Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաժարվել պետության ազգային բովանդակությունից և դարձնել այն մի տարածք, ուր հայ մարդը կունենա միայն ուտելու և բազմանալու իրավունք. «Դրօշակ»

Փետրվար 26,2025 09:30

2025 թ. հունվարի 24-ին շվեյցարահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասում է. «Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք, լավ՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, և ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել, ոնց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ոնց է որ 1950-ին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է: Սա մենք պե՞տք է հասկանանք, թե՞ չպետք է հասկանանք»։ Խոսքի մյուս հատվածների հետ կապելով ակնհայտ է դառնում Փաշինյանի ակնարկը՝ օտարն է այս հարցը մեզ պարտադրել իր քաղաքական հաշվարկներից ելնելով։ Որ Նիկոլ Փաշինյանը մեծ մանիպուլյատոր է, ոչ մեկի համար այլևս գաղտնիք չէ, բայց շարունակում է հայ հասարակության զարմանքը հարուցել այն, թե այս մարդը որքան է սրբապիղծ և ինչպես կարող է խաղ անել ազգի ամենանվիրական զգացումների ու արժեքների հետ։ Իհարկե, այս անարգանքին հետևեց Սփյուռքի ու Հայաստանի լայն արձագանքը և կարճ ժամանակ անց խոսքերի հեղինակը փորձեց արդարանալ, որ բոլորովին այն չէր նկատի ունեցել, ինչ որ մարդիկ հասկացել էին։

Փաշինյանի պարզունակ և ցնորամիտ թվացող մտքերը իրականում խորքային իմաստ ունեն, և տարբեր ժամանակներում ասվածը տրամաբանական մեկ շղթայի մեջ դիտարկելով՝ ակնհայտ է դառնում դրանց քաղաքական գաղափարական նպատակադրվածությունը։ Կոնկրետ պարագայում Փաշինյանի ակնարկն ուղղված է Ռուսաստանի կողմը, որն, ըստ իրեն, Ցեղասպանության օրակարգը «փաթաթել է հայ ժողովրդի վզին»՝ Թուրքիայի նկատմամբ որդեգրած քաղաքականությունից ելնելով։ Պետք է խոստովանենք, որ մոլի հակառուս Նիկոլին հաջողվեց անցնող տարիների ընթացքում հայ ժողովրդի մի զգալի հատվածի դարձնելու հակառուս՝ Ռուսաստանին մեղադրելով մեր բոլոր դժբախտությունների՝ այդ թվում և հենց Նիկոլի ձախողումների ու դավաճանությունների համար։

2024 թվականի մարտի 12-ի ասուլիսում նա ասում է, թե Ղարաբաղի հարց վաղուց չի եղել, այն լուծված է եղել 2013, 2016 թվականներին, Ղարաբաղն առիթ է եղել, որպեսզի լուծեն Հայաստանի հարցը, և ով այդ հարցում շահագրգռված է եղել, նա շահագրգռված է եղել նաև, որպեսզի պատերազմ լինի, Արցախի ժողովուրդն արտագաղթի Հայաստան, որովհետև այստեղ իրենց ռեսուրսները բավարար չէին հեղաշրջում անելու համար։ Հետևաբար, արցախցիներն այստեղ անհրաժեշտ են եղել, որպես հավելյալ ռեսուրս Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպատակով։ Ահա այսպես, թե չէ ի՜նչ Արցախ, ի՜նչ արցախահայության ճակատագիր, Նիկոլն ուզում էր ի վերջո անկախացնել Հայաստանը, իսկ Ռուսաստանը ձգտում էր նոր հեղաշրջմամբ վերջնականապես մեր երկիրն իրեն ենթարկել: Մենք խոսքն ուղղակի չենք մեջ բերել, սակայն իմաստը ստույգ է, և հետաքրքրվողը կարող է թարմացնել հիշողությունը՝ դիտելով տեսանյութը։ Իհարկե, կրկին մեղավորը ռուսներն են, իսկ պատերազմ հայտարարողի, ցեղասպանական գործողություններին մասնակից և աջակից Թուրքիայի, Իսրայելի Պակիստանի մասին ոչ մի խոսք, և ոչ միայն այս անգամ, այլև առհասարակ։

Նույն քաղաքական նպատակին է ծառայում նաև վերջին շրջանում Փաշինյանի հրամցրած այն միտքը, թե 44-օրյա պարտության միջով անցնելով՝ մենք ձեռք ենք բերել անկախ ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն։ Ոչ ոք թող չմտածի, թե այս աշխարհացունց մտքերն այժմ են հայտնվել Հայաստանի ղեկավարի գլխում։ Նա դրանցով ներարկված է եղել իշխանության գալուց շատ ավելի վաղ, պայքարել է դրանց համար հրապարակներում ու խորհրդարանում և դրանք կյանքի կոչելու հնարավորություն է ստացել իշխանության գալով։

Հիշենք նաև խորհրդարանում հնչեցրած այն միտքը, թե՝ պետք է 2018-ին ասեի, որ ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի կազմում, իմ ձախողումն է, որ չեմ ասել։ Նիկոլ Փաշինյանի գլխում ամրացած տարիների համոզումն է եղել, թե Արցախն ընդամենը խայծ է, որով ռուսները մեզ պահում են իրենցից կպած, և եթե ազատվենք դրանից, ազատորեն կարող ենք պոկվել նրանցից և 180 աստիճան փոխել պետության կողմնորոշումը։

Այլ առիթներով Փաշինյանը քննադատում է 200 տարվա այդ կողմնորոշումը՝ համարելով այն սխալ, կարծես եթե դրա փոխարեն հավատարմություն հայտնեինք թուրքերին, ոչ ցեղասպանություն կլիներ, և ոչ էլ այսպիսի պատմական ճակատագիր։ Իսկ մտածե՞լ է Փաշինյանը, թե ինչու արևմտահայության հետ պատահեց այն, ինչ որ պատահեց, երբ հայության այդ հատվածը հավատարմորեն ծառայում էր իր պետությանը, ծաղկեցնում էր այն տնտեսապես, ֆինանսապես, մշակույթով և այլ կերպ։ Ինչու ցեղասպանություն կազմակերպվեց այն ժամանակ, երբ, ըստ էության, ողջ մարտունակ տղամարդ բնակչությանը, Առաջին աշխարհամարտի ժամանակ արևմտահայությունն ուղարկեց թուրքական ճակատ։ Փաշինյանական տրամաբանությունը հակառակ գաղափարախոսությամբ է մշակված, և շատ հստակորեն ծրագրավորված է Հայաստանը Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների դաշտից դուրս բերելու և մտցնելու ադրբեջանաթուրքական ազդեցության շրջագիծ։ Հենց դրան էլ հարմարեցնում է Հայաստանի ղեկավարը երկրի ոչ միայն քաղաքականությունը, այլև պատմությունը, պատմական հիշողությունը, արժեքային համակարգը։ Գաղափարական խնդիրն այստեղ դառնում է ամենակարևորը, որովհետև, եթե ամերիկացի Բոլթոնի ակնարկած պատմաքաղաքական մտակաղապարի փոփոխությունը չլինի, անհնար է հայ ժողովրդին արևմտյան փարոսով տանելը դեպի թուրքական հպատակություն։ Այս նպատակին է ծառայում Նիկոլի մոգոնած (կամ որդեգրած) իրական Հայաստանի, այսպես կոչված, գաղափարախոսությունը։ Եվ առանց նպատակը ծամծմելու «հայկական ժողովրդավարության հայրը, բացահայտ ու հանգիստ արտաբերում, է թե. «Մեր պետական-հանրային կյանքի բոլոր ոլորտներում այս գաղափարախոսությունը պետք է որդեգրվի»։ Այլ խոսքով, նպատակն է բոլշևիկներից հետո Հայաստանը դարձնել երկրորդ կուսակցապետությունը՝ պարտոկրատիան, հաստատելով իշխող ուժի գաղափարական մենաշնորհը։

Հայրենիք-պետության տվյալ մեկնաբանությունն այլ բան չի նշանակում, քան ներկայիս Հայաստանից զատել նրա պատմությունն ու պատմական հարցերը, զատել Սփյուռքն ու այն ամենը, ինչը չի տեղավորվում ՀՀ ներկայիս սահմանների մեջ, հրաժարվել պետության ազգային բովանդակությունից և դարձնել այն մի տարածք, ուր հայ մարդը կունենա միայն ուտելու և բազմանալու իրավունք։ Սույն գաղափարախոսության հիմքում էլ «որտեղ հաց՝ այնտեղ կաց» սկզբունքն է, որի դրական իմաստը, փաստորեն, ոչ ոք չէր հասկացել մինչև Նիկոլ Փաշինյան։

 

Հոդվածն ամբողջությամբ՝ ՀՅԴ «Դրօշակ» պաշտոնաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728