«Արմենպրես». Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուի համոզմամբ՝ Բրյուսելը պետք է աջակցի Եվրոպական միությանն անդամակցելու ուղղությամբ Հայաստանի կատարած համարձակ քայլին և ապահովի, որ Երևանը միայնակ չմնա մարտահրավերներին դիմակայելու գործում։
Իսպանիայի խորհրդարանի պատգամավորը նման կարծիք է արտահայտել «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադառնալով Հայաստանի խորհրդարանի կողմից Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագծին առաջին ընթերցմամբ հավանություն տալուն։
Ինյարիտուի համոզմամբ՝ Հայաստանի տեղը մշտապես եղել է Եվրոպայում՝ հաշվի առնելով ինչպես մշակութային, այնպես էլ պատմական կապերը։
«Իմ կարծիքով՝ Հայաստանի տեղը միշտ եղել է Եվրոպայում՝ լինեն դրանք մշակութային, թե պատմական կապերը։ Եվրոպական միությունը պետք է աջակցի Հայաստանին՝ վերականգնելու իր արժանի տեղը եվրոպական ընտանիքում»,-շեշտել է Ինյարիտուն։
Կարդացեք նաև
Պատգամավորի դիտարկմամբ՝ այն փաստը, որ օրինագիծը նախաձեռնվել է քաղաքացիական ստորագրահավաքի միջոցով, որը ստացել է հանրային զգալի աջակցություն, ընդգծում է քաղաքացիական հասարակության աճող դերը ազգային քաղաքականության ձևավորման և Եվրոպայի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման գործում:
«ԵՄ-ն պետք է աջակցի այս համարձակ քայլին և ապահովի, որ Հայաստանը միայնակ չդիմակայի մարտահրավերներին, քանի որ այն մնում է տարածաշրջանի սակավաթիվ ժողովրդավարություններից մեկը»,-ընդգծել է Ինյարիտուն:
Վերջինս նաև համաձայնել է լայն տարածում գտած այն տեսակետի հետ, որ Եվրոպական միությանն անդամակցելու ճանապարհը պարզ չէ և պահանջում է էական բարեփոխումներ տարբեր ոլորտներում։
«Եվրոպական միությանն անդամակցելու ճանապարհը պարզ չէ և կպահանջի էական բարեփոխումներ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կառավարումը, օրենքի գերակայությունը և տնտեսական զարգացումը: Եթե օրինագիծն առաջ շարժվի, Հայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի Եվրոպական միության չափանիշներին և արժեքներին համապատասխանելու համար»,-ասել է պատգամավորը։
Խոսելով օրինագծի ընդունման մասին՝ պատգամավորն այս համատեքստում նաև անդրադարձ է կատարել հայ-ռուսական հարաբերություններին և Մոսկվայի հնարավոր արձագանքներին։
«Կարևոր է նաև հիշել, որ Ռուսաստանն, ամենայն հավանականությամբ, խոշոր արշավ կսկսի՝ արգելափակելու Հայաստանի և ԵՄ-ի միջև սերտ կապերը, ինչպես նախկինում, երբ Հայաստանի վրա ճնշում էին գործադրում Եվրասիական տնտեսական միությանը միանալու համար՝ թողնելով երկրին ընտրության քիչ հնարավորություն»,-նկատել է Իսպանիայի խորհրդարանի պատգամավորը:
Հայաստանի ազգային ժողովը փետրվարի 12-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։ Նախագծին կողմ է քվեարկել 63, դեմ՝ 7 պատգամավոր։