Լրահոս
Օրվա լրահոսը

Երաշխիքներ տվեք: Քե՞զ ինչ. լեզվակռիվ Հիսուսի արձան-համալիրի կառուցման ՇՄԱԳ փորձաքննության հայտի քննարկման ժամանակ

Փետրվար 26,2025 13:15

«Քրիստոսի արձան կանգնեցնելը եւ ճոպանուղի կառուցելը ենթադրում է զբոսաշրջային բիզնեսի զարգացում: Իսկ այս ՇՄԱԳ-ն ամբողջությամբ միայն շինարարական պրոցեսին է վերաբերում, այնտեղ որեւէ բան չկա »,-Ակունք համայնքի Հատիս բնակավայրի վարչական շրջանի ղեկավարի նստավայրում ընթացող՝  Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման ՇՄԱԳ փորձաքննության հայտի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց մասնակիցներից մեկը:

Հիշեցնենք, որ Հատիս լեռան գագաթին հողային աշխատանքները մեկնարկել են դեռևս 2022թ․-ից եւ  իրականացվել են առանց ՇՄԱԳ փորձաքննության։

Ընդ որում ՇՄԱԳ նախագծում նշվում է, որ նախատեսվող հուշահամալիրի տարածքում կազմակերպված է շինարարական հրապարակ, հողային աշխատանքներն իրականացված են ամբողջ ծավալով, ընթացքում են հիմքերի բետոնացման աշխատանքները։

«Այստեղ նստած են մարդիկ, որոնք պատասխանատու են մեր երկրի շրջակա միջավայրի համար, երբ ասում եք՝ բնապահպանություն, առաջին հերթին խնդրում եմ դիմել ճիշտ հասցեատիրոջը, ես բնապահպան եմ, իրավապաշտպան եմ եւ այստեղ եմ, որ մի շարք հարցեր տամ, պատասխանները փորձեմ ստանալ եւ հասկանալ, ինչպես նաեւ ունեմ հարցեր, որոնք վերաբերում են գյուղի սոցիալական վիճակին եւ սոցիալ-կորպորատիվ իրավիճակին: Ուզում եմ հասկանանք, թե ինչ հեռանկարներ են ի վերջո սպասվում գյուղացիներին»,-հետաքրքրվեց բնապահպան Օլեգ Դուլգարյանը: Նա պնդեց պատասխանել, թե ինչ հաշվարկ կա եւ քանի հոգի է այդ գյուղից աշխատելու, ասաց, որ նախաձեռնողները պետք է նաեւ գրավոր երաշխիքներ տրամադրեն:

Դահլիճից Ակունք համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանը ռեպլիկ արեց. «Ստացվում է, դուք մեր գյուղի մասին ավելի շատ եք մտածում, քան մե՞նք»:

Մանրամասն՝ տեսանյութում

Ավելի ուշ լեզվակռիվ սկսվեց: Օլեգ Դուլգարյանը պահանջում էր ներկայացնել տնտեսական երաշխիքները, նրան  հակադարձում էին՝ քե՞զ ինչ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել