Փետրվարի 17-ին «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 16-րդ «Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոն»-ի երկրորդ համերգին հնչեց կոմպոզիտոր, միջազգային մրցույթների դափնեկիր Արփինե Կալինինայի սոպրանոյի, ջութակի, թավջութակի եւ նվագախմբի համար «Սրտի անհամբերությունը» ստեղծագործությունը՝ որպես պրեմիերա: Այս ստեղծագործության համար նաեւ կոմպոզիտորը 2010 թ. արժանացել է Ռուսաստանի Դաշնության Արվեստի ասպարեզում բարձրագույն նվաճումների համար շնորհվող «Տրիումֆ» մրցանակին՝ երիտասարդական անվանակարգում: Մրցանակին տարիների ընթացքում արժանացել են մեծանուն արվեստագետներ Ալֆրեդ Շնիտկեն, Սվյատոսլավ Ռիխտերը, Վալերի Գերգիեւը, Եվգենի Կիսինը, Մայա Պլիսեցկայան եւ այլք:
-Արփինե, պատմեք խնդրեմ այս ստեղծագործության եւ դրա կատարման մասին:
-Սոպրանոյի, ջութակի, թավջութակի եւ սիմֆոնիկ նվագախմբի համար «Սրտի անհամբերությունը» ստեղծագործությունը գրել եմ 2008 թ. (խմբագրել` 2025 թ.)` ըստ Ստեֆան Ցվայգի համանուն՝ «Ungeduld des Herzens» վեպի, որպես դիպլոմային աշխատանք` Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինն ավարտելիս՝ երջանկահիշատակ կոմպոզիտոր, պրոֆեսոր Լեւոն Չաուշյանի դասարանում։ Երեք մենակատարներն արտացոլում են վեպի երեք գլխավոր հերոսներին. սոպրանո` Էդիթ Քեքեսֆալվա, ջութակ` լեյտենանտ Անթոն Հոֆմիլլեր, թավջութակ` բժիշկ Քոնդոր։
Կարդացեք նաև
Վեպը դրամատիկ է. հերոսուհին՝ Էդիթը, երեխա ժամանակ ձիուց ընկնելով, հաշմանդամ է դառնում եւ գամված է սայլակին` անկարող քայլել։ Մի օր երիտասարդ Էդիթի տուն հյուր է գալիս լեյտենանտ Հոֆմիլլերը։ Էդիթը սիրահարվում է նրան, եւ ժամանակ անց նրանք նշանվում են։ Այդ սերը Էդիթին հույս է ներշնչում, որ ինքն անպայման կապաքինվի իր բժշկի` մարդկային մեծագույն կարեկցանքով եւ համբերատարությամբ օժտված Քոնդորի (որի կինը եւս հաշմանդամ է) հսկողության ներքո։ Սակայն Հոֆմիլլերը նշանդրեքից անմիջապես առաջ սկսում է տատանվել՝ արդյո՞ք կկարողանա ողջ կյանքում կրել հաշմանդամին խնամելու ծանր բեռը` կասկածելով, որ Էդիթը երբեւէ ոտքի կկանգնի։ Ներքին տվայտանքն ու վախը դրդում են լեյտենանտին հրաժարվել նշանդրեքից։ Նշանդրեքի չեղարկման լուրը Էդիթին հասցնում է հուսահատության. նրա փխրուն էությունը չի դիմանում դաժան հարվածին, եւ նա ինքնասպան է լինում։
Էդիթի սերն ու հուսահատ հոգեվիճակն արտացոլել եմ Եղիշե Չարենցի «Տաղարան» շարքի երկու բանաստեղծությամբ՝ «Հիմի շատ են երգիչները, հոգու ուզած տաղը չկա…» եւ «Ինչքան զանգ են տալիս, իմ միտն ես գալիս…»: Ստեղծագործությունն արտահայտում է վեպի դրամատիզմը, Էդիթի ծայրահեղ հուսահատությունը եւ Հոֆմիլլերի անամոքելի զղջումը, երբ լսում է Էդիթի մահվան մասին:
Ստեղծագործությունս կատարեցին սոպրանո Սոֆյա Սայադյանը (Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, որի հետ համագործակցում ենք 2012 թ.-ից), ջութակահար Էրիկ Մանուկյանը, թավջութակահար Սիփան Թորոյանը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Սերգեյ Սմբատյան), դիրիժոր՝ Ալեքսանդր Հումալա: Ալեքսանդր Հումալան եւ բոլոր երաժիշտները խորապես փոխանցեցին ստեղծագործությանս դրամատիկ էությունը: Շատ տպավորիչ էր համագործակցել բոլոր հրաշալի երաժիշտների՝ մենակատարների եւ նվագախմբի հետ եւ ունկնդրել ստեղծագործությունս դահլիճից՝ դիրիժորի ոգեշունչ ղեկավարությամբ: Սա ինձ համար երկար սպասված պրեմիերա էր, եւ երջանիկ եմ, որ հենց այս կատարողական կազմով բախտ վիճակվեց ունկնդրել այն: Հուզիչ էր, երբ առաջին փորձից հետո նվագախմբի որոշ երաժիշտներ մոտեցան՝ ասելով, որ իրենց շատ է դուր եկել ստեղծագործությունս. նմանատիպ ջերմ արձագանքներ լսեցի մենակատարներից եւ դիրիժորից: Կոմպոզիտորի համար առավել երջանիկ զգացողություն չի կարող լինել, քան այն, երբ ստեղծագործությունդ կատարում են սիրով եւ ոգեւորությամբ: Կատարողների փոխանցած ջերմությունը թեւավորում է կոմպոզիտորին գրելու նոր ստեղծագործություններ: Շնորհակալ եմ մենակատարներին, նվագախմբին եւ դիրիժորին՝ ստեղծագործությանս կյանք տալու համար:
– Խնդրեմ պատմեք Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի մասին:
– Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ամենամյա Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը հրաշալի խթան է հայ ժամանակակից կոմպոզիտորների համար: Փառատոնն ունի խիստ կարեւոր առաքելություն. այն ապահովում է հայ կոմպոզիտորական արվեստի շարունակականությունը եւ ամբողջովին նվիրված է հայ, ինչպեսեւ հայ ժամանակակից երաժշտությանը: Այսօր այդքան էլ շատ չեն առիթները, երբ հնչում են հայ, մասնավորապես հայ ժամանակակից երաժշտության մեծակտավ ստեղծագործություններ, իսկ փառատոնը ստանձնել է այդ կարեւոր առաքելությունը եւ հետեւողականորեն իրականացնում է այն: Փառատոնի գործընկերն է Հայաստանի Կոմպոզիտորների միությունը: Փառատոնի համերգային ծրագրերը գեղեցիկ են կազմված. արդեն դասական դարձած հայ կոմպոզիտորների կողքին հնչում են այսօր ստեղծագործող՝ ներառյալ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Փետրվարի 17-ի համերգը եւս այդ սկզբունքով էր կառուցված: Համերգը նվիրված էր Գագիկ Հովունցի 95-ամյակին. հնչեցին նրա դաշնամուրային կոնցերտը (մենակատար՝ Ժան – Պոլ Գասպարյան) եւ Արթուր Ահարոնյանի «Տուն արի» չորս պիեսը սոպրանոյի եւ սիմֆոնիկ նվագախմբի համար (մենակատար՝ Շուշիկ Պարսումեան):
Փառատոնի թողած ազդեցությունը փորձեմ ներկայացնել մի օրինակով: Տարիների ընթացքում փառատոնի համերգներին տարել եմ նաեւ իմ կոմպոզիցիայի դասարանի աշակերտներին, որոնք ոգեւորվել են այդ համերգներով: 2025 թ. Նոր տարվա իր ցանկությունների շարքում աշակերտներիցս մեկն ասաց, որ ցանկանում է մինչեւ 18 տարեկան դառնալը սիմֆոնիա գրել… Սա նշանակում է, որ փառատոնը ոգեշնչում է պատանի, երիտասարդ կոմպոզիտորներին գրելու նոր ստեղծագործություններ, ձեւավորում լուրջ երաժշտական նպատակներ՝ դառնալով հայ կոմպոզիտորական դպրոցի շարունակականության երաշխիքներից մեկը: Սիմֆոնիկ նվագախմբի հետ աշխատանքը ամենամեծ փորձառությունն է հատկապես երիտասարդ կոմպոզիտորի համար:
-Ձեզ մաղթում ենք ստեղծագործական նոր ներշնչանքներ եւ նոր համագործակցություններ:
-Շնորհակալ եմ, այսպիսի կատարումներն, իրոք, ոգեշնչում են կոմպոզիտորին եւ նոր ստեղծագործական մտքեր ներշնչում: Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնի համերգներն անցկացվում էին ձմռանը, բայց լի էին գարնանամուտի թարմ շնչառությամբ՝ հաղորդելով նորանոր ստեղծագործական լիցքեր:
Սյուզի ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
25.02.2025