Որտե՞ղ են Հայաստանի 100 կուսակցությունները
«Կուսակցությունները ինքնանպատակ են ոչ միայն, որ հասարակությանը ծառայելուց ավելի իրենք իրենց են ծառայում, այլեւ ունեն կռապաշտության եւ առհասարակ կրոնական մոլությունների բոլոր ախտերը»: Նման գնահատական կարող է հնչել նաեւ այսօր, բայց իրականում միտքն արտահայտվել է ավելի քան 100 տարի առաջ, եւ դրա հեղինակն է հայ փիլիսոփա, ընկերաբան եւ թարգմանիչ Վարազդատ Տերոյանը:
Ֆրանսիայում եւ Գերմանիայում փայլուն կրթություն ստացած մտավորականը մի շարք ուշագրավ աշխատությունների հեղինակ է: 1930-ականներին նա ստալինյան բռնաճնշումների զոհը դարձավ: Հոդվածը, որից արված է մեջբերումը, գրվել է 1917 թվականին, երբ պարզ էր, որ, համենայնդեպս, հայ իրականության մեջ թե՛ սոցիալիստական, թե՛ ազգայնական կուսակցությունները ի վիճակի չեղան եթե ոչ կանխել ցեղասպանության աղետը, ապա գոնե մեղմացնել դրա հետեւանքները:
«Շատ հեշտ է կատարվում կերպարանափոխությունը, շատ հեշտ են անցնում կուսակցությունները սոցիալիստականից ազգայնականին եւ ազգայնականից սոցիալիստականին», – գրում է հեղինակը: Ինչո՞ւ է նման բան տեղի ունենում: Շատ պարզ. որովհետեւ սոցիալիզմը, լիբերալիզմը, ազգայնականությունը եւ մնացած «իզմերը» սովորաբար կուսակցականներին չեն հետաքրքրում: Կուսակցությունները, որպես կանոն, հիմնված են կա՛մ վերը հիշատակված կռապաշտության, առաջնորդի հանդեպ կույր հիացմունքի, կա՛մ/եւ պարզապես «դրամարկղ» են, որոնցից կուսակցականներն աշխատավարձ են ստանում: «Դրամարկղ», իհարկե, լայն իմաստով՝ դրա մեջ են մտնում նաեւ զանազան բիզնես-սխեմաները, հատկապես, եթե խոսքն իշխող կուսակցության մասին է: «Դրամարկղը» եւ կռապաշտությունն իրականում իրար չեն հակասում՝ շատ հաճախ մարդիկ պաշտում են կամ ձեւ են անում, որ պաշտում են այն մարդուն, որն իրենց կերակրում է:
Կարդացեք նաև
Այժմ Հայաստանում գրանցված է ավելի քան 100 կուսակցություն: Խնդիրն այն չէ, որ դրանք շատ են, այլ այն, որ դրանք ստեղծվել են մեկ մարդու շուրջ եւ ամբողջությամբ պայմանավորված էին տվյալ մարդու ցանկություններով եւ ջանքերով: Ընդ որում, երբեմն եղել է, որ նման կուսակցությունները խորհրդարանի մաս են կազմել: Բայց որտե՞ղ են հիմա, օրինակ, «Ազգային միաբանությունը» կամ «Օրինաց երկիրը»:
Իհարկե, լինում են բացառություններ: Ես կարող եմ պատկերացնել Դաշնակցությունն առանց Հրանտ Մարգարյանի կամ ՀՀԿ-ն առանց Սերժ Սարգսյանի: Անգամ ՀԱԿ-ը՝ առանց Տեր-Պետրոսյանի, չնայած այս դեպքում առաջնորդի հանդեպ «կրոնական» երկրպագության տարրն առկա է: Բայց ի՞նչ կդառնա ՔՊ-ն առանց Փաշինյանի: Իշխանափոխությունից հետո ՔՊ-ականների մի մասը, որը կարողացել է «իրեն դզել», կմեկնի Հայաստանից, իսկ մնացածը կսկսեն համոզել, որ իրենք «նիկոլական չէին» (նույնիսկ հիմա են այդ «մոտիվները» լսելի): Եթե «գաղափարախոսությունը» հարստանալն է եւ օրը երեք անգամ քյաբաբ ուտելը, ապա «ժողովուրդը» քյաբաբի տեղը գիտի նաեւ առանց ՔՊ-ի: Երբ չկա Փաշինյանը՝ այն «սուպերհերոսը», որն «ազատագրեց ժողովրդին թալանչի նախկիններից եւ ռուսական լծից», ՔՊ-ն որպես այդպիսին պետք չի լինելու:
«Կուսակցական եւ անձնական եսերի նույնություն եւ կատարյալ համերաշխություն կա նրանց մոտ միայն, որոնք արհեստով կուսակցական են: Կուսակցության մեջ եղած անունների մեծ մասը սրանցից է կազմվում», – գրում է Վ.Տերոյանը: «Արհեստով կուսակցականները», բնականաբար, միայն նրանք չեն, ովքեր կուսակցական տոմս ունեն: Լայն իմաստով, կուսակցականությունը ենթադրում է որոշակի «քառակուսիություն», երբ մարդիկ կարծում են, թե իրենք արտահայտում են «սաղ ժողովրդի» շահերը:
Ես, օրինակ, գիտեմ, վստահ եմ, որ իմ եւ «սաղ ժողովրդի» մտածելակերպը տարբեր է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
25.02.2025