Հայաստանի «դենացիֆիկացիայի» Ալիեւի պահանջներին համահունչ` Փաշինյանը մտադիր է գրել եւ ընդունել տալ նոր Սահմանադրություն, որտեղ չի հիշատակվի Անկախության հռչակագիրը, որն, իր հերթին, անդրադառնում է Արցախին եւ Ցեղասպանությանը: Ալիեւը պնդում է, թե այդպիսով երաշխիք կստանա, որ ապագայում նույնպես Հայաստանի որեւէ իշխանություն չի բարձրացնի Արցախի խնդիրը: Նա, իհարկե, հասկանում է, որ Սահմանադրության որեւէ տեքստ նման երաշխիք չի տալիս: Եթե հաջորդ իշխանության մոտ առաջանա ռեւանշի ձգտում («ռեւանշ» բառի մեջ որեւէ բացասական իմաստ չեմ ներդնում), ապա դժվար թե Հիմնական օրենքի որեւէ ձեւակերպում կամ դրա բացակայությունը դրան խանգարի: Խոսքը, հետեւաբար, ոչ թե ընդհանրապես, այլ այս պահին մեզ կոտրելու, նվաստացնելու մասին է, եւ այդ հարցում Ալիեւի գլխավոր «ասիստենտը» Փաշինյանն է:
Բայց «ֆաշիստական» է ոչ միայն մեր Սահմանադրությունը, այդպիսիք են, ըստ Փաշինյան-Ալիեւ զույգի, նաեւ մեր պետական խորհրդանիշները, եւ «դենացիֆիկացիայի» գործընթացը պետք է շարունակվի նաեւ այդ ուղղությամբ: «Ամենանացիստական» խորհրդանիշն, իհարկե, Հայաստանի զինանշանն է, որի վրա պատկերված է Մասիս սարը: Էրդողանի, Ալիեւի եւ Փաշինյանի պատկերացմամբ, այն խորհրդանշում է մեր ձգտումը՝ այդ սարը Թուրքիայից խլելու: Իրականում խոսքը բիբլիական լեռան մասին է, եւ դա ոչ միայն պետական, այլեւ ազգային խորհրդանիշ է, որն ունի խորը մշակութային արմատներ: Հիշենք, օրինակ՝ «Սայլն այն իջաներ»: Որտեղի՞ց էր իջնում սայլը Նարեկացու Հարության տաղում…
Ազգային ինքնությունը նման է զսպանակի՝ որքան սեղմես, այնքան ուժեղ կբացվի` դա դեռեւս 19-րդ դարի վերջում նկատել էր գերմանացի ընկերաբան Գեորգ Զիմմելը: Բայց եթե շատ սեղմես, այն կարող է կոտրվել: Որոշ փաստեր հուշում են, որ մերը կոտրվել է:
Ի՞նչ եք կարծում՝ երբ Ալիեւի պարտադրած սահմանադրությունը դրվի հանրաքվեի, ինչպե՞ս է ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը կողմնորոշվելու: Կեսից ավելին, իհարկե, չի մասնակցելու: Իսկ մասնակցողների կեսից ավելին կողմ կլինի՝ «Բա հո հավերժ թշնամի չենք լինելու, 100 տարի լացեցինք, ի՞նչ խեր ունեցանք: Թողեք էս ժողովուրդը հանգիստ ապրի» հիմնավորումով: Դրանից ես եզրակացնում եմ, որ մենք կոտրված ենք:
Կարդացեք նաև
…Հա, մոռացա՝ պետական խորհրդանիշները փոխելը նախատեսված էր դեռեւս 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Բացի կոտրվելուց, կա նաև մեկ այլ բացատրություն. Իմ համոզմամբ՝ Հայաստանի բնակչությունը բացասական ընտրության (կամ սելեկցիայի) է ենթարկվել։ Տնտեսության վատ վիճակի, սոցիալական անհավասարության, աճող արտագաղթի, պատերազմների ու սահմանային բախումների, քաղաքական ուժերի դեմոնիզացիայի և նմանատիպ շատ այլ հանգամանքների պատճառով մենք ունենք ներկայիս իրավիճակը: