Ադրբեջանը բռնել է պաշտոնական Երեւանին պահանջների շարան ներկայացնելու քրոնիկ գիծ` անկախ այն հանգամանքից, թե Հայաստանի իշխանություններն այդ պահանջներից քանիսն են պատրաստ բավարարել, քանիսն`առայժմ ոչ:
Օրեր առաջ Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Զիյաֆեթ Ասկերովը հայտարարել էր, թե` «այս պահի դրությամբ խաղաղության համաձայնագրի 17 կետերից 15-ն է համաձայնեցված, չհամաձայնեցված երկու կետերից մեկը վերաբերում է Զանգեզուրի միջանցքի բացմանը, երկրորդ կետը տարածքային պահանջներն են, որոնք ամրագրված են Հայաստանի Սահմանադրությամբ»:
Նման կետեր խաղաղության պայմանագրում չեն քննարկվում, «Ազատությանը» փոխանցել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն՝ արձագանքելով Ադրբեջանի Մեջլիսի փոխնախագահի վերոնշյալ պնդմանը: «Նշվածը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Ինչպես հրապարակայնորեն նշել է վարչապետ Փաշինյանը` 2 դեռեւս չհամաձայնեցված կետերը վերաբերում են մեկը սահմանին երրորդ ուժերի տեղակայման թեմային, մյուսը` միմյանց դեմ միջազգային իրավական կառույցներում ներկայացրած բողոքների թեմային: Սա հաստատել է նաեւ պաշտոնական Բաքուն», նշել է Ռուբեն Ռուբինյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում Ատլանտյան խորհրդում էր անդրադարձել այդ երկու կետերին, նշելով. «Կետերից մեկը վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի երկայնքով երրորդ կողմի ուժերի տեղակայմանը։ Ադրբեջանն առաջարկում է արգելք դնել սահմանի երկայնքով երրորդ կողմի ուժերի տեղակայման վրա՝ նկատի ունենալով Եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելությունը։ Մենք Ադրբեջանի այս ցանկությունն ի գիտություն ենք ընդունում եւ հանդես ենք եկել մեր սեփական առաջարկով, ինչը ենթադրում է կիրառել այդ կետը միայն սահմանի սահմանազատված հատվածներում։ Այսինքն, եթե մենք սահմանազատել ենք տվյալ հատվածը, դա նշանակում է, որ այդտեղ չպետք է ներկա լինի երրորդ կողմի ուժ։ Այսպիսով, մենք մեր առաջարկը ներկայացրել ենք գրավոր կերպով եւ սպասում ենք Ադրբեջանի արձագանքին։ Մյուս կետը վերաբերում է մեկը մյուսի դեմ իրավական կառույցներում ներկայացրած բողոքներին։ Գաղափարն այն է, որ բոլոր այդ բողոքները չեղարկվեն։ Ընդհանուր առմամբ, մենք այս գաղափարին եւս դեմ չենք, բայց մեր առաջարկը կայանում է ոչ միայն այդ բողոքները չեղարկելու մեջ, այլ նաեւ երկկողմ հարաբերություններում այդ հարցերը եւս չբարձրացնելու մեջ։ Հակառակ դեպքում տարօրինակ իրավիճակ կարող է ստեղծվել, երբ օրինակ` ինչ-որ հարց չեղարկվում է միջազգային կառույցի դատից, բայց կողմերից մեկը փորձում է այդ հարցը սեղանին դնել երկկողմ հարաբերություններում եւ կողմերից մեկը կարող է այդ հարցն օգտագործել սրումներ հրահրելու համար։ Այդ դեպքում արդեն հնարավոր չի լինի այդ հայցը փոխանցել միջազգային կառույցներին։ Մենք այդ գաղափարին էլ դեմ չենք։ Մենք առաջարկում ենք վերջ դնել կոնֆլիկտային հարցերի շուրջ հետագա քննարկումներին եւ բացել երկկողմ հարաբերությունների նոր դարաշրջան՝ սկսելով նոր ու մաքուր էջից»։
Կարդացեք նաև
Նկատենք, որ տարեվերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն էր ասել, թե Երեւանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի տեքստում դեռեւս չեն համաձայնեցրել միմյանց նկատմամբ միջազգային հայցերից ձեռնպահ մնալու եւ սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու մասին կետերը։
Իսկ անցած տարվա ամռանը Ադրբեջանի գլխավոր բանակցողներից մեկը՝ հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ Երեւանն ու Բաքուն պայմանավորվել են հաղորդակցության ուղիների հարցը լուծել խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո միայն։
Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահը նաեւ հայտարարել է, թե Բաքուն «ցանկանում է պայմանագիր կնքել հայկական պետության հետ, ոչ թե վարչապետի»։ Նա հիշեցրել էր, որ Ադրբեջանը բարձրացրել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցը՝ պնդելով, թե «Մինսկի խումբը շահագրգռված է երկարաձգելու հակամարտությունը»։ Ամիսներ առաջ Հայաստանի վարչապետն ուղիղ ասում էր, որ այդ խումբը կարող է լուծարվել միայն խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ Սակայն այս տարվա հունվարի սկզբին Փաշինյանը Բաքվին առաջարկեց լուծարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային մանդատով օժտված միակ մարմինը՝ չհստակեցնելով՝ հնարավո՞ր է լուծարմանը համաձայնեն մինչ պայմանագրի ստորագրումը:
Ինչ վերաբերում է Հայաստանի սահմանադրությանը, որտեղ Ադրբեջանն իր նկատմամբ տարածքային պահանջ է տեսնում, ապա պաշտոնական Բաքուն այն համարում է խաղաղության կնքման գլխավոր խոչընդոտներից մեկը:
Անցյալ շաբաթ Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ըստ էության, չբացառեց, որ նոր Սահմանադրության նախաբանից կարող է հանվել Անկախության հռչակագրի հղումը, որտեղ Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միավորման մասին հիշատակում կա: Սա այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը սահմանազատման կանոնակարգի հարցը քննելիս արձանագրել է՝ մայր օրենքի նախաբանն անփոփոխելի է: «Այս հարցի շուրջ դեռեւս վերջնական որոշում չունենք: Բայց կլինի, թե չի լինի այն արտահայտությունը, որ այսօր կա տեքստում, մեր իրական կյանքում որեւէ բան չի փոխել», -ասել էր նա:
Սեպտեմբերին հարցին անդրադարձավ Հայաստանի Սահմանադրական դատարանը՝ արձանագրելով, որ 1990-ին ընդունված հռչակագիրն իրավական նշանակություն չունի: Իշխանությունն էլ փորձեց Բաքվի մտահոգությունները փարատել՝ հղում անելով հենց այդ որոշմանը եւ պնդելով, թե բարձր դատարանը հարցը փակել է: Ադրբեջանին, սակայն, ո՛չ Նիկոլ Փաշինյանի խոսքը, ո՛չ էլ ՍԴ-ի որոշումը չհամոզեցին: Բաքուն Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը համարում է խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր նախապայման:
Ու հիմա ստացվում է, Նիկոլ Փաշինյանը նոր փաթեթավորմամբ որոշեց բավարարել Ադրբեջանի պահանջը, փոխել Սահմանադրությունը: Սրբուհի Գալյանը հայտնել է՝ նոր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի մինչ 2026թ. ընտրությունները եւ ամենայն հավանականությամբ հանրաքվեի կդրվի ընտրություններից հետո:
Ալիեւը տարեվերջին այլ պահանջներ էլ էր ներկայացրել պաշտոնական Երեւանին` համաձայնել ղարաբաղյան հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը. «Հարցը հետեւյալն է՝ եթե Հայաստանը Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս, իսկ Մինսկի խումբը ղարաբաղյան հարցի լուծման համար էր ստեղծվել, ինչի՞ համար է այն պետք, այսինքն՝ այն, որ Հայաստանը մեզ հետ չի դիմում ԵԱՀԿ-ին Մինսկի խումբը լուծարելու համար, խոսում է այն մասին, որ ռեւանշիստների ծրագրերը բավականաչափ լուրջ են», նշել էր նա։
Չբավարարվելով՝ Ալիեւը զուգահեռաբար մյուս հին պահանջներն էր վերակենդանացրել՝ անհամատեղելի համարելով Հայաստանի ռազմական գնումներն ու խաղաղության պայմանագիրը։ «Հայաստանը չի կարող դիմանալ մեզ հետ սպառազինության մրցավազքին։ Չնայած Մակրոնի ու Միացյալ Նահանգների Պետդեպի օգնությանը, Ադրբեջանի դեմ սադրանք նախապատրաստելու դեպքում ոչ ոք Հայաստանին չի օգնի։ Ինչպե՞ս նրանց օգնեց Մակրոնը 2020 թվին կամ 2023-ին», – ասել էր նա։
Հայաստանի զենքի գնումները քննադատելուն զուգահեռ Ադրբեջանի նախագահը չէր թաքցրել՝ երբ Ռուսաստանի ռազմական արդյունաբերությունը պատրաստ լինի, Ադրբեջանը ծրագրում է Մոսկվայից կրկին զենք գնել։ Չնայած ո՛չ Երեւանը, ո՛չ Վաշինգտոնը երբեւէ զենքի առեւտրի մասին չեն խոսել, բայց Ալիեւը ԱՄՆ-ի իշխանությանը Հայաստանին զինելու կոնկրետ մեղադրանքներ էր ներկայացրել. «Հայաստանի տարածքի խորությունը հաշվի առնելով դժվար չէ հետեւելը. զենքի մատակարարման հարցում առաջատարը Ֆրանսիան է, երկրորդ տեղում Հնդկաստանն է, երրորդում՝ ԱՄՆ-ը…»։
Ահա, վերջերս Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Մյունխենում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ հանդիպմանը խոսել է հայ – ադրբեջանական բանակցային գործընթացից եւ դարձյալ հայտարարել է, թե Հայաստանի Սահմանադրությունը խոչընդոտում է երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը։ «Հայաստանի Սահմանադրությամբ եւ այլ օրենսդրական ակտերով մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջների պահպանումը խոչընդոտ է հանդիսանում», – ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում:
Ավելի ուշ Մյունխենում հանդիպել էին Բայրամովը եւ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը: Բայրամովը թուրք պաշտոնակցին տեղեկացրել էր տարածաշրջանային ընթացիկ իրավիճակի, ադրբեջանա-հայկական խաղաղ գործընթացի ներկա վիճակի մասին: Նրանք նաեւ քննարկել էին դաշնակցային գործընկերության մի շարք ուղղությունները:
Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ վերջնական խաղաղությունը օգուտ կբերի ոչ միայն տարածաշրջանին, այլեւ ողջ աշխարհին, անցյալ շաբաթ հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Բիրոլ Աքգյունը: Նա հավելել է, թե «Անկարան կշարունակի ամրապնդել բարեկամական եւ եղբայրական կապերը Բաքվի հետ», եւ որ թուրք-ադրբեջանական համագործակցությունը «ռազմավարական բնույթ է կրում»։
Պաշտոնական Երեւանն, այսպիսով, չի ստացել խաղաղության պայմանագրի շուրջ անցած տարվա նոյեմբերին Բաքվին փոխանցած առաջարկների պատասխանը: Հայ-ադրբեջանական բանակցություններ երկրների ղեկավարների, արտգործնախարարների մակարդակով տեղի չեն ունենում, ավելին, պաշտոնական Բաքուն բռնել է պաշտոնական Երեւանին պահանջների շարան ներկայացնելու քրոնիկ գիծ` անկախ այն հանգամանքից, թե Հայաստանի իշխանություններն այդ պահանջներից քանիսն են պատրաստ բավարարել, քանիսն` առայժմ ոչ:
Ամփոփումը` վաղվա համարում:
ԷմմաԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 25.02.2025