Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր Սահմանադրության դեմ քվեարկելը Փաշինյանից ազատվելու լավագույն միջոցն է

Փետրվար 25,2025 23:59

Հարութ Սասունյան

www.TheCaliforniaCourier.com

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ շաբաթ հայտարարեց, որ հրամայել է պատրաստել նոր Սահմանադրություն, որը հանրաքվեի միջոցով պետք է հաստատվի Հայաստանի քաղաքացիների կողմից:

Հուսով եմ, որ Հայաստանում ընտրողների մեծամասնությունը կմերժի նոր Սահմանադրությունը՝ դրանով իսկ ստիպելով նրան հրաժարական տալ։ Սա ոսկե հնարավորություն է նրանից ազատվելու համար։ Վերջին յոթ տարիների ընթացքում նրան պաշտոնից հեռացնելու նախկին բոլոր ջանքերը ձախողվել են, քանի որ.

1) Ընդդիմադիր խմբերի միջև պառակտումը խոչընդոտել է նրանց ձևավորել բավականաչափ մեծ համախմբում, որը կարող է հեռացնել Փաշինյանին պաշտոնից: Չնայած նրան, որ վերջին տարիներին նրա ժողովրդականությունը զգալիորեն նվազել է՝ յոթ տարի առաջվա 80 տոկոսից հասնելով ներկայիս 10 տոկոսից ցածր, այնուամենայնիվ, նրա իշխող կուսակցության քաղաքական վարկանիշն ավելի բարձր է, քան յուրաքանչյուր ընդդիմադիր խմբի: Բազմաթիվ արդարացումներ են բերվել չմիավորվելու համար, սակայն դրանցից ոչ մեկն ավելի կարևոր չէ, քան երկիրը փրկելու անհրաժեշտությունը։ Ցավոք, հենց պառակտված ընդդիմությունն է պահում է Փաշինյանի իշխանությունը։

2) Փաշինյանի դեմ հաջող համախմբում կազմելու համար ոչ մի խումբ չպետք է փորձի իշխել: Դաշինքի ղեկավարությունը պետք է հերթով փոփոխվի մինչև նոր ընտրությունների անցկացումը:

3) Ստվերային կառավարությունը պետք է բաղկացած լինի բոլոր ընդդիմադիր խմբերից՝ մասնագիտական փորձի հիման վրա:

4) Խմբերը պետք է ժամանակավորապես մի կողմ թողնեն իրենց բոլոր ներքին տարաձայնությունները և միավորվեն ազգը փրկելու համար: Եթե Հայաստանն այլևս գոյություն չունենա, այս խմբերի գաղափարախոսություններից ոչ մեկը նշանակություն չի ունենա։ Երկիրը փրկելուց հետո նրանք կարող են վերադառնալ իրենց ինքնուրույն նպատակներին:

Իմանալով Փաշինյանի եսասիրական գործելաոճը՝ նա կշրջի ամբողջ Հայաստանով՝ ապահովելու համար, որ քաղաքացիները քվեարկեն նոր Սահմանադրության օգտին։ Նա քարը քարի վրա չի թողնի իր նպատակին հասնելու համար՝ ճնշելով և սպառնալով նրանց: Նա իր տրամադրության տակ ունի իշխանության լծակներ՝ իրականացնելու համար նման հսկայածավալ քարոզարշավ և դիմելու ընտրակեղծիքների կամ նախընտրական, օրինական սահմանը գերազանցող մեծ գումարներ հավաքելու, ինչպես իր կուսակցությունն արեց Երևանի ավագանու վերջին ընտրությունների ժամանակ: Սա Փաշինյանի համար գերագույն նպատակ է, քանի որ նախագահ Ալիևը հասկացրել է, որ առանց Հայաստանի նոր Սահմանադրության՝ ինքը կհրաժարվի ստորագրել «Խաղաղության պայմանագիրը», որի մասին աղերսում է Փաշինյանը։ Փաշինյանին պետք է այդ ստորագրված թղթի կտորը, որպեսզի 2026 թվականի ընտրություններում մոլորեցնի  ընտրողներին, որպեսզի նրանք կարծեն, թե ինքն է «խաղաղություն» բերել, թեև դա երկար չի տևի։

Սկզբում, Փաշինյանը մերժեց Սահմանադրության փոփոխության վերաբերյալ Ալիևի պահանջը՝ որպես միջամտություն Հայաստանի ներքին գործերին: Նաև, Փաշինյանն ասաց, որ նման անհրաժեշտություն չկա, քանի որ խաղաղության պայմանագրի նախագիծը պարունակում է դրույթ, որով երկու երկրները համաձայն են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը: Վեճի դեպքում խաղաղության պայմանագրի պայմանները գերակա են իրենց համապատասխան սահմանադրությունների նկատմամբ: Փաշինյանը հավելել է, որ Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է անուղղակի հղումներ՝ Հայաստանի Հանրապետությունից տարածքներ պահանջելու վերաբերյալ։ Այնուամենայնիվ, Փաշինյանը ասաց, որ չի խնդրի Ադրբեջանին վերանայել իր Սահմանադրությունը…

Բացի Հայաստանի Սահմանադրությունը փոխելուց, Փաշինյանը ընդունել է Ալիևի հետևյալ պահանջները.

– Հայաստանն Ադրբեջանին է հանձնելու Հայաստանի տարածքում գտնվող որոշ գյուղեր։

– Թույլատրելու են ադրբեջանցիներին, որոնք նախկինում ապրել են Հայաստանի ներսում գտնվող անկլավներում,  վերադառնալ և ապրել այնտեղ։

– Լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։

– Եվրամիության դիտորդների հեռացում Հայաստանից։

– Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ իր միջազգային հայցերի դադարեցում։

– Ադրբեջանի արևելյան հատվածից Նախիջևան տանող ճանապարհը պետք է լինի միջանցք Ադրբեջանի ինքնիշխանության ներքո, քան զուտ ճանապարհ: Միջանցքի դեմ առարկելիս Փաշինյանը համաձայնել է հեշտացնել մուտքը։

– Չնայած 2020 թվականի համաձայնագիրը թույլ է տալիս, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը անցնեն միմյանց տարածքներով, Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ ադրբեջանցիները կարող են ազատ կերպով հատել Հայաստանի տարածքը՝ առանց մեկ անգամ հայտարարելու, որ համաձայնագիրը պետք է իրականացվի փոխադարձաբար:

Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անցյալ շաբաթ ասաց, որ նոր Սահմանադրությունը պատրաստ կլինի մինչև 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները։ Դեռ պարզ չէ, արդյոք ընտրողներին կառաջարկվի՞ քվեարկել Սահմանադրության համար, խորհրդարանի անդամների համար քվեարկության հետ միաժամանակ, թե՞ այդ ընտրություններից հետո:

Պարբերաբար Սահմանադրությունը փոփոխելու մեջ ոչ մի վատ բան չկա, երբ որ անհրաժեշտություն է առաջանում, սակայն թշնամու պահանջով ստիպված լինել բոլորովին նորը գրել՝ բացարձակապես անընդունելի է։

Շատ կարևոր է, որ հայ ընտրողները մերժեն նոր Սահմանադրությունը: «Ոչ» քվեն՝ վարչապետի նկատմամբ անվստահության քվեարկություն է: Նա այլևս չի կարող շարունակել մնալ իր պաշտոնում այն բանից հետո, երբ ժողովուրդը մերժի իր առանցքային նախաձեռնությունը։ Նա այլընտրանք չի ունենա, քան հրաժարական տալ:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728