«Այս տարիների ընթացքում այսքան ուշադիր չէի եղել ՀՀ օրհներգի նկատմամբ։ Այս գիշեր երկար մտորումներից հետո հասկացա՝ ինչն է խնդիրը, ինչո՞ւ իմ ու շատերի մոտ հարց է առաջանում, որ «ապրել է դարեդարն» ավարտված գործող է։ Պատճառն այն է, որ առաջին տունն ամբողջությամբ չի համապատասխանում մնացած երեքի բովանդակությանը»,- ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Նա, մեկնաբանելով ՀՀ օրհներգի տեքստը, ասաց․ «Առաջին տունը կտրվել է իր բնօրինակից։ Մնացածում խոսողն աղջիկն է, նա է ասում՝ վերցրու դրոշը, գիշերը չեմ քնել, գործել եմ, կոչ է անում։ Իսկ առաջին տան մեջ ոնց որ հայրենիքն է խոսողը, դրա համար է խնդիրն առաջանում։ Առաջին տան տողերի հեղինակը՝ Լորիս Ճգնավորյանը, բեմի վրա հընթացս գրեց․ վկա եմ եղել։ Ինքը պարսկահայի մտածողություն ունի, եթե, կոպիտ ասած, թարգմանենք մեր խոսակցական հայերենի, ապա այսպես կլինի՝ մեր հայրենիքը, ազատ, անկախ, որ ապրել է դարեդար, իր որդիներին կանչում է՝ ազատ, անկախ Հայաստան։ Սա է խնդիրը։ Հետո գալիս է լրիվ ուրիշ տրամաբանություն։ Միքայել Նալբանդյանի բանաստեղծությունը, որից այս չորս տունն է վերցվել, 18 տուն ունի։ Ի վերջո, դա Միքայել Նալբանդյանի ստեղծագործությունն է, որի մի տունն ամբողջովին փոխվել ու կտրվել է մտքից։ Մեր ժողովրդին էլ պիտի ասենք՝ ինչու է այդպես։ Մնացած բոլոր հիմնավորումները՝ դարեդարի հետ սա բռնում է, թե՝ ոչ, հիմնազուրկ են։ Հիմնը ընդունելության քննության շարադրություն չէ, կամ էլ ընդունելության քննության փոխադրություն չէ, որ քերականականորեն հիմնավորվի։ Պետք է ընկալում լինի։ Մարդուն այդ ընկալումը պետք է ոգևորի»։
Գեղամ Նազարյանը մեր օրհներգը նմանեցրեց «քեռի Ֆյոդորի հայտնի նամակին», երբ նամակը շարունակում են Շարիկն ու Մատրոսկինը. «Մեկ բառն օրհներգում որտեղի՞ց է առաջացել, եթե հիմքը Նալբանդյանի բանաստեղծությունն է։ Ես լավ հիշում եմ՝ առաջին տունը փոխելուց ասում էին՝ պետք չի, որ ավարտվի թշվառ, անտերով։ Հիմա ու հետո ուզում եմ մեր սերունդների համար ԱԺ-ն այդ բացատրությունը տա՝ ինչո՞ւ է «մերը» դարձել «մեկ»։ 2006-ին երեք ընթերցումով է անցել՝ ընդ որում առաջին երկու ընթերցմամբ ընդունվել է առանց տեքստի և երաժշտության, բա ի՞նչ եք ուզում։ Բա որ «մեկ» չգրեին, գրեին «տասը» նշան։ Լավ, տրամաբանական է, բանաստեղծության մեջ, որ սա մեր «նվիրական մեր նշանն» է։ Մենք մեկ նշան չունենք, այլ առնվազն երեքը։ ՀՀ-ի դեպքում կարմիրը բոլշևիկները չեն, նարնջագույնը՝ Դաշնակցությունը կամ կապույտը Հնչակները չեն։ Էդ պահին խանութում եղել է նարնջագույն գույնի կտոր, դրա համար մեր դրոշը դարձել է նարնջագույն։ Ժողովուրդ ջան, կարդացեք վկաների հիշողությունները, որ մարդիկ դա են ասում։ Հետո եղել է հիմնավորում, թե ինչու է նարնջագույն։ Նույնն էլ հիմա պարոն Գաբրիելյանն է փորձում հիմնավորել, թե ինչու մեկ նշան, ոչ թե մեր նշան։ Հիմա էլ եք հորինում, որ երեք գույն է։ Սխալ ենք արել ու ուզում ենք դա գիտականորեն հիմնավորենք։ Ուզում եմ, որ երեսուն տարի հետո մեկ այլ սերունդ գա, չընկնեն չարչարվեն։
Բայց նաև վերջում ասեմ՝ գիտեմ, որ մի քանի հոգի, որ կոնտենտներ են ստեղծում ամբողջ օրը սրճարաններում նստած, բոլորի վրա ցեխ շպրտելով՝ ասում են, թե երկրում էլ դարդ ու ցավ չկա՞, օրհներգի հարց են քննարկում։ Օրհներգի հարցն աշխարհում ամենակարևոր հարցն է, ու սա մեր բացն է, որ մինչև հիմա՝ 35 տարի չենք կարողանում հասկանալ՝ մեր օրհներգի բառերը որն են, երաժշտությունը որն է և դրոշի գույնը որն է։ Մի բանաստեղծ հորինեց ոտանավոր, որ մեր օրհներգի գույնը ծիրանագույն է, և դա մտավ ժողովրդի մեջ։ Դա է անարգումը։ Եթե նարնջագույն է, պաշտոնապես ընդունված է, չի կարող ծիրանագույն, դեղինագույն լինել։ Այ, դրա համար պետք է տուգանել, նստեցնել, մտրակով հարվածել, որովհետև անարգում է դրոշի գույնը։ Կարող ենք սահմանել մտրակի 30 հարված, որովհետև անարգում է դրոշի գույնը»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ