«ՀՀ օրհներգում ի վերջո՝ «նայիր նրան մեր նշա՞ն» է, թե՞ «մեկ նշան» է։ Հարց է առաջանում՝ էդ մեկը ե՞րբ են փոխել, ի՞նչ հիմնավորմամբ։ Ի վերջո, հիմք վերցնում ենք Միքայել Նալբանդյանի տեքստը։ Առաջին տունը կտրված է ամբողջ տրամաբանությունից։ Քանի առիթ է՝ փորձե՞լ եք պարզել՝ էդ մեկը մեքենագրուհի Աննայի սխալի՞ց է առաջացել։ Եթե փոխել են, ի՞նչն է հիմնավորումը»,- ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Գեղամ Նազարյանը հարցրեց՝ ի՞նչ մեկ նշան, միշտ երգելուց երգել ենք՝ «նվիրական մեր նշան»․ «Պետք է անդրադառնա՞նք էս հարցին, թե՞ էլի բյուրոկրատիան մեզ խժռելու է, ու ասենք, եթե մեքենագրուհի Աննան շփոթվել է, մենք էլ տենց ընդունել ենք, տենց պիտի գնանք։ Ո՞րն է լուծումը»։
Նախաձեռնության հեղինակ, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն արձագանքեց․ «Ցավոք, Դաշնակցությունը չկա։ Եթե Գեղամ Մանուկյանը և Արծվիկ Մինասյանը լինեին, կարող է՝ հասկանայինք՝ մեքենագրուհո՞ւ սխալ է եղել, թե՞ ոչ։ Ինչքան մամուլում նայեցի, 2000-ականների սկզբներին նրանց ակտիվության՝ որոշ դեպքում նաև վիճաբանության արդյունքում է սենց հաստատվել՝ տվյալ օրվա իշխանության և Դաշնակցության։ Եթե ուշադիր լինենք, Նալբանդյանի բանաստեղծության մեջ նշված է՝ «նայիր նրան, երեք գույնով նվիրական մեկ նշան»։ Ստորակետ չկա։ Օրհներգում գրված է՝ «նայիր նրան, երեք գույնով, նվիրական մեկ նշան»։ Արդեն ստորակետով։ Ենթադրելի է, որ «մեկ նշանը» և «երեք գույնը» մեկտեղված են։ Այս երեք գույները մեզ համար «նվիրական մեկ նշան» են։
ՀՀ օրհներգն ամբողջությամբ չի պատճենվել Միքայել Նալբանդյանի ստեղծագործությունից, այլ ստեղծագործության հիման վրա է։ Oրենքում էլ է գուցե վրիպակ, որ գրված է՝ ՀՀ օրհներգը Միքայել Նալբանդյանի ստեղծագործությունն է։ Գուցե պիտի գրեին՝ Միքայել Նալբանդյանի «Մեր հայրենիք» ստեղծագործության հիման վրա։ Այդ ստեղծագործությունը մեր օրհներգի հետ կապ ունի այնքանով, որ այնտեղ էլ է չորս տող՝ քառյակ, էստեղ էլ։ Շատ բաներ փոխված են։ Այնպես որ, «մեկ նշանն» այդպես է։ Այլ բան է, որ եթե ուզում եք՝ «մեր նշան» դառնա։ Վստահաբար որևէ մեքենագրուհի՝ Աննան կլինի, Մարինեն, թե՝ Կարինեն, սխալ չի արել։ Ստեղնաշարի վրա կ-ն ու ր-ն իրար մոտ չեն, որ շփոթվեր ու ստորակետ դներ։ Միքայել Նալբանդյանի «Մեր հայրենիք» ստեղծագործությունը մեր օրհներգում 70 և ավելի տոկոսով արդեն փոփոխված է։ Մենք այս վեց հավելվածները դրա համար ենք դրել և ասում ենք՝ սրան համապատասխան պիտի լինի»։
Կարդացեք նաև
Նշենք, որ ըստ նախաձեռնության հեղինակների՝ առաջարկվող կարգավորումը նպատակ ունի սահմանել եւ հրապարակել ՀՀ օրհներգի պաշտոնական եւ առանձին դեպքերի համար նախատեսված տարբերակը, որոշակիացնել դեպքերը` օրհներգի ամբողջական եւ կարճ խմբագրմամբ օգտագործվելու համար։
Գեղամ Նազարյանը նաև հարցրեց՝ առաջին ընթերցման ժամանակ, տեքստում գրված էր՝ իր որդիք, հիմա յուր է դարձել, դա՞ ոնց եղավ։ Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց․ «ՀՀ օրհներգի գործող տեքստում յուր է։ Հիմա էլ է յուր։ Երբեք փոփոխություն չենք արել»։
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ առաջարկեց․ «Ժողովուրդ ջան, հերիք է՝ էլի մեքենագրուհու վրա գցենք խնդիրները։ Եկեք խնդիրները լուծենք»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ