Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելի լավ կլինի՝ դուք ձեր դերը լիարժեք կատարեք»․ Թադևոս Ավետիսյանը՝ Բաբկեն Թունյանի՝ ընդդիմության դերը կատարելու ռեպլիկի մասին

Փետրվար 26,2025 13:23

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Քննարկմանը, որը բավականին բուռն էր, ընդդիմության դերը մենք էինք կատարում, դուք մինչև վերջ չէիք մնացել»,- «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ դիմելով ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանին՝ ասաց ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

Թադևոս Ավետիսյան

Թադևոս Ավետիսյանն էլ արձագանքեց․ «Ավելի լավ կլինի՝ դուք ձեր դերը լիարժեք կատարեք, հետո այլ դերեր։ Ես մասնակցել եմ այնքան, ինչքան հարմար եմ գտել և ներկայացրել առաջարկություն, որը հիմա հրապարակային կրկնում եմ։ Առնվազն, եթե հարկային բեռի ավելացման խնդիր կա, մեխանիզմներն այնպես պիտի սահմանվեն, որ հիմնականում բեռը դրվի հենց այդ կազմակերպությունների վրա, ոչ թե այն մարդկանց, որոնք ստանալու են այդտեղից շահումներ և իրականացնելու են խաղադրույքներ։ Մի սահմանափակում պիտի դրվի՝ խաղադրույքների ո՞ր տոկոսն է, որ նվազագույնը պիտի բաշխվի՝ որպես շահույթ։ Եթե հիմա մենք հարկման չափը ավելացնում ենք, առնվազն երկու բան կա։ Եթե ավելի բարձր է բեռը, նշանակում է՝ գնալու են սնանկացման, իսկ եթե տանելի բեռ է, ուրեմն պետք է կրի այդ կազմակերպությունը։ Սահմանաչափը չպիտի ազդի նրա վրա, որ հարկումը տարածվի այն քաղաքացիների վրա, որոնք խաղադրույքներ են իրականացնում»։

Թադևոս Ավետիսյանը հստակեցրեց՝ իրեն առավելապես հետաքրքրում է ոչ թե ֆինանսական մասը, այլ հիմնական նպատակի լուծումը․ ինչքան այդ բեռը բարձրացնենք, միևնույն է այն հիմնական փաստարկները, որ Հայկ Սարգսյանն էր բերում, բխում էին հիմնական նպատակից։ Տասը փաստարկից մեկն էր, որը վերաբերում էր պետական բյուջե մուտքերի ապահովմանը․ «Ոլորտի շրջանառության մահաբեր աճն այս նախագծով չի լուծվելու։ Այո, պետական բյուջե գուցե լրացուցիչ մուտքեր լինեն։ Զարմանում եմ՝ ՀՀ-ն իր պետական մարմիններով չունի բավարար ներուժ, որ օրենքի խախտումով ՀՀ-ում պետական տուրք չվճարող և լիցենզիա չունեցող հիսուն օտարերկրյա կազմակերպությունները եկել, ՀՀ-ում մահաբեր բիզնեսով են զբաղվում»։

Բաբկեն Թունյան

Բաբկեն Թունյանն ի պատասխան ասաց․ «Ձեր ասած խնդիրը, որ հարկի չափն այնպիսին պիտի լինի, որ տեղավորվեն, լուծվում է։ Այս նախագծով լուծվում է արդարացի հարկման խնդիրը, իսկ խաղամոլության դեմ պայքարի խնդիրն այլ նախագծերով է լուծվում։ Որ ասում եք՝ ավելի լավ է՝ ձեր դերը կատարեք, ապա նշեմ, որ եթե դուք ձեր դերը կատարեիք, ես հիմա այստեղ այս դերը կատարող չէի լինի։ Դուք ձեր դերը եթե կատարեիք, գայիք, ձեր քվեն վերցնեինք ու աշխատանքային քննարկում կազմակերպեիք»։

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն էլ ասաց․ «Ասում եք՝ սրանով բեռը դրվելու է խաղացողների վրա։ Օրենքի տրամաբանությունն այն է, որ ավելանում են գործող ընկերությունների հարկերն ու տուրքերը՝ կապված խաղադրույքների աճի ծավալների հետ․ որքան աճեն ծավալները, տուրքերն այդքան են աճելու։ Ավել հարկային պարտավորություն խաղացողների վրա չի դրվելու»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728