2023 թվականի դեկտեմբերի 30-ին, ժամը 4.50 րոպեին, Արմավիրի մարզի Վաղարշապատ-Մեծամոր Մ-5 հետադարձի հատվածում Արշալույս գյուղ չհասած տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար MERSEDES-BENZ մակնիշի C220 34 ZT 623 (վարորդ՝ Ալիկ Ազրյան) եւ SKODA SUPERBAMBITION 2 OT մակնիշի 438 CV 61 (վարորդ՝ Սեւակ Ավետիսյան) համարանիշների ավտոմեքենաների մասնակցությամբ:
«Սիլ ինշուրանս» ապահովագրական Փակ բաժնետիրական ընկերությունը 2024 թվականի հունիսի 19-ին ծանուցում է ուղարկել «Մերսեդեսի» վարորդին (ընկերության իրավաբանական բաժնի պետ՝ Հասմիկ Ռաֆաելյան), հայտնելով, որ ՆԳՆ ոստիկանության ՏՎ ԱՏԲ-ին պատկանող ավտոմեքենային պատճառվել է վնաս, եւ որ ոստիկանության պահանջի իրավունքն ամբողջությամբ անցել է նշյալ ապահովագրական ընկերությանը:
Ընկերությունը երկու անգամ փոստով ուղարկել է հունիսի 19-ի ծանուցոմ-նամակը, որի վրա փոստի կնիքն է` թվագրված հունիսի 29-ով:
Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի բնակիչ Ալիկ Ազրյանը, ով այդ պահին վարել է հոր մեքենան, դիմել է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությանը, համաձայն չլինելով այն մեղադրանքի հետ, թե իբր պարեկի մեքենան մինչեւ նրան բախվելը, ազդանշան էր տվել, իսկ ինքը չի կանգնեցրել իր վարած մեքենան: Հղում է կատարվում օրենքի «Ճանապարհային երթեւեկության մասնակիցների հիմնական իրավունքներն ու պարտականությունները» հոդված 23-ի 3-րդ կետին՝ «Ճանապարհային երթեւեկության մաuնակիցը պարտավոր է պահպանել Հայաuտանի Հանրապետության կառավարության հաuտատած ճանապարհային երթեւեկության կանոնները, ինչպես նաեւ ոստիկանության ծառայողների ու երթեւեկության կարգավորման համար լիազորված այլ անձանց օրինական պահանջներն ու իր գործողություններով չuտեղծել վթարային իրադրություն», որն առերեւույթ խախտել էր տուժողը:
Կարդացեք նաև
Ա. Ազրյանն «Առավոտին» եկեկ ասաց, թե ազդանշան տալն ու բախվելն իր մեքենային այնքան արագ է եղել, որ ինքը չի հասցրել բարձր արագությամբ սլացած պարեկի մեքենայի բախումը կանխել, նա նշում է, որ նրա մեքենայի արագությունը 180 կմ/ժ էր:
Ըստ փորձագետ Արմեն Ալեքսանյանի վերլուծության, «Առաջադրված պայմաններում անդրադառալով պատահարի մասնակից տուժող ճանաչված MERSEDES-BENZ մակնիշի C220 34 ZT 623 պ/հ ավտոքենայի վարորդի գործողությունների տեխնիկական վերլուծությանը, նշենք, որ նա իրականացրել է իր վարած ավտոմեքենայի ընթացքի ոչ պատշաճ ու վտանգավոր կառավարում, այն է, առաջին երթեւեկելի գոտուց կատարել է դեպի ձախ վերադասավորում, որի արդյունքով ընդհարվել է համընթաց երկրորդ երթեւեկելի գոտուց ուղիղ ընթացող SKODA SUPERBAMBITION 2 OT մակնիշի 438 CV 61 համարանիշի ավտոմեքենային»:
Նույն այս փորձագետը պարեկի գործողություների հետ կապված էլ նշել է հետեւյալը. «SKODA SUPERBAMBITION 2 OT մակնիշի 438 CV 61 պետհամարանիշի վարորդն իր երթեւկության համար վտանգն առաջանալու պահից սկսած պետք է ժամանակին կատարված արգելակումով իր վարած ավտոմեքենայի ընթացքը դանդաղեցնելու կամ էլ այն լրիվ կանգնեցնելու միջոցով հնարավորություն տար «Մերսեդեսի» վարորդին դուրս գալու վտանգավոր գոտուց»:
Պարեկի կողմից, սակայն, ընդհարումը կանխելու տեխնիկական հնարավորություններ չի դիտվել:
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Ա.Խուդինյանի պաշտոնական պատասխանի համաձայն, որն ուղարկվել է «Մերսեդեսի» վարորդին, Ոստիկանության պարեկային ծառայության մոնիթորինգի եւ քրեաբանական վերլուծության վարչության մոնիթորինգի բաժնում նրա դիմումը քննության է առնվել: Վարորդին է ուղարկվել «Ձեր մասնակցությամբ տեղի ունեցած նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարին վերաբերելի տեսաձայնագրությունը», առաջնորդվելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին», ՀՀ ոստիկանության մասին ՀՀ օրենքներով:
Տուժողի մեքենան չի վերադարձվել, այն ամբողջությամբ վնասվել է, ապահովագարկան ընկերությունը հատուցել է միայն պարեկի մեքենայի ծախսերը, լրացուցիչ տուժողից չորս հարյուր հազար դրամ գումար պահանջելով:
ՃՏՊ արձանագրության համաձայն, պարզ ցերեկային եղանակ էր այդ օրը, ասֆալտապատ ճանապարհի վիճակն էլ` չոր:
Ազգությամբ եզդի Ա. Ազրյանը գործազուրկ է, այդ մասին հաստատվում է Վաղարշապատի սոցիալական ծառայության կողմից տրված տեղեկանքով, նրա շահերը ներկայացնում է ՀՀ փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանը: Ըստ նրա, ինքը կրկնակի տուժող է, թղթի վրա, եւ նաեւ նրանով, որ իրեն մինչ օրս որեւէ հատուցում չի եղել, ավելին, մինչ օրս սպասում է վերջնական որոշմանը, ինչը չկա:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
25.02.2025