարհային առումով պետք է աշխատանք տանենք հավաքական վերադարձի իրավունքի համար։ Սա ցնորք չէ, որովհետեւ պետություններն արդեն իսկ այս ուղղությամբ համախոհություն հայտնել են։ Արցախցիներին միջանկյալ կարգավիճակ շնորհելով եւ միջազգային երաշխիքների տակ ժողովուրդը պետք է վերադառնա իր բնիկ հողերը եւ այնտեղ կառուցի իր կյանքը։ Անվտանգության երաշխիքները պետք է տա միջազգային հանրությունը։ Եվ դրա համար է, որ լոբբինգի աշխատանք ենք տանում, չի կարելի հիմիկվանից ասել, թե որ պետությունը պետք է ստանձնի այդ պատասխանատվությունը, բայց հետաքրքրվող երկրներ կան այդ ուղղությամբ»,- ասաց նա։

Հակոբ Տեր-Խաչատուրյանը հավելեց, որ ՀՅԴ-ն արցախցիների վերադարձի հարցով աշխատանք է տանում ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Միջին Արեւելքում։ Օրինակ՝ Ֆրանսիայի դեպքում անմիջապես նախագահի պալատի հետ է այդ աշխատանքը տարվում, ԱՄՆ-ում՝ նոր վարչակարգի հետ։ Նա հիշեցրեց, որ ԱՄՆ նախագահ Թրամփը խոստացել էր քրիստոնյաների խնդիրների լուծմանը նպաստել։ «Նաեւ ընտրություններից առաջ գերիների հարցով ենք իրեն հատուկ խնդրանք ներկայացրել, որպեսզի ճնշում գործադրվի Ադրբեջանի վրա՝ վերադարձնելու գերիներին։ Բայց Թրամփն ավելին էր խոստացել ի զարմանս մեզ, որովհետեւ նախկինում հայկական հարցերով այդքան էլ մտահոգված չէր, բայց այս անգամ բավական լրջորեն ուսումնասիրել էր հայկական դոսյեն՝ իր շրջապատի հետ մեր տարած աշխատանքի շնորհիվ»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728